Բաժիններ՝

«Չեմ սիրում հոսանքի ուղղությամբ գնալ, եթե այն լճացման է տանում»

«Տարիներ առաջ ինձ համար անհավատալի էր իրականացնել մի նախագիծ, որի շրջանակներում մեծահասակները պիտի նկարել սովորեին: Այդ ժամանակ Հայաստանում նման բան առհասարակ չկար: Մեր կենտրոն եկող մեծահասակները թերահավատորեն էին վերաբերվում այն բանին, որ իրենք կարող են նկարել սովորել հասուն տարիքում: Սա հստակ ձևավորված կարծրատիպ էր, որը մենք աստիճանաբար կարողացանք կոտրել: Մեր աշակերտներն իրենք էին զարմանում, թե որքան արագ են կարողանում հասնել այնպիսի արդյունքների, որոնց երբևէ չէին ակնկալում հասնել: Իսկական հրաշք է իրագործել մանկության երազանքը, այս դեպքում՝ նկարելը, և անասելի հաճելի է գիտակցել, որ դու կարողացել ես քո փոքրիկ ներդրումն ունենալ այդ գործում»,- ասում է նկարչուհի Հասմիկ Հոխանյանը: Հասմիկը դասավանդում է «Ես կարող եմ» արվեստի կենտրոնում՝ իրականացնելով «Նկարչություն մեծերի համար» ծրագիրը:

«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում  Հասմիկը խոսել է ոչ միայն նկարչությունից, այլև իր կյանքի առանցքը կազմող մյուս կարևոր երևույթներից…

Մայրս պատմում է, որ  իմ ծնվելու օրը շատ խառը եղանակ է եղել՝ արև, անձրև, քամի, իսկ հենց ծնվելուս պահին՝ խոշոր փաթիլներով ձյուն: Այդ ձյունը նա տեսել է հիվանդանոցի պատուհանից, ասում է՝ խաղաղության պես էր իջնում: Այս պատմությունը խորհրդանշական է ինձ համար, որովհետև անմիջական կապ ունի բնավորությանս հետ. ես այդպես եմ արդարացնում տրամադրությանս՝ անհավանականորեն փոփոխական լինելը:

Ի տարբերություն շատ այլ երեխաների, մանկության տարիներին ինձ բնորոշ չի եղել չարաճճիություններ անելը, մանկական անհոգությունը: Հակառակը, բավականին մտախոհ էի, հիմանականում առանձնանում ու խորասուզվում էի գրքերիս մեջ: Փոքր քույրս միշտ նշում է, որ տանել չէր կարողանում իմ անվերջ ընթերցանությունները, որոնց պատճառով հաճախ հրաժարվում էի տունտունիկ խաղալու նրա առաջարկներից (ժպտում է-հեղ.): Երբ երեխա էի, ինձ մեծ էի զգում, հիմա՝ հակառակը, գնում եմ դեպի մանկություն:

Մեր ընտանիքում  ծնողների կողմից մեծ վստահություն է եղել, և չեն եղել արգելքներ: Սա է լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս, և դրա շնորհիվ է, որ քույրս ու ես մշտապես փորձել ենք ապրել այնպես, որպեսզի այդ վստահությունը որևէ կերպ չկոտրվի, և որ մեր ծնողները չափսոսան մեզ տված ազատության, ինքնակողմնորոշման իրավունքի  համար:

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ առանց հրաշքի որևէ բան չէր կայանա իմ կյանքում: Ծնունդիցս սկսած մինչև մասնագիտության ընտրություն, իմ գործով վաստակելու հնարավորություն և սիրած աշխատանք, այս ամբողջ շղթան ինձ համար հրաշք է: Ինձ շրջապատող ամեն ինչում ես գտնում եմ աստվածային ծագում, իմաստ, հոգեղենություն:

Իմ ներսում  միշտ ապրելը է հոգևորը, և այն միշտ ունեցել է սնվելու կարիք: Ես այն սնել եմ գրքերով, կյանքով, Աստծով: Դժվար է նշել, թե արվեստում ով է ավելի մեծ ազդեցություն ունեցել ինձ վրա: Նկարչություն ուսանելուս ընթացքում բոլորովին չէի ուսումնասիրում  նկարիչներին.  վախենում էի ազդեցության տակ ընկնելուց, նրանց նմանակելուց:  Հետագայում արդեն շատ հետաքրքիր էր գտնել և ուսումնասիրել մարդկանց, ում գաղափարները շատ մոտ էին ինձ և նաև նրանց, ովքեր խիստ տարբեր էին ինձնից: Յուրաքանչյուրի մեջ ինձանից մի կտոր եմ գտել, եթե չեմ գտել, ապա վերցրել եմ: Կերպարվեստում հոգևոր, մտավոր երկվորյակս Վասիլի Կանդինսկին է: Զարմանալի է, որ մեկ-երկու դար առաջ ապրած մեկը մտածել է քեզ պես, արվեստի մեջ ունեցել նույն մտահանգումներն, ինչ դու:

Նկարչությունն ինձ համար  ինքնարտահայտման ուղի է, որտեղ դու կարողանում ես ինքդ քեզ հետ անկեղծ զրուցել, քո աշխարհը ստեղծել: Սա մի գործընթաց է, ուր ինձ համար ոչ թե կերպար ստեղծելու կարևորությունն է առաջնայինը, այլ այն էմոցիան ու հոգեկան ապրումները, որով լցված ես: Իսկ դրա համար ամենադիպուկ արտահայտչալեզուն աբստրակցիան է: Նկարչությունը քեզ սովորեցնում է չկոտրվել, չհանձնվել, նկարիդ հետ կռիվ տալ այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծագործությունդ համոզիչ չէ առաջին հերթին ինքդ քեզ համար: Ակամա սովորում ես համբերատար լինել:

Իմ աշակերտները  նույնպես, ովքեր բնավորությամբ անհանգիստ ու անհամբեր են և ցանկանում են արագ արդյունքի հասնել, նկարչությամբ զբաղվելիս կոփվում ու վերափոխվում են: Նկարչության մեջ պիտի ժամանակ ու համբերություն ներդնես: Այդպես է այն շտկում ու վերափոխում մարդուն:

Հրաշքը, սերն ու հեղափոխությունն են այն երեք երևույթները, որոնց վրա հիմնված է իմ կյանքը: Հեղափոխություն առաջին հերթին քո ներսում, քո միջավայրում: Հեղափոխությունը սկսվում է քեզնից: Չեմ սիրում հոսանքի ուղղությամբ գնալ, եթե այն լճացման է տանում: Հոսանքի ուղղությամբ միայն մի դեպքում պիտի գնալ, եթե այն տանում է զարգացման, բարեփոխումների:

Կուզեի, որ իմ լինելիությունը  որևէ փոփոխություն բերեր թեկուզ մի մարդու կյանքում: Ինձ չի մտահոգում մոռացվելը, դարերին իմ անունը թողելու գաղափարը, որը, գուցե, շատ ստեղծագործողների համար շարժիչ ուժ է հանդիսացել: Ինձ համար իդեալ են այն մարդիկ, ովքեր լուռ ու մունջ են անում իրենց գործն՝ առանց նկատվելու, առանց փառաբանվելու:

Մենակության զգացումը  բարակ թելի պես անցնում է մեր ողջ կյանքի միջով, և Աստված այն երևույթն է, ով անկախ ամեն ինչից մարդու հետ է, սիրում է նրան:

Հուսահատության պահերին  ամենաշատն եմ զգում Աստծո ներկայությունը: Սա է ինձ օգնում հաղթահարել հուսահատությունը, դուրս գալ այդ վիճակից, նորից հույս ունենալ: Երբ թվում է՝ էլ ճանապարհ չկա, Աստծուն ես գտնում ու սկսում ես Նրա հետ քայլել:
Եվ ամենամեծ երջանկությունն այն է, երբ նեղության միջից դուրս գալիս Նրանից չես հեռանում:

Ինչ-որ չափաբաժնով դժվարություններն անհրաժեշտ են , որ մարդն իմաստնանա և ձեռք բերի նոր աշխարհընկալում, նոր հատկություններ: Դա կարող է լինել, օրինակ, շրջապատող մարդկանց հարգել և սիրել սովորելը: Երբ կենտրոնացած ես միայն քեզ վրա ու կարծում ես, որ բոլորը քեզ պիտի սիրեն ու արժևորեն, դժվարությունների միջով անցնելիս հասկանում ես, որ դու ինքդ պիտի դուրս գաս քո այդ շրջանակից և առաջինը ինքդ պիտի սիրել կարողանաս:

Արշիլ Գորիկն է այն մարդն, ում հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ, և նկարչությունը չէ առաջնային թեման, որի շուրջ կուզեի ծավալվեր մեր զրույցը: Գորկին  ամենադրամատիկ կերպարն է ինձ համար: Նրա կյանքի ամեն շրջանը նախորդին գերազանցել է իր ծանրությամբ, բայց նա ապրել է: Թվում էր՝ աշխարհում չկա տեղ Գորկու համար, բայց նա ամեն գնով նվաճեց իր տեղն ու կերպարվեստին բոլորովին նոր ընթացք տվեց: Նա ստեղծեց այնպիսի արվեստ, որն անհնար էր չգնահատել. ժամանակի հարց էր: Գորկին ասելու ու պատմելու շատ բան ուներ, ինչը, սակայն, չասեց, որովետև մենակ էր այլևս…

Մարդը սկսում է մահանալ, երբ  այլևս օգտակար չէ, երբ իր միջավայրին ոչինչ չունի տալու, ոչինչ չունի փոխելու, ավելացնելու: Իմ ամբողջ մտածողությունն օգտակար լինելու շուրջ է պտտվում, և եթե դա չկա՝ լինելդ անիմաստ է: Իսկ ֆիզիկական մահվանը շատ թեթև եմ վերաբերվում, որովհետև երկրում չլինելը չապրել չէ:

Ապրելը  Աստծուն գտնելն է, քո ներսում Նրան հաճո որակներ ձևավորելը: Քրիստոնեաբար ապրել նշանակում է  ներողամիտ ու համբերող լինել, մարդասիրություն ունենալ: Այսպես նաև կեցությունդ է իմաստավորվում:

Կյանքը լիարժեք է, երբ  տալիս ես ու փոխադարձության սպասելիքներ չունես: Երջանկությունը տալն է: Հաճախ այլ մարդկանց համար ավելի շատ ջանք եմ ներդնում, քան ինքս ինձ համար կանեի: Սա բնավորություն է, տեսակի հարց:

Իմ կյանքի սերն արվեստն է:

Կյանքիս մեծագույն ձեռքբերումը  մեծահասակ աշակերտներիս նվիրումն է մեր ընդհանուր գործին: Չեմ կարծում, որ երբևէ ունեցել եմ մեծ կորուստներ: Եթե նույնիսկ դրանք եղել են՝ այդպիսով ավելի արժեքավոր բան եմ գտել:

Սիրած եկեղեցի ունեմ,  Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոսն է: Կառուցվածքով եռանավ բազիլիկ, շատ պարզ ու համեստ եկեղեցի է: Ինձ դուր է գալիս, որ բարձրադիր տեղում է կառուցված, և դրան հասնելու համար պիտի քաղաքից մի փոքր դուրս գալ, քայլել, ծուլությունդ հաղթահարել: Այդ փոքրիկ, հին եկեղեցում, ուր անգամ հասնելն է դժվար, Աստծո ներկայությունը խիստ զգալի է: Առհասարակ, շատ եմ սիրում փոքր, ուշադրություն չգրավող եկեղեցիներ: Դրանցում հատկապես շատ է հոգեղենությունը. այնտեղ ճոխությունն ու զարմացնելն առաջնային խնդիր չէ, որը հայկական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություն է: Կուզեի՝ սա պահպանվեր:

Դրախտն իմ պատկերացմամբ  ամենամաքուր, սիթեզված տարածքն է, ուր ինձ համար շատ անսովոր կլիներ: Ինձ հակադրությունների պայքարն է գրավիչ, մաքառումի ճանապարհը, ընկնելն ու նորից բարձրանալը: Եվ, առհասարակ, սիրում եմ ճանապարհը, ոչ դրա բերած արդյունքը:

Եթե Քրիստոս  հիմա գա աշխարհ՝  իհարկե, պատրաստ չեմ լինի, ինչպես ցանկացած ուսանող՝ քննությունից առաջ: Կուզեի ավելի «գերազանցիկ» լինել Իր աչքում և այդպիսին լինելու համար ամեն օր չսպասեի հաջորդ օրվան: (ժպտում է,-հեղ.):

Զրուցեց՝  Ա. Պողոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս