Ինչ էր ԵՄ-ն սպասում Փաշինյանից
«ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բրյուսելյան որոշ դիտարկումներին:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում ամփոփելով իր այցը Բրյուսել՝ ՀՀ վարչապետն ասել էր հետևյալը.
«Ես իմ բոլոր հանդիպումներում ասում եմ՝ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ՝ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում էլ, մասնավորապես, հենց այդպես են ընկալում իրավիճակը։ Եվ ասում եմ, որ, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ է, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք, և հաջողություն կարձանագրվի: Վերադարձ նախկին ռեժիմին չի լինելու՝ ես դա բացառում եմ միանշանակ, և ես նաև ընդգծում եմ, որ մենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող էինք իրականացնել այդ բարեփոխումները, բայց նաև ընդգծում եմ, որ մենք, այսպես ասած, հայցորդի կամ խնդրարկուի կարգավիճակում չենք, մենք մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները:
Եվ ինչու եմ այսպես ասում, որ, ըստ էության, մեր հեղափոխությունից հետո մենք մասնավորապես Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ հայտարարություններ, ողջունող հայտարարություններ, բայց, ըստ էության, քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա, այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ: Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»։
Բրյուսելյան այցի օրերին Euronews-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի, նաև՝ ՆԱՏՕ-ի և Արևմտյան երկրների, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: «Այնպես որ՝ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,- հավելել է նա:
Ալեքսանդր Ռարն ասաց, որ ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով՝ հաշվի առնելով ԵՄ-ի նախկին հայտարարությունները, որ ԵՄ-ն աջակցում է ժողովրդավարացման գործընթացներին, իսկ նա վարչապետ է դարձել հեղափոխության արդյունքում, որը Բրյուսելը ողջունել է և որակել՝ որպես ժողովրդավարական, եվրոպական գործընթաց:
Նրա գնահատմամբ՝ ինչ-որ առումով այդ սպասելիքներն արդարացված են, քանի որ Հայաստանը տեսել է, թե ինչպես են հովանավորել հեղափոխություններից հետո Վրաստանին և Ուկրաինային:
«Տարբերությունն այն է, որ հայաստանյան գործընթացը չունեցավ տեսանելի արտաքին քաղաքական կոնտեքստ, չհնչեցին կողմնորոշումներ փոխելու հայտարարություններ, ընդգծվեց, որ սա ներհայաստանյան պայքար էր, և արտաքին ճակատում ոչինչ չի փոխվում: Գուցե սա չի գոհացնում Եվրամիությանը: Բայց եթե ԵՄ-ն հայտարարում է, որ ժողովրդավարությանը կաջակցի, և ողջունում է այն ամենը, ինչ ՀՀ վարչապետն է անում, ուրեմն պետք է այլ կերպ արձագանքի»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Ռարը:
Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն նման կերպ չի վարվում, ուրեմն չունի դրա ռեսուրսը, կամ Հայաստանից այլ հռետորաբանություն էր ակնկալում:
«Հակված եմ կարծել, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը հաճախ է նշում, որ Հայաստանի հարաբերությունների բնույթը Ռուսաստանի հետ ոչ միայն չի փոխվելու, այլև է՛լ ավելի է խորանալու: Սրանով վարչապետը փորձում է այս հարցում տարակարծությունների և մոլորությունների հնարավորությունը վերացնել»,- ասաց նա:
Ռարն այն կարծիքին է, որ Հայաստանը Եվրամիությունից չի ստանա այն մասշտաբի աջակցություն, ինչ Վրաստանն ու Ուկրաինան ստացան և ստանում են: «Բայց դա պայմանավորված է նաև ներքին, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներով: Որոշակի աջակցություն և ոչ քիչ կլինի, բայց դա, այնուամենայնիվ, համարժեք չի լինի այն աջակցությանը, որը ԵՄ-ն կպարտավորվեր այն դեպքում, եթե վստահ լիներ, որ Հայաստանը ճանապարհ է անցնելու ԵՄ-ի հետ»,- ասաց Ռարը: