«Ես «ձախողում» բառի երկրպագուն չեմ, բայց Իսպանիայի վերջին արդյունքներն իսկապես չեն տպավորում». Լուիս Էնրիկե
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է այդ պաշտոնում նշանակվելու մասին նորությունը:
– Ի՞նչն էր պակասում թիմին, և ի՞նչ կարող եք դուք բերել:
– Մենք կանդրադառնանք անցյալում տեղի ունեցածին: Ես կցանկանայի առանձնացնել Լոպետեգիի և Իերոյի աշխատանքը: Նրանք հիանալի աշխատանք են կատարել:
Հաջողության և ձախողման միջև միայն բարակ թել է: Չնայած մեր տրամադրության տակ գտնվող խաղացողներին, մենք արդեն երրորդ խոշոր մրցաշարում ենք խաղում՝առանց հաղթանակների: Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է հաղթել: Մենք անձամբ վերլուծում ենք այս բոլոր դեպքերն ազգային թիմի հետագա շահերի համար:
– Ինչպիսի՞ն կլինի ձեր աշխատանքի ոճը:
– Ես շատ մոտ եմ խաղացողների հետ: Դա ինձ շատ է դուր գալիս: Խաղացողները սովորաբար ունեն անձնական տեսակետ, իսկ ես ունեմ հավաքական մտքեր: Որոշ դեպքերում մենք կհամաձայնենք, որոշներում՝ ոչ:
Իմ նպատակը խաղացողների կյանքն ավելի հեշտ դարձնելն է: Մենք ունենք հիանալի թիմ, որը հույս է տալիս ապագայի համար: Գնդակով խաղալիս մենք կարող ենք շատ խնդիրներ ստեղծել մրցակիցների համար:
– Դուք փոխելո՞ւ եք թիմի ոճը:
– Այն կարող է զարգանալ: Նույնը տեղի է ունեցել նաև «Բարսելոնայում»: Թիմը յուրահատուկ ոճ ուներ, բայց նրանք իմ գալուց մեկ տարի առաջ ոչինչ չէին նվաճել: Մենք կպահենք ոճը, այն համապատասխանում է խաղացողներին, սակայն մի քանի հավելումներ կլինեն:
Աճող ճնշում, հստակ պաշտպանություն, ավելի շատ պահերի ստեղծում: Ազգային հավաքականը պետք է հնարավորինս հավասար լինի ակումբի մակարդակին, չնայած խաղացողները միայն մեկ շաբաթ կլինեն իմ տրամադրության տակ:
– Կլինե՞ն փոփոխություններ թիմի կազմում:
– Ես «ձախողում» բառի երկրպագուն չեմ, բայց Իսպանիայի վերջին արդյունքներն իսկապես չեն տպավորում: Մենք շատ բանում ենք պարտական խաղացողներին: Ոչ մի հեղափոխություն չի լինի, կլինի էվոլյուցիա: Կլինեն ֆուտբոլիստներ, ում պետք է վստահել: Մենք կփորձենք արդար լինել բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ:
– Դուք քննադատությունից զուրկ չեք: Դա չի՞ բարկացնում:
– Ես ոչինչ չեմ տեսել, այնպես որ՝ այնքան էլ չէ: Ես անտիմադրիդիստ չեմ և, առհասարակ, հակա գաղափարներ չունեմ: Ես ցանկանում եմ հնարավորինս լավագույն կերպով ներկայացնել իսպանական ֆուտբոլը:
Սիրարփի Աղաբաբյան