Առաջիկա տարիներին կրթության ֆինանսավորումը կմնա 2.2 տոկոսի սահմաններում
Անցած շաբաթ կառավարությունն ընդունեց 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի և նախանշում է առաջիկա 3 տարիների զարգացումները՝ ըստ ոլորտների։ Նախորդ տարվա ծրագրի ընդունումից հետո մեծ աղմուկ բարձրացավ կրթության մասով։
Բանն այն է, որ կառավարությունը նախատեսում էր նվազեցնել կրթության ծախսերը։ Նախատեսվում էր 2020 թվականին կրթությանը հատկացնել Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1.85 տոկոսը։ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ՀՆԱ-ից կրթությանը հատկացվող մասնաբաժինը 2 տոկոս սահմանագծից չնվազի։ Նոր կառավարության կանխատեսումներն ավելի լավատեսական են։ 2019-2021 թվականների ՄԺԾԾ-ով կանխատեսվում է, որ 2019-ին կրթությանը հատկացվող ՀՆԱ-ի մասնաբաժինն աննշան կնվազի և կլինի 2.12 տոկոս, իսկ 2020-2021 թվականներին ցուցանիշը կաճի և կդառնա 2.21 տոկոս։
Կրթությանը հատկացվող գումարները կաճեն նաև բացարձակ թվերով։ Նախկին կառավարության ծրագրով նախատեսվում էր 2019թ. կրթությանը հատկացնել շուրջ 125 մլրդ դրամ։ Նոր կառավարության ծրագրով այդ գումարը կլինի շուրջ 140 մլրդ դրամ։ 2021 թվականին այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 176 մլրդ դրամի։ Հաջորդ տարի շուրջ 4.5 մլրդ-ով կավելանա նախադպրոցական և դպրոցական կրթության բյուջեն։ Սակայն 2020-2021 թվականներին էական բարձրացում չի նախատեսվում։ Հատկացումների աճ է լինելու նաև նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության աստիճաններում։
Շեշտակի աճ է կանխատեսվում կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների մասով։ Մինչև 2021 թվականը կառավարությունը նախատեսում է քառապատկել ցուցանիշը՝ 15 մլրդ-ից հասցնելով շուրջ 60 մլրդ-ի։
Ծրագրային առումով նախատեսվում է առաջիկա տարիներին ընդլայնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որի շրջանակներում 1-4-րդ դասարանների աշակերտները ստանում են անվճար սնունդ։ Ավելանալու է դպրոցներում գործող նախակրթարանների թիվը։ Փոքր համայնքներում գործելու են քիչ ծախսատար նախադպրոցական ծառայություններ։
Տարեսկզբին հայտարարվել էր, որ Հայաստանն այսուհետ մասնակցելու է գիտելիքների ստուգման PISA հեղինակավոր ստուգատեսին։ Այդ նպատակով Հայաստանը տարեկան շուրջ 51 հազար եվրո անդամավճար է մուծելու։ Նշանակալի աճ է գրանցվելու ռոբոտատեխնիկայի զարգացման և ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորման մասով։ Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ծրագրի համար 2018թ. նախատեսել էր շուրջ 127 մլն դրամ։ Մինչև 2021 թվականը կառավարությունը նախատեսում է այս ծրագրի ֆինանսավորումը հասցնել շուրջ 1.5 մլրդ դրամի։ Յուրաքանչյուր տարի ինժեներական խմբակների թիվն ավելանալու է 300-ով։
Շատ կարևոր մի նախաձեռնություն կա։ 2020 թվականից նախատեսվում է մի շարք դպրոցներում արտադասարանական խմբակներ ստեղծել, ինչը հնարավորություն կտա ավելի վաղ սկսել օտար լեզուների ուսուցումը։
2020թ.-ին մեկնարկելու է նոր ծրագիր՝ ուսուցիչների կամավոր ատեստավորում։ Փաստաթղթում ոչինչ չի ասվում անվանման մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, այս ծրագիրը 2017 թվականին հայտարարված «Ուսուցիչ» նախաձեռնության շրջանակներում է իրականացվելու։ Ներկայումս գործող համակարգում ուսուցիչը կարող է ատեստավորման արդյունքում ստանալ տարակարգ։ Տարակարգի յուրաքանչյուր աստիճան ստանալուց հետո ուսուցչի աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով։ Նախարարությունը համարում է, որ այս թիվը շատ ցածր է և գրավիչ չէ ուսուցիչների համար։
Այդ պատճառով առաջարկվում է այլընտրանքային համակարգ։ Մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքում ուսուցիչը կարող է միանգամից ստանալ աշխատավարձի 50 տոկոս բարձրացում։ Առաջին տարում (հավանաբար՝ 2020-ին) կամավոր ատեստացիա անցնելու հնարավորություն կստանան 10-12-րդ դասարաններում մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, օտար լեզուներ և հայոց լեզու և գրականություն առարկաների դասավանդող ուսուցիչները: Այնուհետև փուլ առ փուլ կամավոր այլընտրանքային ատեստացիայի հնարավորություն կտրվի նաև մնացած ուսուցիչներին։
Եթե ուսուցիչը ցուցաբերում է 80 տոկոս և ավելի արդյունավետություն, ապա նա ստանում է աշխատավարձի 50 տոկոս բարձրացում։ 60-79 տոկոս ցուցանիշ ունեցող ուսուցիչները կհամարվեն ատեստավորված, բայց հավելավճար չեն ստանա։ Իսկ 60 տոկոսից ցածր ցուցանիշ ունեցող ուսուցիչները պարտավոր են 1 տարի անց վերաատեստավորվել։
Եթե 2-րդ տարում էլ չկարողանան վերաատեստավորվել, ապա նրանք ժամանակավորապես կզրկվեն դասավանդելու հնարավորությունից, մինչև հաղթահարեն դրական շեմը։ Փաստաթղթում կա կանխատեսում, որ 5 տարվա ընթացքում ուսուցիչների 45 տոկոսը ստանալու է 50 տոկոս հավելավճար, իսկ 0.34 տոկոսը չի կարողանալու հաղթահարել ատեստավորման շեմը։
Առաջիկա տարիների խոշոր ծրագրերից մեկը լինելու է դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը, որն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։ Բանկը տարեկան շուրջ 8 մլրդ դրամի վարկ է տրամադրելու Հայաստանին։ Հենց այս գումարի հաշվին է նաև առաջիկա տարիներին աճելու կրթությանը հատկացվող ֆինանսավորումը։
Վերջին տարիներին ՄԺԾԾ-ում ներկայացվում էր նաև Արարատյան բակալավրիատի ծրագիրը։ Այս տարվա ծրագրում Արարատյան բակալավրիատի մասին ոչինչ չկա գրված։