«Հայաստանը պետք է միայն մեկ բան հիշեցնի Մինսկի խմբին». Կայծ Մինասյան

«Ադրբեջանը Բրյուսելում հաջողություն չի ունեցել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

«Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից ի վեր սա նման ձևաչափով կողմերի միջև առաջին բարձր մակարդակի հանդիպումն է եղել: Նախարարները մտքեր են փոխանակել ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկել հետագա քայլերն ու առարկայական բանակցությունների վերսկսման պարամետրերը: Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր հետագա հանդիպումների կապակցությամբ, այդ թվում` վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր: Համանախագահները կարևորել են լարվածության նվազեցման և ռազմատենչ հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը` օգնել կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծումը` Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների, այդ թվում` ուժ չկիրառելու սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի հիման վրա: Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում` համանախագահների հովանու ներքո»,- ասված է ՄԽ հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ` միտված միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:

Մինասյանն արձանագրեց, որ դա նախարարների առաջին կոնտակտն էր: «Առաջին հանդիպումը երկու արտգործնախարարների միջև, ովքեր չեն ճանաչում միմյանց: Եկեք համբերատար լինենք: Այլ հնարավորություններ կլինեն: Ավելին, Մինսկի խմբի համանախագահությունը նոր հանդիպում է կազմակերպելու երկու երկրների արտգործնախարարների միջև: Այս անգամ դա կլինի աշխատանքային հանդիպում»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա՝ այս պահին Հայաստանը պետք է միայն մեկ բան անի՝ Մինսկի խմբին հիշեցնի, որ Բաքվից պատերազմի վտանգի տակ անհնար է բանակցել: «Ոչ մի սպառնալիք և բանակցություն չեն կարող միաժամանակ առաջ շարժվել: Եթե չկա մշտական սպառնալիք, բանակցությունները կարող են առաջ շարժվել: Եթե սպառնալիքները շարունակվեն, բանակցությունները կփակվեն»,- ասաց Մինասյանը:

Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում, ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում, ինչպես նաև համանախագահների հայտարարությունում տեղ գտած ոչ այնքան հայամետ բառապաշարը, Մինասյանը պատասխանեց, որ պետք է հիշել` քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվում, արևմտյան երկրները կարող են խոսել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

«Սակայն, ինչպես գիտեք, Եվրամիությունը համաձայնագրեր է կնքում Հայաստանի հետ, որտեղ Բրյուսելը պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ այս փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ամենևին էլ հաջողություն չեն նշանակում ադրբեջանական կողմի համար:

Նշենք, որ ըստ հաղորդագրությունների՝ ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում շեշտադրվել էին տարածքային ամբողջականության սկզբունքը և Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքները:

Տեսանյութեր

Լրահոս