Արտահերթ ընտրությունները Թուրքիայում

Ամփոփ կետեր

Նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին:

  • Ընտրությունների արդյունքներն ազդարարեցին կրոնական ազգայնամոլության հաղթանակը Թուրքիայում:
  • Ընտրությունների արդյունքները Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին ու նրա գլխավորած ԱԶԿ-ին որոշակի կախվածության մեջ են դնում Դևլեթ Բահչելիից ու նրա գլխավորած ԱՇԿ-ից:
  • Ընտրությունների արդյունքները ճգնաժամ առաջացրեցին հիմնական ընդդիմադիր ուժ ԺՀԿ-ում:
  • Ընտրությունների արդյունքներն Էրդողանին հնարավորություն են տալիս ազդարարելու բաղձալի «Նոր Թուրքիայի» մեկնարկի մասին:

Նախաբան

 2018թ. հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ: Դրանք չափազանց կարևոր էին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ընտրություններից հետո Թուրքիան պետք է անցում կատարեր կառավարման նախագահական համակարգի. Թուրքիայի նախագահը ստանալու էր աննախադեպ լայն լիազորություններ (վերացվում է վարչապետի պաշտոնը՝ երկգլուխ կառավարումը):

Ավելի վաղ մեր հոդվածներից մեկում նշել էինք, թե որոնք էին թուրքական իշխանությունների կողմից ընդամենը երկու ամիս առաջ արտահերթ ընտրություններ նշանակելու դրդապատճառները, ուստիև այստեղ չենք անդրադառնա դրանց։ Նշենք, որ արտահերթ ընտրություններն անցկացվեցին արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, որը Թուրքիայում ներդրվել է 2016թ. հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո:

Բացի այդ թուրքական իշխանությունները վերստին օգտագործեցին վարչական լծակները՝ ստեղծելով մրցակցային անհավասար պայմաններ: Օրինակ, Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK) տվյալներով՝ TRT հեռուստաալիքն ապրիլի 17-ից մայիսի 6-ը գեթ 1 վայրկյան չի տրամադրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ) և «Երջանկություն» կուսակցությանը (ԵԿ), իսկ «Լավ» կուսակցությանը (ԼԿ) տրամադրել է ընդամենը 9.5 րոպե (ուղիղ եթերով հեռարձակել է Մերսինում ԼԿ առաջնորդ Մերալ Աքշեների հանրահավաքը):

Ինչ վերաբերում է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ), ապա TRT-ի եթերում նրան հատկացվել է 3 ժամ 4 րոպե 28 վայրկյան, իսկ ԺՀԿ-ից Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեին՝ 27 րոպե և 20 վայրկյան: Միևնույն ժամանակահատվածում TRT-ի եթերում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) հատկացվել է 36 ժամ, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դ. Բահչելիին՝ 1 ժամ 40 րոպե 2 վայրկյան: Այդպիսով ընդդիմադիր կուսակցությունների (Millet – «Ազգ») դաշինքին և այն ներկայացնող Թուրքիայի նախագահի թեկնածուներին հատկացվել է ընդհանուր առմամբ 3 ժամ 13 րոպե 58 վայրկյան, մինչդեռ ԱԶԿ-ԱՇԿ (Cumhur – «Հանրապետական») դաշինքին հատկացվել է 12 անգամ ավելի շատ ժամանակ՝ 37 ժամ 40 րոպե 2 վայրկյան:

Դրա հետ կապված՝ թուրքական մամուլը գրեց, որ TRT-ը, թեպետ ֆինանսավորվում է 80 մլն մարդու (Թուրքիայի ողջ բնակչության) հարկերով, սակայն հեռարձակում է միայն մեկ մարդու՝ Էրդողանին[3]: Այս ամենին պետք է հավելել քվեարկության օրը հօգուտ իշխանությունների կատարված որոշ ընտրախախտումներ:

Եվ թեև այս ամենը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, սակայն դրա հետ մեկտեղ չենք կարծում, թե այդ ազդեցությունը եղել է վճռորոշ: Ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվեցին քվեարկության ավարտից ժամեր անց, իսկ վերջնական արդյունքները, որոնք աննշան չափով էին տարբերվում նախնական արդյունքներից, հուլիսի 4-ին հրապարակեց Բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) նախագահ Սադի Գյուվենը:

Նախագահական ընտրություններ 

Աղյուսակ 1

  Թուրքիայի ներսում Արտերկրում     Անցակետերում Ընդհանուր
Ընտրողների քանակ 56.322.632 3.044.837 59.367.469
Օգտագործված քվեաթերթիկներ 49.671.344 1.358.584 168.031 51.197.959
Վավեր քվեներ 48.562.084 1.341.218 165.325 50.068.627
Անվավեր քվեներ  1.109.260      17.366    2706   1.129.332
Մասնակցություն 88,19% 44,62% 5,52% 86,24%

Աղյուսակ 2

Թեկնածու Թուրքիայի ներսում Արտերկրում Անցակետերում Ընդհանուր Տոկոս
Ռեջեփ Թայյիփ Էրդողան 25.436.238 807.974 86.611 26.330.823 52,59
Մուհարեմ Ինջե 14.951.788 328.934 59.599 15.340.321 30,64
Սելահաթթին Դեմիրթաշ  4.039.390 157.111  9293  4.205.794 8,40
Մերալ Աքշեներ  3.603.858 36.896  8276  3.649.030 7,29
Թեմել Քարամոլաօղլու   434.882  7730  1092     443.704 0,89
Դողու Փերինչեք    95.928  2573   454      98.955 0,20
Ընդհանուր 48.562.084 1.341.218 165.325 50.068.627 100,0

Ռ. Թ. Էրդողան – Այս արդյունքները վկայեցին, որ նախագահի թեկնածուներից Ռ․ Թ․ Էրդողանը հաղթանակ է տանում առաջին փուլում: Ռ․ Թ․ Էրդողանը մոտակա մրցակցի (Մ. Ինջե) համեմատ հավաքել է 11 մլն քվեից ավելի, հաղթել է Թուրքիայի 81 նահանգներից 63-ում (Թրակիայից, Էգեյան տարածաշրջանից, արևելյան ու հարավարևելյան տարածաշրջանից դուրս ընկած բոլոր նահանգներում):

Ընդ որում, Էրդողանը հաղթել է 36 նահանգների բոլոր շրջաններում: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ադըյաման նահանգի Սինջիք շրջանում, ուր Էրդողանը հավաքել է քվեների 94.5%-ը[7]: 2014թ. նախագահական ընտրությունների համեմատությամբ 2018թ. Էրդողանին տրված քվեների թիվն աճել է 58 նահանգում, նվազել՝ 23-ում: 2018թ. Էրդողանի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Բայբուրթում՝ 82.10%, Գյումուշհանեում ու Ռիզեում՝ 77%: Այդպիսով, Էրդողանը գրեթե կրկնեց 2014թ. օգոստոսի նախագահական ընտրություններում իր արդյունքը՝ 51.79% (այն ժամանակ Թուրքիայում առաջին անգամ նախագահ ընտրեցին ուղիղ քվեարկությամբ) և վերստին հաղթեց նախագահական ընտրությունների առաջին փուլում։

Տարբերությունը, սակայն, այն է, որ 2014թ. Էրդողանն առաջին փուլում հաղթեց առանց որևէ ուժի աջակցության, մինչդեռ 2018թ. հաղթանակի համար նա մեծապես պարտական է Դ. Բահչելիին։ Ընտրություններից առաջ ԱՇԿ-ն ընտրական դաշինքի մեջ էր մտել ԱԶԿ-ի հետ, և Դ. Բահչելին նախագահական ընտրություններում չէր առաջադրել իր թեկնածությունը՝ հօգուտ Էրդողանի։ Ստացվում է, որ Դ. Բահչելին զգալի ավանդ է ունեցել նախագահական ընտրությունների հենց առաջին փուլի արդյունքներով Էրդողանի հաղթանակը կռելու գործընթացում, և Էրդողանը, տրամաբանության համաձայն, պետք է, որ հետագայում հաշվի նստի այդ փաստի հետ։

Փաստորեն Էրդողանի նախընտրական հաշվարկը ճիշտ դուրս եկավ. նա ընտրական դաշինքի մեջ մտավ ԱՇԿ-ի հետ և թեև դրանով իրենից որոշ չափով վանեց քուրդ ընտրազանգվածին, այնուամենայնիվ, կարողացավ ապահովել իր հաղթանակը նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Ընտրությունների արդյունքները հերթական անգամ վկայեցին, որ Էրդողանի՝ որպես առաջնորդի առավելությունը շատ ավելի մեծ է ընդդիմադիր առաջնորդների հանդեպ, քան նրա կուսակցություն ԱԶԿ-ի առավելությունն է ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ։

Այդպիսով, Էրդողանը 5 տարով վերընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և կառավարման նախագահական համակարգով Թուրքիայում կստանա նախագահական աննախադեպ լիազորություններ: Դա նրան հնարավորություն կտա ազդարարել բաղձալի «Նոր Թուրքիայի» մեկնարկի մասին:

Ուշագրավ է ընտրություններում ԺՀԿ-ից Թուրքիայի նախագահի թեկնածու Մ. Ինջեի գրանցած արդյունքը՝ 30.64%։ Դրա հետ կապված՝ թուրքական մամուլը գրեց, որ դա ԺՀԿ-ի համար աննախադեպ արդյունք է վերջին 41 տարում. 1977թ. Բյուլենթ Էջևիթի գլխավորած ԺՀԿ-ը հաղթել էր խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով քվեների 41.4%-ը (1972թ. ԺՀԿ նախագահի պաշտոնում Իսմեթ Ինենյուին փոխարինած Բ. Էջևիթի նման բարձր վարկանիշը պայմանավորված էր 1974թ. Կիպրոսի հյուսիսային հատվածը զավթելու հրաման տալու հանգամանքով)։

Եվ չնայած Մ. Ինջեն հասավ վերջին 40 տարում ԺՀԿ-ի համար աննախադեպ արդյունքի՝ դա որևէ կերպ չխանգարեց, որպեսզի Էրդողանը հաղթի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում։ Ի դեպ, Մ. Ինջեի արդյունքը 8%-ով գերազանցեց հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում ԺՀԿ-ի գրանցած արդյունքը, ինչը հիշեցնում է նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ու ԱԶԿ-ի գրանցած ցուցանիշների միջև տարբերությունը։ Ի տարբերություն ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Մ. Ինջեն իրեն դրսևորեց որպես խարիզմատիկ առաջնորդ և լավ հռետոր, անցկացրեց լավ ընտրարշավ, աչքի ընկավ համարձակ քայլերով, որոնք էլ պայմանավորեցին նրա տվյալ արդյունքը։

Ընդհանուր առմամբ, Մ. Ինջեն հաղթել է Թուրքիայի միայն 8 նահանգում: Խոսքն Էգեյան տարածաշրջանում ու Թրակիայում գտնվող Էդիռնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Չանաքքալե, Իզմիր, Այդըն, Մուղլա նահանգների մասին է, ուր ԺՀԿ-ն ավանդաբար ունի ամուր դիրքեր: Բացի այդ Մ. Ինջեն հաղթել է Ք. Քըլըչդարօղլուի հայրենի Թունջելի նահանգում: Մ. Ինջեի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Քըրքլարելիում ու Թունջելիում՝ 58.42% և Էդիռնեում՝ 55%: ԺՀԿ-ի հետ համեմատ Մ. Ինջեի գրանցած ավելի բարձր արդյունքն է՛լ ավելի խորացրեց ԺՀԿ ներսում առկա երկպառակությունները՝ առաջացնելով ճգնաժամ, որի մասին հանգամանալից կխոսվի ստորև։

Ինչպես և ակնկալվում էր, նախագահի թեկնածուների թվում երրորդ տեղը զբաղեցրեց քրդամետ ԺԴԿ-ից Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը (8.4%, 4.2 մլն քվե)։ Ի դեպ, Ս. Դեմիրթաշը հաղթած նահանգների թվով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ գերազանցելով Մ. Ինջեին և զիջելով միայն Էրդողանին: Ընդհանուր առմամբ, Ս. Դեմիրթաշը հաղթել է երկրի արևելյան ու հարավ-արևելյան 10 նահանգում, որոնք ունեն քրդական հոծ բնակչություն (Իգդիր, Աղրը, Մուշ, Վան, Հաքքարի, Շըրնաք, Սիիրթ, Բաթման, Դիարբեքիր, Մարդին):

Դեմիրթաշի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Շըրնաքում՝ 71%, Հաքքարիում՝ 70%, Դիարբեքիրում՝ 64%: 2014թ. նախագահական ընտրությունների համեմատությամբ՝ Ս. Դեմիրթաշի քվեներն աճել են միայն 4 նահանգում՝ Դիարբեքիր, Վան, Իգդիր ու Բաթման, իսկ 77 նահանգում նրա ցուցանիշներն անկում են ապրել: Նշենք, որ Ս. Դեմիրթաշը 2016թ. աշնանից գտնվում է բանտում, ինչի համար էլ, ըստ էության, չկարողացավ անցկացնել ընտրարշավ (նրան թույլատրեցին բանտից կոչով դիմել ընտրազանգվածին): Դա զգալիորեն պայմանավորեց այն, որ 2014թ. նախագահական ընտրությունների համեմատությամբ Դեմիրթաշի ցուցանիշը 2018թ․ մի փոքր նվազեց (2014թ. Դեմիրթաշը հավաքել էր քվեների 9.76%-ը)։

Մյուս կողմից էլ բանտում գտնվելու հանգամանքը զգացական ֆոն հաղորդեց Դեմիրթաշին, ում շատերն արդեն անվանում են «քրդական Նելսոն Մանդելա», և չենք բացառում, որ հենց այդ հանգամանքը որոշակիորեն նպաստեց նրան, որ Դեմիրթաշի ցուցանիշը խոշոր անկում չապրի։

Բացի այդ Ս. Դեմիրթաշի նման արդյունքին կարող էր նպաստել նաև ԱԶԿ-ԱՇԿ կամ Էրդողան-Բահչելի դաշինքը, որը քրդերի մի զգալի մասին հարկադրեց սեփական քվեն չտալ Էրդողանին։

Ինչ վերաբերում է Մ. Աքշեներին, ապա նա նախագահական ընտրությունների արդյունքներով զբաղեցրեց 4-րդ տեղը (7.29%, 3.64 մլն քվե): Ընտրություններից առաջ ընդդիմադիր ճամբարում Մ. Աքշեների ապակառուցողական գործունեությանն արդեն անդրադարձել ենք առանձին հոդվածով՝ ընդգծելով, որ նրա նման պահվածքը կանխորոշում է արտահերթ ընտրությունների արդյունքները: Խոսքն ընդդիմադիր ճամբարում ԺԴԿ-ի հայտնվելու և Աբդուլլահ Գյուլի (Թուրքիայի նախկին նախագահ) կողմից ընդդիմության միասնական թեկնածու դառնալու ջանքերի վրա Մ. Աքշեների կողմից վետո դնելու մասին է։

Թեև ընտրություններից առաջ ոմանք Մ. Աքշեներին համարում էին Էրդողանի թիվ մեկ մրցակից, սակայն հասկանալի էր, որ ընդդիմադիր թեկնածուներից ամենաշատ քվեները հավաքելու էր ԺՀԿ թեկնածուն (անկախ նրանից՝ դա կլիներ Ք. Քըլըչդարօղլուն, Մ. Ինջեն, թե մեկ այլ ոք)։ Ավելին, նույն հոդվածում չէինք բացառել, որ Ս. Դեմիրթաշը կհավաքի ավելի շատ քվեներ, քան՝ Մ. Աքշեները։ Հատկանշական է, որ Մ. Աքշեները չի հաղթել Թուրքիայի և ոչ մի նահանգում:

Աքշեների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Բուրդուրում՝ 15%, Սպարտայում՝ 14%, Անթալիայում՝ 13%: Սա վկայում է, որ Մ. Աքշեները, ի տարբերություն Ս. Դեմիրթաշի, չունի աջակիցների ստվար զանգվածներ կոնկրետ տարածաշրջաններում կամ նահանգներում:

Նախագահական ընտրություններում քվեների մոտ 0.90%-ը հավաքած ԵԿ նախագահ Թեմել Քարամոլաօղլուի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Բայբուրթում, Տրապիզոնում ու Գյումուշհանեում, իսկ 0.20%-ը հավաքած «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ամենաբարձր ցուցանիշները՝ Սինոպում, Բարթընում և Մուղլայում:

Մեկնաբանելով նախագահական ընտրությունների ընդհանուր արդյունքները՝ նշենք, որ դրանք բավական նման էին 2014թ. նախագահական ընտրությունների արդյունքներին, թեև թուրքական ընդդիմությունն այն ժամանակ հանդես եկավ միասնական թեկնածուով: 4 տարի առաջ էլ Էրդողանին հաջողվեց հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով գրեթե նույնչափ քվեներ, մինչդեռ ընդդիմության (ԱՇԿ-ԺՀԿ) միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքեց քվեների միայն 38.44%-ը (2018թ. ընտրություններում Մ. Ինջեի ու Մ. Աքշեների ընդհանուր ցուցանիշը կազմում է 37.93%): 2014թ. և 2018թ. Ս. Դեմիրթաշի ունեցած արդյունքներն էլ, ինչպես արդեն նշվեց, բավական նման են միմյանց: 2018թ. նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ սխալ դուրս եկավ թուրքական ընդդիմության հաշվարկը՝ հանդես գալ առանձին թեկնածուներով և ոչ թե միասնական թեկնածուով:

Չէր բացառվում, որ թուրքական ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես կգար նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, սակայն գործը չհասավ դրան, և թուրքական ընդդիմությանը մնաց միայն ընդունել ընտրությունների արդյունքները:

Խորհրդարանական ընտրություններ

Աղյուսակ 3

  Թուրքիայի ներսում Արտերկրում, անցակետերում Ընդհանուր
Ընտրողների թիվ 56.322.632 3.044.837 59.367.469
Օգտագործված քվեաթերթիկներ 49.664.165 1.525.279 51.189.444
Վավեր քվեներ 48.631.366 1.505.809 50.137.175
Անվավեր քվեներ 1.032.799 19.470 1.052.269
Մասնակցություն, % 88,18% 50,09% 86,22%

Աղյուսակ 4

Կուսակցություն Թուրքիայի ներսում Արտերկրում, անցակետերում Ընդհանուր Տոկոս Պատգամավորներ
ԱԶԿ 20.559.732

42,28%

778.961

51,73%

21.338.693 42,56% 295
ԱՇԿ 5.444.728

11,20%

120.603

8,01%

5.565.331 11,10%  49
ԺՀԿ 11.086.897

22,80%

267.293

17,75%

11.354.190 22,65% 146
ԼԿ 4.932.510

10,14%

60.969

4,05%

4.993.479 9,96%  43
ԺԴԿ 5.606.622

11,53%

260.680

17,31%

5.867.302 11,70%  67
ԵԿ 660.749

1,36%

11.390

0,76%

672.139 1,34% 0
Հյուր Դավա 153.649

0,32%

 1890

0,13%

155.539 0,31% 0
Վաթան 110.849

0,23%

 4023

0,27%

114.872 0,23% 0
Անկախներ 75.630

0,16%

75.630 0,15% 0
Ընդհանուր 48.631.366

100,0%

1.505.809 50.137.175 %100,0 600

Մեկնաբանելով խորհրդարանական, ինչպես նաև նախագահական ընտրություններին  ընտրողների մասնակցության ցուցանիշները՝ նշենք, որ Թուրքիայի ներսում այն եղել է բավական բարձր, իսկ արտերկրում՝ շատ ավելի ցածր, ինչը բնորոշ է վերջին տարիների համար (վերջին շրջանում Թուրքիայի ներսում նախագահական ու խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցուցանիշը կազմել է 74-85%):

Այժմ ներկայացնենք կուսակցությունների ցուցանիշները՝ դրանք համեմատելով 2015թ. նոյեմբերի 1-ի (կրկնական) խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Ընդ որում՝ եթե 2015թ. Ընտրություններում ընտրվել է 550, ապա 2018թ.՝ 600 պատգամավոր՝ համաձայն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ 2017թ. ապրիլյան հանրաքվեի:

Աղյուսակ 5

 Թիվ Նահանգ ԱԶԿ ԱՇԿ ԺԴԿ ԺՀԿ ԼԿ Ընդհանուր
1 Ադանա 5 2 2 4 2 15
2 Ադըյաման 4 0 0 1 0 5
3 Աֆյոնքարահիսար 3 1 0 1 1 6
4 Աղրը 1 0 3 0 0 4
5 Ամասիա 2 0 0 1 0 3
6 Անկարա 1 4 1 1 5 2 13
6 Անկարա 2 6 2 0 2 1 11
6 Անկարա 3 5 2 0 3 2 12
7 Անթալիա 6 1 1 5 3 16
8 Արտվին 1 0 0 1 0 2
9 Այդըն 4 0 0 3 1 8
10 Բալըքեսիր 5 0 0 3 1 9
11 Բիլեջիք 1 0 0 1 0 2
12 Բինգյոլ 2 0 1 0 0 3
13 Բիթլիս 2 0 1 0 0 3
14 Բոլու 2 0 0 1 0 3
15 Բուրդուր 2 0 0 1 0 3
16 Բուրսա 1 5 1 0 3 1 10
16 Բուրսա 2 6 1 0 2 1 10
17 Չանաքքալե 2 0 0 2 0 4
18 Չանքըրը 2 0 0 0 0 2
19 Չորում 3 0 0 1 0 4
20 Դենիզլի 4 0 0 3 1 8
21 Դիարբեքիր 3 0 9 0 0 12
22 Էդիռնե 1 0 0 2 1 4
23 Էլյազըղ 4 0 0 1 0 5
24 Էրզինջան 2 0 0 0 0 2
25 Էրզրում 4 1 0 0 1 6
26 Էսքիշհեիր 3 1 0 2 1 7
27 Գազիանթեփ 8 2 1 2 1 14
28 Գիրեսուն 3 0 0 1 0 4
29 Գյումուշհանե 2 0 0 0 0 2
30 Հաքքարի 1 0 2 0 0 3
31 Հաթայ 5 1 1 4 0 11
32 Սպարտա 3 0 0 0 1 4
33 Մերսին 4 2 2 3 2 13
34 Ստամբուլ 1 15 3 4 10 3 35
34 Ստամբուլ 2 13 2 3 8 2 28
34 Ստամբուլ 3 15 3 5 9 3 35
35 Իզմիր 1 4 1 1 7 1 14
35 Իզմիր 2 4 1 1 7 1 14
36 Կարս 2 0 1 0 0 3
37 Քաստամոնու 2 0 0 1 0 3
38 Քայսերի 6 2 0 1 1 10
39 Քըրքլարելի 1 0 0 2 0 3
40 Քըրշեհիր 1 0 0 1 0 2
41 Քոջայելի 7 1 1 3 1 13
42 Քոնյա 10 2 0 2 1 15
43 Քյութահյա 3 1 0 1 0 5
44 Մալաթիա 4 1 0 1 0 6
45 Մանիսա 5 1 0 3 1 10
46 Քահրամանմարաշ 6 1 0 1 0 8
47 Մարդին 2 0 4 0 0 6
48 Մուղլա 2 0 0 4 1 7
49 Մուշ 1 0 3 0 0 4
50 Նևշեհիր 2 0 0 1 0 3
51 Նիղդե 2 0 0 1 0 3
52 Օրդու 3 1 0 2 0 6
53 Ռիզե 3 0 0 0 0 3
54 Սաքարյա 4 1 0 1 1 7
55 Սամսուն 5 1 0 2 1 9
56 Սիիրթ 1 0 2 0 0 3
57 Սինոպ 1 0 0 1 0 2
58 Սիվաս 3 1 0 1 0 5
59 Թեքիրդաղ 3 0 0 3 1 7
60 Թոքաթ 3 1 0 1 0 5
61 Տրապիզոն 4 0 0 1 1 6
62 Թունջելի 0 0 1 1 0 2
63 Շանլըուրֆա 8 1 4 1 0 14
64 Ուշաք 2 0 0 1 0 3
65 Վան 3 0 5 0 0 8
66 Յոզգաթ 2 1 0 1 0 4
67 Զոնգուլդակ 3 0 0 2 0 5
68 Աքսարայ 2 1 0 0 1 4
69 Բայբուրթ 1 0 0 0 0 1
70 Քարաման 2 0 0 1 0 3
71 Քըրըքքալե 1 1 0 1 0 3
72 Բաթման 1 0 4 0 0 5
73 Շըրնաք 1 0 3 0 0 4
74 Բարթըն 1 0 0 1 0 2
75 Արդահան 1 0 0 1 0 2
76 Իգդիր 0 1 1 0 0 2
77 Յալովա 2 0 0 1 0 3
78 Քարաբյուք 2 0 0 1 0 3
79 Քիլիս 2 0 0 0 0 2
80 Օսմանիե 2 1 0 1 0 4
81 Դյուզջե 2 1 0 0 0 3

ԱԶԿ – Դեռևս ընտրություններից առաջ Թուրքիայում անցկացված բազմաթիվ սոցհարցումներ վկայում էին, որ վերջին շրջանում ԱԶԿ վարկանիշն անկում է ապրել (երկրում սկսված զանգվածային բռնությունների, լիրայի արժեզրկման և այլ պատճառներով)՝ չնայած նրան, որ կուսակցության նախագահ Էրդողանի վարկանիշը շարունակում էր մնալ համեմատաբար բարձր:

Ընտրությունների արդյունքները հաստատեցին այդ ամենը. Թուրքիայի ներսում ԱԶԿ-ը հավաքեց 20.559.732 քվե՝ 42.28%, մինչդեռ 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրություններում հավաքել էր 7.09% ավելի՝ 22.959.394 քվե և 49.32%: 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունների հետ համեմատ՝ 2018թ. ԱԶԿ-ը մեծացրել է իր քվեների թիվը 10 նահանգում (Էդիռնե, Թունջելի, Կարս, Աղրը, Մարդին, Բիթլիս, Վան, Շըրնաք, Սիիրթ, Հաքքարի, ամենամեծ աճը գրանցվել է հենց Հաքքարիում՝ 5.31%), սակայն դրա հետ մեկտեղ նրա քվեների թիվը նվազել է 71 նահանգում: Ընդհանուր առմամբ ԱԶԿ-ը հաղթել է 65 նահանգում: Ինչ վերաբերում է պատգամավորների թվին, ապա 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունների հետ համեմատ ԱԶԿ-ի պատգամավորների թիվը նվազել է 22-ով:

ԱԶԿ-ը պատգամավորական մանդատ չի ստացել միայն 2 նահանգում՝ Թունջելի, Իգդիր (2015թ. նոյեմբերի 1-ին ԱԶԿ-ը պատգամավորական մանդատ չէր ստացել Հաքքարի, Շըրնաք և Թունջելի նահանգներում): Այսպիսով, 2001թ. օգոստոսի 14-ին ստեղծված ԱԶԿ-ը 2018թ. հունիսի 24-ին հաղթեց իր վեցերորդ անընդմեջ խորհրդարանական ընտրություններում. ավելի վաղ նա հաղթել էր 2002թ. նոյեմբերի 3-ի, 2007թ. հուլիսի 22-ի, 2011թ. հունիսի 12-ի, 2015թ. հունիսի 7-ի և նոյեմբերի 1-ի (կրկնական) խորհրդարանական ընտրություններում: Բացի այդ ԱԶԿ-ը հաղթել է 2007թ. և 2014թ. նախագահական ընտրություններում, 2004թ., 2009թ., 2014թ. ՏԻՄ ընտրություններում, ինչպես նաև 3 անգամ (2007, 2010, 2017) հաջողեցրել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: 2018թ. ընտրությունների և ընդհանրապես Թուրքիայի վերջին ընտրությունները արդյունքները վկայում են, որ Էրդողանն ու ԱԶԿ-ն ունեն 20-25 միլիոնանոց կայուն ընտրազանգված:

Այդպիսով 17-ամյա վաղեմություն ունեցող ԱԶԿ-ն արդեն 16 տարի է, ինչ իշխանության ղեկին է Թուրքիայում և այդ ընթացքում անընդմեջ հաղթանակ է տարել 15 տարբեր տիպի ընտրություններում (այդ թվում նաև հանրաքվեներում)։ Ներկայիս միտումները վկայում են, որ այդ ամենը դեռ երկար կարող է շարունակվել, քանի որ ներկայումս տեսանելի չէ որևէ քաղաքական ուժ, որն ունակ է կասեցնել ԱԶԿ բազմամյա հաղթարշավը Թուրքիայի ներսում:

