«Նոր իշխանությունները կողմ են ԽՍՀՄ բռնաճնշումներին նվիրված թանգարանի կառուցմանը և Հայաստանի սովետական շրջանի պատմության վերանայմանը». Էդգար Վարդանյան
«Խորհրդային անցյալի վերաբերյալ իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները շատ առումներով ցույց են տալիս, թե ինչպիսի վերաբերմունք ունի պետությունը ավտորիտարիզմի, բռնության մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների նկատմամբ, և ինչպիսի սկզբունքների վրա է խարսխված երկրի քաղաքական ներկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչ հեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» հետազոտության արդյունքները՝ այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։
Նա նշեց, որ հետհեղափոխական շրջանի իշխող քաղաքական վերնախավի մոտեցումներն էապես տարբերվում են մինչհեղափոխական շրջանի իշխող քաղաքական վերնախավի մոտեցումներից. «Հին իշխանությունները իրականացնում էին Հայաստանի սովետական անցյալի, հայ բոլշևիկների սպիտակեցման քաղաքականություն, ինչը ենթադրում էր, որ նրանք բացառապես դրական լույսի ներքո էին ներկայացնում այդ շրջանը, արդարացնում ոչ իրավական արարքները։ Իսկ ներկայիս իշխող քաղաքական վերնախավը միանշանակ դատապարտում է բռնաճնշումները՝ նշելով, որ որևէ առանձին վերցրած դրական քայլ չի կարող արդարացնել բռնությունները»։
Մինչհեղափոխական իշխող քաղաքական էլիտայի գործիքներից մեկը, ըստ նրա՝ հակառակորդին որպես սեփական պատմությունը սևացնողների էին դիտարկում. «Ասում էին՝ դուք ձեր պատմությունն ուզում եք սևացնել, քաղաքական դիվիդենտներ շահել, սեփական պատմությանը չեք տիրապետում, բոլոր սովետական անցյալը քննադատողներին ներկայացնում էին՝ որպես օտար պետությունների շահերը սպասարկողներ։ Նախկին և ներկայիս քաղաքական էլիտարները խորհրդային անցյալը դիտարկում են՝ որպես մեր պատմության անբաժանելի մի մաս, և կողմ են, որպեսզի այն դիտարկվի՝ որպես ժողովրդի զարգացման օրգանական մի հատված։ Նոր փուլի իշխանությունների մոտեցումներն ավելի փափուկ են։ Հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի ներկայացուցիչների մեծ մասը, որպես դրական երևույթ՝ առանձնացնում են ինդուստրալիզացիան, գիտության և մշակույթի զարգացումը, իսկ բացասական՝ կրավորական, ավտորիտար, բռնության մշակույթը»։
Հետհեղափոխական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, նրա խոսքով՝ կողմ են ԽՍՀՄ բռնաճնշումներին նվիրված թանգարանի կառուցմանը և Հայաստանի սովետական շրջանի պատմության վերանայմանը. «Հին վերնախավը հանդես էր գալիս պատմության վերանայման դեմ։ Գոյություն ունեն մի շարք բանաձևեր, որոնք ընդունված են եվրոպական կառույցների կողմից, որոնցով կոչ է արվում սոցիալիստական ճամբարի պետություններին՝ վերանայել իրենց սովետական շրջանի պատմությունը։ Նոր իշխանությունների մոտեցումները համահունչ են այդ մոտեցմանը»։
Հարցին՝ որքանո՞վ է օբյեկտիվ համեմատությունը, եթե հաշվի առնենք նախկին և ներկայիս իշխանությունների կառավարման ժամկետները, նա այսպես պատասխանեց. «Ես հին իշխանությունների դիրքորոշումը պարզել եմ՝ ուսումնասիրելով հենց այդ ժամանակաշրջանի մամուլը, իսկ նոր իշխանությունների դիրքորոշումը պարզել եմ հարցազրույցների միջոցով։ Բնականաբար, արդեն մենք կարող ենք համեմատել, որովհետև նրանց հետ խոսել եմ ոչ թե այն ժամանակ, երբ նրանք ընդդիմություն էին, այլ այն ժամանակ, երբ պաշտոնյաներ էին»։