Բաժիններ՝

Ո՞ւմ են պետք վիրտուալ կերպարները, և կարո՞ղ են դրանք փոխարինել իրական մարդկանց

Այս տարվա ամենահետաքրքիր կերպարներից են Instagram-բլոգեր Լիլ Միքուելան (Lil Miquela) և  Instagram-մոդել Շուդի Գրեմը (Shudu Gram), ովքեր, ինչպես պարզվեց, վիրտուալ կերպարներ էին:

Այս օնլայն-հերոսներից հետո սկսեց շատ քննարկվել այն հարցը, թե ովքե՞ր են վիրտուալ կերպարները, ինչպե՞ս և ինչո՞ւ են ստեղծվում դրանք, և կարո՞ղ են նրանք փոխարինել իրական մարդկանց:

Ավատարներ

Իրական կյանքից հեռանալու և վիրտուալ աշխարհում ապրելու առաջին և ամենահասարակ փորձն ավատարներն էին, որոնք անիմացված կերպարներ էին՝ իրական մարդկանց ձայներով երգող:

Կարդացեք նաև

ԱՄՆ-ում ավատարի առաջին հաջողված և հայտնի օրինակը Gorillaz խումբն է, իսկ Ռուսաստանում՝  երգչուհի Глюк’oZa-ն:

Gorillaz-ը համարվում է ավատարային ամենահաջողված խումբը: Այն ստեղծվել է 1998 թվականին Դեյմոն Ալբարնի և Ջեյմի Հյուլետի կողմից։ Նախագիծն իր մեջ ներառում է ահռելի մտացածին աշխարհ, որը շրջապատում է «վիրտուալ խմբին»՝ կազմված չորս անիմացիոն մասնակիցներից՝ 2D՝ վոկալ, ստեղնաշարային գործիքներ, Մյորդոկա Նիկկալսա՝ բաս-կիթառ, Նուդլ՝ կիթառ, վոկալ, և Ռասել Հոբբ՝ հարվածային գործիքներ:

Խմբի միակ մշտական անդամը Ալբարնն էր, որի վիրտուալ կերպարը  2D-ն էր: Ռասել Հոբբի, Նուդլի և Նիկկալսայի ձայնագրությունների համար հրավիրվում էին տարբեր երաժիշտներ:

Վոկալոիդներ

Խոսքը, այսպես կոչված, վոկալոիդների մասին է՝ թվային երգիչներ և երգչուհի, որոնց ձայնը սինթեզվում է, իսկ  համերգների ժամանակ օգտագործվում է 3D հոլոգրամը:

Վոկալոիդներն իրենց անունը ստացել են Vocaloid ծրագրի շնորհիվ, որի ստեղծումը ֆինանսավորվել է Yamaha-ի կողմից:

Վոկալոիդների համակարգը մշակվել է Բարսելոնայի համալսարանում: Յուրաքանչյուր ոք կարող էր ստեղծել իր վոկալոիդը: Դրա համար պարզապես պետք էր ունենալ Vocaloid Editor ծրագիրը, որտեղ պահպանվում էին վոկալոիդների բազաներ: Վերջիններս  ճապոներեն, չինարեն և անգլերեն լեզուներով էին: Բազաներում առկա էին կանացի, տղամարդու և երեխայի ձայներ: Առկա էին նաև այն հայտնի մարդկանց ձայները, ովքեր երբևէ կրկնօրինակել են անիմեների կերպարներին:

Ամենահայտնի վոկալոիդը փոփ երգչուհի Միկու Հացունեն (Miku Hatsune) է՝ Crypton ընկերությունից:

Միկուն իրական մարդ է, ում մասին շատ բան է հայտնի: Նա 16 տարեկան է, նրա հասակը 1 մետր 58 սանտիմետր է, իսկ քաշը՝ 45 կիլոգրամ: Միկուի 3D հոլոգրամը հայտնվում է համերգների ժամանակ, ինչպես նաև նա ելույթ է ունեցել Դեյվիդ Լեթերմանի շոուի ընթացքում: Նրա երգերը հայտնվում են առաջին հորիզոնականներում, նա ունենում է շրջագայություններ աշխարհով մեկ, ելույթ է ունենում հայտնի աստղերի հետ, գովազդում է Toyota Corolla-ն և FamilyMart խանութը:

Ճապոնիայում Հացունեն իսկական աստղ է:

Չնայած խելահեղ հաջողություններին՝ վոկալոիդները երաժշտության ոլորտից չկարողացան դուրս մղել այնպիսի իրական արտիստներին, ինչպիսիք են Ռիհաննան, Jay-Z-ն և Ջասթին Թիմբերլեյքը:

Թվում է, որ ժամանակակից փոփ երաժշտությունը կառուցված է կատարողի ձայնի լրացուցիչ մշակման վրա, և համերգների ժամանակ հաճախ չեն հնչում կենդանի կատարումներ, սակայն դեռևս երաժիշտ մարդիկ ավելի մեծ վստահություն են վայելում երկրպագուների մոտ, քան վոկալոիդները:

Թեև նշվում էր, որ վոկալոիդները շատ արագ կգրավեն երաժշտական ինդուստրիան,  փորձը ցույց է տալիս, որ առաջիկա տարիներին նման բան չի կանխատեսվում:

Ոչ կենդանի մոդելներ

Fashion-ինդուստրիայում վիրտուալ կերպարները հայտնվել են ավելի ուշ: Վիրտուալ կերպարների առաջնեկը Instagram-մոդել Շուդի Գրեմն (Shudu Gram) էր: Այն ստեղծված է բրիտանացի ֆոտոլուսանկարիչ Քեմերոն-Ջեյմսի  կողմից: Վիրտուալ մոդելն աֆրոանգլիացի է: Ֆոտոլուսանկարիչը ցանկացել է ստեծել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ կերպարը:

«Ես փորձում եմ ստեղծել մոդել, որը շատ նման է մարդուն»,- պատմել է Քեմերոն-Ջեյմսը:

Մոդելը ստեղծվել է Barbie-ի հայտնի  Princess of South Africa տիկնիկի նմանությամբ:

Մոդելը հիմա շատ հայտնի է Instagram-ում: Քեմերոն-Ջեյմսը նրա միջոցով կարողանում է մեծ գումարներ վաստակել:

Սա վիրտուալ մոդելի առաջին հաջողված օրինակներից է: Այս գաղափարը հասարակության կողմից ընդունվեց ոչ միանշանակ: Կարելի է ենթադրել, որ վիրտուալ մոդելներն առաջիկա տարիների ընթացքում չեն գրավի համացանցն ամբողջությամբ, կլինեն միայն մի քանի հաջողված և ստեղծարար օրինակներ:

Վիրտուալ մարդիկ

Վիրտուալ կերպարների հաջորդ զարգացումը բլոգերներն էին: Ամենահայտնի օրինակներից է Instagram-բլոգեր Լիլ Միքուելան (Lil Miquela): Նա 19 տարեկան է, ապրում է Լոս Անջելեսում և ունի բրազիլաիսպանական ծագում: Նա գրում է երգեր, սիրում է նորաձևությունը: Նրան գրեթե անհնար է տարբերել իրական բլոգերներից:

Նա լուսանկարներ է տեղադրում սրճարաններից և ակումբներից, սելֆիներ է անում իրական մարդկանց հետ, աջակցում է տրանսգենդեր մարդկանց  իրավունքների պայքարին, ֆեմինիստ է, իսկ Փարիզի նորաձևության վերջին շաբաթվա ընթացքում նա ուղիղ հեռարձակումներ էր անում:  Բլոգերի հետ արդեն հարցազրույցներ են անցկացրել այնպիսի հայտնի պարբերականներ, ինչպիսիք են Business of Fashion-ը և Billboard-ը:

Հիմա բլոգերն ունի 1,1 միլիոն հետևորդ Instagram-ում:

Մի կողմից՝ շատերը քննադատում են Լիլի ստեղծողներին՝ նշելով, որ նա անհավասար մրցակցություն է  ստեղծում իրական բլոգերների համար, իսկ մյուս կողմից էլ՝ նշվում է, որ վիրտուալ կերպարների համար ամենալավ մասնագիտությունը հենց բլոգերն է, քանի որ բլոգերները հազվադեպ են ունենում կենդանի շփումներ իրենց հետևորդների հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս