Խոշոր հարկատուների ցանկը. ինչ փոփոխություններ կան երկրորդ եռամսյակում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։

Ըստ այդմ, հանրապետության 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսների պետբյուջե են վճարել 446.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 378.5 մլրդ դրամի դիմաց։

Խոշորների վճարած հարկերը, այսպիսով, աճել են 68.1 մլրդ դրամով կամ 18%-ով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նաև իր կողմից վերահսկվող եկամուտների վիճակագրությունը՝ 2018 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համար։ Ըստ ՊԵԿ տվյալների, այս տարվա հունվար-հունիսին հավաքագրվել են 602.1 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։

Ստացվում է, որ առաջին կիսամյակում ընդհանուր հարկային մուտքերի 74,2%-ն ապահովվել է 1000 խոշոր հարկատուների կողմից։

Նշենք նաև, որ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ աճել են 9.4%-ով։ Ստացվում է՝ խոշոր բիզնեսի վճարած հարկերի աճի տեմպը երկու անգամ գերազանցում է ընդհանուր հարկային մուտքերի աճին։ Սա կարող է մեկնաբանվել այնպես, որ խոշոր բիզնեսի հարկային բեռն ավելացել է։ Սակայն այս պնդումը միայն մասամբ է ճիշտ։ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի աճը մեծ մասամբ պայմանավորված է հանքարդյունաբերական ընկերությունների հարկերի աճով, որոնց առանձին կանդրադառնանք։

Մեկ այլ կարևոր հանգամանք։ Խոշոր հարկատուների վճարած հարկերի աճն ավելի մեծ է, երբ համեմատում ենք 2018 թվականի երկրորդ եռամսյակը 2017 թվականի երկրորդ եռամսյակի հետ։ Հարկատուների ցանկից պարզ թվաբանական գործողությամբ (հունվար-հունիսի հարկերից հանելով հունվար-մարտի հարկերը) կարելի է հաշվել, որ 2018 թվականի երկրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել մոտ 268 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2017 թվականի երկրորդ եռամսյակում 1000 խոշորները վճարել էին 203.5 մլրդ դրամ։

Այսինքն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 64.5 մլրդ դրամով կամ 32%-ով։ Երկրորդ եռամսյակը, հիշեցնենք, ապրիլ, մայիս և հունիս ամիսներն են՝ թավշյա հեղափոխության ժամանակահատվածը։ Սա նշանակում է, որ քաղաքական իրադարձությունները ոչ միայն բացասաբար չեն ազդել խոշորների հարկային մուտքերի վրա, այլ հակառակը՝ դրանք ավելացել են։

Այս տարվա խոշոր հարկատուների ցանկի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ընկերությունների վճարած հարկերը ներկայացվում են՝ ըստ առանձին հարկատեսակների (նախկինում խմբավորված էին՝ անուղղակի և ուղղակի հարկեր)։

1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ 40%-ը (177.2 մլրդ դրամ), ավելացված արժեքի հարկն է։ Ակցիզային հարկերը 34.7 մլրդ դրամ են։

Առաջին կիսամյակում խոշոր հարկատուների վճարած հարկերից 20.7%-ը (92.4 մլրդ դրամ) շահութահարկն է, 16.9%-ը (75.6 մլրդ դրամ)՝ եկամտային հարկը։

Հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները վճարել են 66.7 մլրդ դրամի այլ հարկեր և տուրքեր։

Ցանկի կարևոր նորություններից մեկն այն է, որ երբեմնի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, տևական ընդմիջումից հետո կրկին գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը։

Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում 24.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր է մուծել, որը 2.5 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում մուծվածը։

Խոշոր հարկատուների ցանկի՝ վերջին տարիների անփոփոխ առաջատարը՝ «Գազպրոմ Արմենիան», նահանջել է երկրորդ տեղը։ Ընկերությունը պետբյուջե է վճարել 20.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից 3.7 մլրդ դրամով պակաս։

Հանրապետության երրորդ խոշորագույն հարկատուն «Գրանդ Տոբակոն» է՝ 16.7 մլրդ դրամի հարկերով։

Առաջին հնգյակում են նաև «Գեոպրոմայնինգ Գոլդը», որը տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 8.9 մլրդ դրամ, և վառելիքի ներկրմամբ զբաղվող CPS-ը՝ 8.17 մլրդ դրամ։

Ծխախոտի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորիսը» խոշոր հարկատուների ցանկի 6-րդ տեղում է։ Ընկերությունը 3 մլրդ դրամով ավելացրել է հարկերը և պետբյուջե վճարել 8.15 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Չի բացառվում, որ հարկերի աճը մասամբ պայմանավորված լինի այս ընկերության կողմից առաջարկվող էլեկտրոնային սիգարետների վաճառքների աճով։

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը (Yerevan City սուպերմարկետների ցանց) այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 7.7 մլրդ դրամի հարկեր և տուրքեր (3.6 մլրդ դրամով քիչ, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում) և 5-րդ տեղից 2 հորիզոնականով ցած սահել։

Ծխախոտի ներկրմամբ զբաղվող JTI Armenia ընկերությունը ավելի քան 3 մլրդ դրամով ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը և 7.08 մլրդ դրամով հանգրվանել 8-րդ տեղում։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեպքում անկումն ամենամեծն է. այս ընկերությունը տարվա առաջին կիսամյակում 5.4 մլրդ դրամով քիչ հարկ է մուծել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։ ՀԷՑ-ը վճարել է 6.5 մլրդ դրամ և նահանջել 9-րդ տեղը։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրակափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 5.8 մլրդ դրամի հարկերով։

Տեսանյութեր

Լրահոս