Ամերիկացի բժիշկները «համապիտանի» նանոպատվաստանյութ են ստեղծել գրիպի դեմ
Ամերիկացի մոլեկուլային կենսաբաններն ստեղծել են նանոպատվաստանյութ, որը պաշտպանում է գրիպի հազվագյուտ եւ տարածված մանրէահիմքերից, եւ դրա աշխատանքը հաջողությամբ ստուգել են մկների վրա։
«Մեր նոր պատվաստանյութը գործում է թե՛ T-բջիջների վրա, որոնք պատասխանատու են վարակի դեմ բջջային հակազդմանը, թե՛ B-բջիջների վրա, որոնք արտադրում են հակամարմիններ: Բացի դրանից, դրա աշխատանքի արդյունավետությունը բարելավվել է միկրոասեղների հավաքանիով ծեփասպեղանու օգտագործման հաշվին: Այս ամենը ճանապարհ է բացում գրիպի դեմ համապիտանի էժան պատվաստանյութի ստեղծման համար»,- պատմում է Բաո Չժուն Վան Ատլանտայի Ջորջիայի նահանգի համալսարանից (ԱՄՆ): Ամեն տարի գրիպի համաճարակը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլում:
Գրիպի դեմ պայքարը բարդանում է այն բանով, որ կա այդ վիրուսի երեք տարատեսակ՝ A, B եւ C, ինչի պատճառով բավականաչափ բարդ է կանխատեսել, թե վիրուսի որ տեսակն առավել մեծ տարածում կստանա հաջորդ տարի:
Պատվաստանյութի նոր տարբերակն, ինչպես ցույց են տվել մկների վրա կատարված փորձերը, բոլոր կրծողներին պաշտպանել է գրիպի միանգամից մի քանի մանրէահիմքերի մահացու դոզաներից, մանրէահիմքեր,որոնք պատկանում են ինչպես վիրուսի համաճարակային տարբերակներին, այնպես էլ ավելի հազվագյուտ տարատեսակների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: