Մեսութ Օզիլը որոշել է ավարտել իր ելույթները Գերմանիայի ազգային հավաքականում
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը որոշել է հեռանալ Գերմանիայի հավաքականի կազմից։ Ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ Գերմանիայում բուռն քննադատությունների ենթարկվելու պատճառով։
Ընդ որում՝ լուսանկարը արվել էր Թուրքիայի արտահերթ ընտրություններից առաջ։ Գերմանիայում լուսանկարը դրական արձագանք չունեցավ, քանի որ կարծիք կար, որ Օզիլ-Էրդողան հանդիպումը քաղաքական ենթատեքստ է ունեցել։ Մասնավորապես շատերը կարծում էին, թե Օզիլի միջոցով Էրդողանը փորձում է Գերմանիայում նախըտրական քարոզչություն իրականացնել։
Թուրք ֆուտբոլիստը թեմայի շուրջ գրառում է կատարել սոցցանցերից մեկում։ Դրանում մասնավորապես ասված է.
«Չեմ ցանկանում կրել Գերմանիայի ազգային հավաքականի մարզահագուստը՝ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և մի շարք այլ մարդկանց ցուցաբերած վերաբերմունքի պատճառով։ Այս որոշումը ինձ համար դժվար էր կայացնել, քանի որ ես միշտ ամեն ինչ տվել եմ ընկերներիս, մարզիչներիս և Գերմանիայի ժողովրդին։ Բայց երբ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյաններն իմ նկատմամբ ցուցաբերում են նման դիրքորոշում՝ հարգանք չեն ցուցաբերում իմ թուրքական արմատների նկատմամբ և ինձ ներքաշում են քաղաքական քարոզչության մեջ, արդեն ասում եմ վերջ, հերիք է»։
Օզիլն իր գրառման մեջ նաև պնդել է, որ թեև ինքը իր ներդրումն է ունեցել, որ 2014թ․ Գերմանիան աշխարհի չեմպիոն դառնա, այնուամենայնիվ, գերմանացի ժողովրդը նրան դեռ որպես «գաղթական» է ընկալում։
Նրա խոսքով, երբ Գերմանիայի հավաքականը հաղթում է, նրան «գերմանացի» են անվանում, իսկ երբ պարտվում է՝ «գաղթական»։