ԱՇԿ – ԱՇԿ-ը հունիսի 24-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ցույց տվեց իր կենսունակությունը, թեև շատերն արդեն հասցրել էին «հուղարկավորել» նրան, վստահ էին, որ ԱՇԿ-ը չի հաղթահարի 10%-անոց ընտրաշեմը՝ կապված նրա հետ, որ վերջին շրջանում ԱՇԿ-ից սկսվել էր զանգվածային արտահոսք դեպի նորաստեղծ ԼԿ, որի առաջնորդ Մ. Աքշեները նախկինում ներկայացնում էր հենց ԱՇԿ-ը: 2018թ. ընտրություններում ԱՇԿ-ը հավաքեց մոտ 5.5 մլն քվե՝ 11.10%, ինչն ընդամենը 0.8%-ով (125.000 քվե) է զիջում 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրություններում ԱՇԿ-ի գրանցած արդյունքին (մոտ 5.7 մլն քվե, 11.90%):

Այժմ ԱՇԿ-ը խորհրդարանում ներկայացված է լինելու 49 պատգամավորով, ինչը 9-ով գերազանցում է 2015թ. նոյեմբերի 1-ի արդյունքը՝ 40 պատգամավոր: 2015թ. նոյեմբերի 1-ի նման ԱՇԿ-ն այս անգամ էլ չի հաղթել Թուրքիայի որևէ նահանգում:

Ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ԱՇԿ ղեկավար Դ. Բահչելիի հաշվարկն այս անգամ ճիշտ էր. 2014թ. նախագահական ընտրություններում ԱՇԿ-ն ընտրական դաշինքի մեջ մտավ ԺՀԿ-ի հետ, սակայն, ինչպես արդեն նշվեց, նրանց միասնական թեկնածու Է. Իհսանօղլուն պարտություն կրեց հենց առաջին փուլում: Դ. Բահչելին այս անգամ չառաջադրեց սեփական թեկնածությունը՝ հօգուտ Էրդողանի, և կարելի է ասել, որ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթեց հենց Բահչելիի ընտրազանգվածի աջակցության շնորհիվ:

Մյուս կողմից էլ ԱԶԿ-ի հետ նախընտրական դաշինքի մեջ մտնելը նպաստեց նրան, որ ԱՇԿ-ը հաղթահարի ընտրաշեմը: Այս ամենը նշանակում է, որ ընտրություններից հետո Թուրքիայի քաղաքական գործընթացներում զգալի մեծանում է ԱՇԿ-ի դերը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ԱԶԿ-ին պակասեց մի քանի մանդատ՝ միակուսակցական կառավարություն հիմնելու համար (50%+1՝ 301 մանդատ): Փաստորեն ԱՇԿ-ին հաջողվեց ոչ միայն պահպանել իր դիրքերը խորհրդարանում, այլև՝ ընդլայնել դրանք։

ԺՀԿ – ԺՀԿ-ը Ք. Քըլըչդարօղլուի գլխավորությամբ հավաքեց իր պատմության մեջ ամենաքիչ թվով քվեներ՝ ողջ քվեների 22.8%-ը, ինչը գրեթե 8%-ով զիջում է Մ. Ինջեի գրանցած ցուցանիշը: Ք. Քըլըչդարօղլուի գլխավորած ԺՀԿ-ը վերջին 8 տարում կրեց իր 9-րդ պարտությունը. Ք. Քըլըչդարօղլուն ԺՀԿ նախագահ է դարձել 2010թ. մայիսին, ինչից հետո ԺՀԿ-ը տանուլ է տվել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ երկու հանրաքվե (12.09.2010, 16.04.2017), 3 խորհրդարանական ընտրություն (12.06.2011, 07.06.2015, 01.11.2015), 1 նախագահական ընտրություն (10.08.2014), 1 ՏԻՄ ընտրություն (30.03.2014):

Ստացվում է, որ Ք. Քըլըչդարօղլուի գլխավորած ԺՀԿ-ը տանուլ է տալիս անընդմեջ 4-րդ խորհրդարանական ընտրություններում, ընդ որում՝ բոլոր դեպքերում ԱԶԿ-ը հաղթել է մեծ առավելությամբ: ԺՀԿ-ն այս անգամ չի կարողացել գեթ 1 պատգամավոր ունենալ Թուրքիայի 23 նահանգում, ինչը վկայում է տվյալ նահանգներում ԺՀԿ ունեցած լուրջ խնդիրների մասին: ԺՀԿ-ն այս անգամ էլ պարտվեց իր բազմամյա նախկին նախագահ Դենիզ Բայքալի հայրենի Անթալիա նահանգում (հաղթել է ԱԶԿ-ը): Եթե ԺՀԿ-ն 2015թ. նոյեմբերյան ընտրություններում հաղթել էր 6 նահանգում, ապա 2018թ.՝ միայն 5 նահանգում (Մարմարա և Էգեյան ծովերին հարակից Թեքիրդաղ, Քըրքլարելի, Իզմիր, Մուղլա, Էդիռնե նահանգներում)։ ԺՀԿ-ը Չանաքքալե (Դարդանել) և Այդըն նահանգներում մի փոքր զիջել է ԱԶԿ-ին, իսկ Թունջելիում՝ ԺԴԿ-ին։

Եթե 2015թ. նոյեմբերյան խորհրդարանական ընտրություններում ԺՀԿ-ին հաջողվեց հատել 12 մլն-ի (25%-ի) սահմանագիծը, ապա այս անգամ նրան չհաջողվեց կրկնել տվյալ արդյունքը. ԺՀԿ-ի կորուստը կազմեց 2.5% (մոտ 755.000 քվե): Թեև 2018թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԺՀԿ-ը խորհրդարանում ստացավ 12 պատգամավոր ավելի (146)՝ համեմատած 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունների հետ (134), սակայն չպետք է մոռանալ, որ 2018թ. ընտրությունների արդյունքներով ընտրվել է 600 պատգամավոր, մինչդեռ 2015թ. ցուցանիշը կազմել է 550 պատգամավոր:

Հունիսի 24-ի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքները հերթական անգամ վկայեցին, որ Ք. Քըլըչդարօղլուի գլխավորած ԺՀԿ-ը, ըստ էության, ի վիճակի չէ իրական պայքար մղել ԱԶԿ-ի դեմ, որի հաղթարշավը մեկնարկել է 2002թ. նոյեմբերի 3-ից և չի դադարում առ այսօր (ի դեպ, հունիսի 24-ի արտահերթ ընտրություններն ի սկզբանե նշանակված էին 2019թ. նոյեմբերի 3-ին):

Սա նշանակում է, որ ԺՀԿ-ը կարիք ունի իրական փոփոխությունների։ Ընտրություններից հետո Ք. Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ իրենց հաջողվել է ընտրություններում ԱԶԿ քվեների թիվը նվազեցնել 7%-ով (49.5%-ից մինչև 42.5%-ի) և հրաժարվեց ընտրությունների կապակցությամբ շնորհավորել Էրդողանին, մինչդեռ Մ. Ինջեն զանգահարել և շնորհավորել է Էրդողանին։ 2018թ. փետրվարին Մ. Ինջեն տանուլ էր տվել կուսակցության առաջնորդի համար Ք. Քըլըչդարօղլուի հետ մրցավազքը, մինչդեռ նախագահական ընտրությունների արդյունքները Մ. Ինջեին (և ոչ միայն նրան) հիմքեր են տվել ԺՀԿ առաջնորդ հռչակվելու համար։

Ընտրություններից հետո շատերն են պնդում, որ Ք. Քըլըչդարօղլուն արդեն կորցրել է կուսակցությունը ղեկավարելու լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա։ Մ. Ինջեն Ք. Քըլըչդարօղլուին կոչ է արել վերանայել կուսակցության ղեկավարումն ու դառնալ կուսակցության պատվավոր նախագահ կամ խորհրդարանական խմբակցության առաջնորդ՝ կարևորելով ԺՀԿ ղեկավարության փոփոխումը մինչև 2019թ. մարտին նշանակված ՏԻՄ ընտրությունները (ԱԶԿ-ն այժմ ցանկանում է դրանք անցկացնել 2018թ. նոյեմբերի 3-ին)։ Նա ԺՀԿ վերջին երկու համագումարներում արդեն հանդես է եկել Ք. Քըլըչդարօղլուի դեմ, սակայն չի կարողացել գերազանցել նրան։

Ք. Քըլըչդարօղլուն արդեն մերժել է արտահերթ համագումար անցկացնելու մասին Մ. Ինջեի կոչը, և նման պայմաններում ԺՀԿ արտահերթ համագումար կարող է անցկացվել համագումարի պատվիրակների 1/5-ի աջակցության պայմաններում: Այդպիսով, նախագահական արտահերթ ընտրությունները վերստին վկայեցին, որ ԺՀԿ-ն դեռ ի վիճակի չէ մրցակցել Էրդողանի հետ, բայց եթե Մ. Ինջեն դառնա ԺՀԿ նախագահ, ապա հետագայում կկարողանա շատ ավելի լուրջ մրցակից դառնալ Էրդողանի համար:

Ուշագրավ է, որ նախագահական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադրման 100-ամյակին (եթե, իհարկե, դրանք էլ արտահերթ չանցկացվեն), և ԺՀԿ-ը, բնականաբար, պետք է արդեն իսկ լրջորեն մտածի, թե ինչ մարտավարություն պետք է որդեգրի դրանցում հաղթանակ տանելու համար:

ԺՀԿ-ի համար առաջիկա նախագահական ընտրությունները ներկայացնելու են նաև խորհրդանշական կարևորություն, քանի որ ԺՀԿ և ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը կարևորում էր Թուրքիայի աշխարհիկ բնույթը, մինչդեռ Էրդողանը երկիրը տանում է իսլամականացման ճանապարհով, երկիրը մղում է դեպի Արևելք, ինչպես նաև հեռակա մրցակցության մեջ է Մ․ Ք․ Աթաթուրքի հետ՝ վարելով նրան մոռացության մատնելու քաղաքականություն, շատ դեպքերում խուսափում է նրա մասին արտահայտվելիս Աթաթուրք բառն օգտագործելուց և այլն: Ակնկալվում է, որ առաջիկայում (ըստ ամենայնի՝ ՏԻՄ ընտրությունների անցկացումից հետո) Էրդողանը կազդարարի «Նոր Թուրքիայի» մեկնարկի մասին, իսկ ահա 2023թ. նախագահական, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում հնարավոր հաղթանակը ԺՀԿ-ին հնարավորություն կտա Էրդողանի «Նոր Թուրքիայից» վերադարձ կատարել Աթաթուրքի «Հին Թուրքիային»:

ԺԴԿ – Քրդամետ ԺԴԿ-ը լուծեց իր առջև դրած նվազագույն խնդիրը, այն է՝ հաղթահարել 10%-անոց ընտրաշեմն ու վերստին ներկայացված լինել Թուրքիայի խորհրդարանում: ԺԴԿ-ը հաղթել է երկրի արևելյան ու հարավարևելյան 11 նահանգում՝ Հաքքարի, Շըրնաք, Մարդին, Դիարբեքիր, Բաթման, Սիիրթ, Մուշ, Վան, Աղրը, Իգդիր, Թունջելի (2015թ. նոյեմբերյան ընտրություններում ԺԴԿ-ը հաղթել էր 12 նահանգում): ԺԴԿ-ը Բիթլիսի նահանգում մի փոքր զիջել է ԱԶԿ-ին։ ԺԴԿ-ը թեև 0.81%-ով (700.000 քվե) բարելավեց 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունների իր ցուցանիշը (5.145.688 քվե, 10.76%), սակայն չկարողացավ կրկնել 2015թ. հունիսի 7-ի ընտրություններում իր արդյունքը (6.058.489 քվե, 13.12%): Թեև ԺԴԿ-ի պատգամավորների թիվը 2015թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել է 8-ով՝ 59-ից մինչև 67-ի (2015թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԺԴԿ-ը խորհրդարանում ստացել էր 80 մանդատ), սակայն վերստին հարկավոր է հաշվի առնել այն, որ պատգամավորների թիվն այժմ աճել է 50-ով՝ հասնելով 600-ի։ 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրությունների հետ համեմատ՝ ԺԴԿ-ի քվեների թիվն աճել է 50 նահանգում, իսկ մնացյալ 31-ում անկում է գրանցվել:

Եվ, այնուամենայնիվ, հունիսի 24-ի ընտրությունները վկայեցին, որ ԺԴԿ-ը շարունակում է իր հաղթարշավը՝ 3 անգամ անընդմեջ հաղթահարելով 10%-անոց ընտրաշեմը (ԺԴԿ-ից առաջ քրդամետ կամ քրդական որևէ կուսակցության ընդհանրապես չէր հաջողվել խուսափել 10%-անոց ընտրաշեմից): Այդ երեքից երկու դեպքում ԺԴԿ-ի հաջողությունը մեծապես նպաստել է նրան, որ ԱԶԿ-ը չկարողանա խորհրդարանում ստանալ սովորական մեծամասնություն (50%+1)՝ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար (բացառություն կազմեցին 2015թ. նոյեմբերի 1-ին ընտրությունները): Թուրքիայի ընտրական համակարգի առանձնահատկությունն այնպիսին է, որ եթե քրդական կամ քրդամետ որևէ կուսակցություն չի հաղթահարում ընտրաշեմը, ներկայացված չի լինում խորհրդարանում, ապա այդ դեպքում ԱԶԿ-ը մեծ թվով պատգամավորական մանդատներ է ստանում քրդաբնակ նահանգներում (քրդերի շրջանում մեծ թվով աջակիցներ ունենալու շնորհիվ):

Դրա համար էլ եթե ԺԴԿ-ը չկարողանար հաղթահարել ընտրաշեմը, ինչին տենդագին տենչում էր Էրդողանը, ԱԶԿ-ի մանդատների թիվը կավելանար միանգամից մի քանի տասնյակով։ ԺԴԿ-ն այժմ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված 3-րդ խոշոր ուժն է՝ ԱԶԿ-ից ու ԺՀԿ-ից հետո։

ԼԿ – 2017թ. հոկտեմբերի 25-ին ստեղծված այս կուսակցությունը և նրա առաջնորդ Մ. Աքշեները բավական հաջող արդյունքներ գրանցեցին 2018թ. արտահերթ ընտրություններում՝ հաշվի առնելով, որ դրանք անցկացվեցին կուսակցության ստեղծումից ամիսներ անց: Նախագահական ընտրությունների արդյունքներով՝ Մ. Աքշեները զբաղեցրեց 4-րդ տեղը՝ հետ մնալով Ռ․ Թ․ Էրդողանից, Մ․ Ինջեից ու Ս․ Դեմիրթաշից: ԼԿ-ն էլ զբաղեցրեց 5-րդ տեղը՝ հավաքելով քվեների 9.96%-ը (10%-անոց ընտրաշեմից քիչ)։

Դա նշանակում է, որ եթե ԼԿ-ը հանդես գար միայնակ, ապա պետք է ներկայացված չլիներ խորհրդարանում, բայց քանի որ ԼԿ-ը հանդես էր գալիս ընդդիմադիր Millet դաշինքի կազմում, հայտնվեց խորհրդարանում՝ դառնալով նրա 5-րդ խոշոր ուժը: Հարկ է նշել, որ ԼԿ-ը կարողացավ ընտրություններին մասնակցել ԺՀԿ-ի աջակցության շնորհիվ, որի միանգամից 15 պատգամավոր ընտրություններից առաջ լքեց կուսակցության շարքերը և համալրեց ԼԿ շարքերը։

Դրանով իսկ խորհրդարանում ԺՀԿ-ի պատգամավորների թիվը նվազեց մինչև 116-ի, իսկ ԼԿ պատգամավորների թիվը 5-ից աճեց մինչև 20-ի, ինչը ԼԿ-ին հնարավորություն տվեց խմբակցություն ձևավորել խորհրդարանում ու հստակեցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը։ Ակնհայտ է, որ ԺՀԿ-ական պատգամավորների տվյալ քայլը եղել է Ք. Քըլըչդարօղլուի ու Մ. Աքշեների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք։

Չնայած այդ ամենին՝ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից անմիջապես անց ԼԿ ներկայացուցիչ Այթուն Չըրայը հայտարարեց, որ իրենք իմաստ չեն տեսնում ընդդիմադիր Millet դաշինքի հետագա գոյության համար, և որ ԼԿ-ը հետագայում կշարունակի վարել ինքնուրույն գործունեություն։ Նման հայտարարություն արել է նաև Թ. Քարամոլաօղլուն՝ ընդգծելով, որ Millet դաշինքը ձևավորվել էր զուտ ընտրությունների համար: ԼԿ-ի ու ԵԿ-ի այս քայլերը վկայում են, որ իրականում այդ կուսակցությունները շատ քիչ ընդհանրություն ունեն ԺՀԿ-ի և միմյանց հետ, և որ նրանց տվյալ միավորումը պայմանավորված է եղել բացառապես արտահերթ ընտրությունների գործոնով (չենք բացառում նաև այն, որ ընդդիմադիր ճամբարում Մ. Աքշեների հայտնվելու դրդապատճառներից մեկը եղել է նրանում կամա, թե ակամա քայքայիչ գործունեություն ծավալելը)։

Ընտրությունների արդյունքները վկայում են, որ սխալ դուրս եկան Մ. Աքշեների հետ կապված Ք. Քըլըչդարօղլուի արած հաշվարկները: Եվ խնդիրը միայն այն չէ, որ ԼԿ-ը լքեց Millet դաշինքը։ Կարելի է ասել, որ ԼԿ-ին մեծ հաշվով չհաջողվեց քվեներ խլել ԱՇԿ-ից, որն այս անգամ գրեթե լիովին կրկնել է նախորդ ընտրություններում իր արդյունքը։ ԼԿ-ին հաջողվեց որոշ թվով քվեներ խլել ԱԶԿ-ից, ով այս անգամ հավաքել է 2 մլն քվե պակաս (ընդ որում՝ եթե 2015թ․ նոյեմբերի 1-ին Թուրքիայի ներսում ընտրողների թիվը կազմել է 54.049.940 մարդ, ապա 2018թ. հունիսի 24-ին նրանց թիվը կազմել է 56.322.632 մարդ)։ Սակայն դրա հետ մեկտեղ ԼԿ-ը քվեներ է խլել նաև ԺՀԿ-ից՝ հատկապես Էգեյան ծովի ու Թրակիայի շրջանների խոշոր քաղաքներում (արդեն նշվեց, որ չնայած Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցողների քանակական աճին՝ ԺՀԿ-ի քվեները պակասել են մոտ 755.000-ով):

Ամփոփում

Այսպիսով, 2018թ. հունիսի 24-ի արտահերթ ընտրությունները շատերի պնդմամբ նշանավորեցին կրոնական ազգայնամոլության հաղթանակը Թուրքիայում։ Ընտրություններից օրեր անց՝ հուլիսի 9-ին, ԹՀ-ում տեղի ունեցավ պատմական իրադարձություն, երբ Ռ. Թ. Էրդողանը երդում տվեց խորհրդարանում, և Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի։ Դրանով իսկ Էրդողանը, ով (2014թ.) ժողովրդի ուղիղ քվեարկությամբ ընտրված Թուրքիայի առաջին նախագահն է, դարձավ նաև կառավարման նախագահական համակարգով Թուրքիայի առաջին նախագահը։

Այժմ Էրդողանը դարձավ նաև ԹՀ պատմության մեջ առանց վարչապետի երկրի առաջին նախագահ։ Հիշեցնենք, որ դեռևս 2014թ. նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանը հայտարարել էր, որ բացառիկ նախագահ է, քանի որ ի տարբերություն նախկին նախագահների՝ ընտրվել է ոչ թե խորհրդարանի, այլ՝ հենց ժողովրդի կողմից։ Ելնելով դրանից՝ Էրդողանը հայտարարել էր, որ ժողովրդի կողմից ընտրված նախագահը չի կարող ունենալ ներկայացուցչական գործառույթներ, ինչի համար էլ նա 2017թ. ապրիլին նախաձեռնեց սահմանադրական համապատասխան բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե։ Վերջինիս համաձայն՝ 64-ամյա Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում այժմ ընտրվեց «5+5» տարբերակով և կարող է այդ պաշտոնում մնալ մինչև 2028թ.։

Բայց եթե Էրդողանի պաշտոնավարման հնարավոր երկրորդ շրջանում խորհրդարանը որոշում կայացնի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Էրդողանը հնարավորություն կստանա ևս 5 տարի ժամկետով մնալ նախագահի պաշտոնում (ստացվում է, որ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում կարող է մնալ ցմահ)։ Եթե Էրդողանին հաջողվի հասնել նրան, որ ՏԻՄ ընտրություններն էլ անցկացվեն (արտահերթ) ընթացիկ տարում (Էրդողանը չի ցանկանում, որ ԱԶԿ-ը կորցնի ընտրական թափը), ապա դրանից հետո Թուրքիայում կհաստատվի ընտրական տևական դադար, և Էրդողանը կկարողանա ավելի շատ կենտրոնանալ արտաքին քաղաքական, ինչպես նաև ներքաղաքական կարևոր խնդիրների վրա։

Արտահերթ ընտրություններում Էրդողանի ու ԱԶԿ-ի հաղթանակը, ԱՇԿ-ի հաջողությունը, նրանց դաշինքը, տրամաբանության համաձայն, նախադրյալներ են ստեղծում, որ Էրդողանն է՛լ ավելի կոշտացնի իր դիրքորոշումը թե՛ արտաքին քաղաքական (տարածաշրջանային), թե՛ ներքաղաքական խնդիրների վրա (առանց այն էլ Էրդողանը վերջին շրջանում կոշտացրել է իր դիրքորոշումը տվյալ խնդիրների հանդեպ)։ Այս ամենը Թուրքիայի համար Ադրբեջանի կարևորության շարունակական աճի հետ մեկտեղ (TANAP գազատարի շահագործմամբ Ադրբեջանը դառնում է Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ շրջանցելով Իրանը) լուրջ խոչընդոտներ են ստեղծում, որ Թուրքիայի իշխանությունները գնան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն։

Մյուս կողմից էլ ա) եթե Էրդողանին հաջողվի երկրի ներսում հաստատել կառավարման լիակատար միանձնյա ռեժիմ և բ) եթե հետագայում է՛լ ավելի սրվեն Թուրքիայի ու Իսրայելի փոխհարաբերությունները, ապա Էրդողանը կարող է գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ա) չվախենալով երկրի ներսում ազգայնամոլների հնարավոր դժգոհություններից, բ) դժգոհ մնալով Իսրայելի հետ Ադրբեջանի բավական սերտ հարաբերությունների մակարդակից (չմոռանանք, որ Թուրքիան զգալի չափով հանուն Ադրբեջանի արդեն 25 տարի է, ինչ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը)։

Ընտրական դադարից հետո Էրդողանի գերնպատակը լինելու է «Նոր Թուրքիայի» հռչակումը, որը կարող է նաև նախորդել 2023թ.՝ ստվերելու համար Մ. Ք. Աթաթուրքի կողմից «Հին Թուրքիայի» հիմնադրման 100-ամյակը։ Մեր նախկին հոդվածներից մեկում նշել ենք, որ Էրդողանը (մեր կարծիքով) ձգտում է Մ. Ք. Աթաթուրքին հասնել և գերազանցել առնվազն 3 ոլորտում. 1) «ազգային-ազատագրական պայքար» (քեմալական շարժում), 2) նոր պետության հիմնում, 3) պետության տարածքի ընդլայնում։ Հայտնի է, որ Մ․ Ք․ Աթաթուրքը նախևառաջ կարողացավ հաղթել (Թուրքիայի տեսանկյունից) «ազգային-ազատագրական պայքարում» (քեմալական շարժում), ապա հռչակել ԹՀ և հետո էլ լուրջ ջանքեր գործադրեց Ալեքսանդրեթի սանջակը (ներկայիս Հաթայ նահանգ) ԹՀ-ի կազմում ընդգրկելու ուղղությամբ։ Մեր կարծիքով՝ ներկայումս նման եռաքայլ ճանապարհով շարժվում է Էրդողանը.

  • Էրդողանը 2016թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցած ՌՀՓ-ը որակել է որպես «2-րդ ազգային-ազատագրական պայքար» և այդպիսով դարձել «2-րդ ազգային-ազատագրական պայքարի հաղթող»՝ համարելով, որ ՌՀՓ տապալմամբ «երկիրը փրկել է օկուպացումից»․ Թուրքիայում համարում են, որ «մոտ մեկ դար առաջ Աթաթուրքը երկիրը փրկել է օկուպացումից» (Էրդողանն Աթաթուրքի նման երկրի ներսում շարունակ ստեղծում է այնպիսի տպավորություն, որ երկիրը շրջապատված է թշնամիներով, որոնք փորձում են թուլացնել նրան կամ էլ տարածքներ խլել նրանից)։
  • Աթաթուրքը 1923թ. հռչակեց ԹՀ, այժմ էլ Էրդողանը գտնվում է «Նոր Թուրքիա» հռչակելու շեմին։ Դեռևս 1993թ. Էրդողանը դատապարտել էր քեմալիզմը՝ հայտարարելով, որ ԹՀ 70-ամյա պատմությունը (1923-1993թթ.) պարզապես զուր տեղը վատնված ժամանակաշրջան է։ Ուշագրավ է, որ այն ժամանակ Էրդողանը սոսկ Ստամբուլի նահանգում Refah («Բարօրություն») կուսակցության ղեկավարն էր և կուսակցության Կենտրոնական վարչական կոմիտեի (MKYK) անդամ։ Թեև Էրդողանը հետագայում դարձավ Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի վարչապետ ու նախագահ, նրա տվյալ դիրքորոշումը չփոխվեց ցայժմ։ Ի դեպ, չենք բացառում, որ նեոօսմանյան նկրտումներով Էրդողանը «Նոր Թուրքիայի» մայրաքաղաքը կարող է «Աթաթուրքի մայրաքաղաք» Անկարայից տեղափոխել դեպի Ստամբուլ (470 տարի (1453-2023թթ.) հանդիսացել է Օսմանյան պետության մայրաքաղաք) կամ էլ հատկապես դեպի Բուրսա (39 տարի (1326-1365թթ.) եղել է Օսմանյան պետության մայրաքաղաք)։
  • Չենք բացառում, որ Էրդողանը լրջորեն աշխատում է Թուրքիայի տարածքային ամբողջականության մեծացման ուղղությամբ, ինչի մասին վկայում են նաև 1923թ. Լոզանի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին նրա շարունակական հայտարարությունները։ Ընդգծել ենք, որ Էրդողանը լրջորեն զբաղված է Սիրիայի հյուսիսային այն շրջանների ժողովրդագրական պատկերի փոփոխմամբ, որոնք գտնվում են թուրքական կողմի վերահսկողության ներքո (Աֆրին – «Ձիթենու ճյուղ» գոտի, Ազեզ-Ջերաբլուս գոտի – «Եփրատի Վահան» գոտի), ինչը նշանակում է, որ հետագայում նա կարող է հանրաքվե կազմակերպել տվյալ տարածքներում և այդպիսով բռնակցել դրանք։ Եվ պատահական չէր, որ 2018թ. հունվարի վերջերին՝ «Ձիթենու ճյուղի» մեկնարկից հետո, ԱԶԿ-ական պատգամավոր Մեթին Քյուլունքն առաջարկեց Էրդողանին շնորհել «գազի» (հաղթող) կոչումը՝ ընդգծելով, որ «երկրի նախագահն առաջ է շարժվել մի շարք ճակատներում պատերազմելով»։ Եթե դա տեղի ունենա, ապա Էրդողանն այդ համատեքստում նույնպես կհավասարվի Մ. Ք. Աթաթուրքին։

Այսպիսով, Էրդողանի գերնպատակը Թուրքիայի պատմության մեջ շատ ավելի մեծ հետք թողնելն է, քան Մ. Ք. Աթաթուրքը։ Ավելին, Էրդողանը ձգտում է ենթակառուցվածքային մեգանախագծեր (Ստամբուլի ջրանցք, Բոսֆորի նեղուցի տակով անցնող «Մարմարա» երկաթուղային թունել, Բոսֆորի նեղուցի տակով անցնող «Եվրասիա» ավտոմոբիլային թունել) իրագործելով Թուրքիայի պատմության մեջ մտնել նաև որպես օսմանյան սուլթանների (Սուլեյման 1-ին, Աբդուլմեջիդ, Աբդուլ Համիդ 2-րդ) երազանքներն ի կատար ածած անձ և այդ համատեքստում ի ցույց դնել սեփական առավելությունը նաև նրանց նկատմամբ։

Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս