Բաժիններ՝

Սլովենա-իտալական արտադրության «Իվան» ժապավենը «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցույթում է

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ընդգրկված «Իվան» ֆիլմի գլխավոր դերակատար Մարուշա Մայերը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս կինոնկարն ազգային սահմաններից դուրս է: Այն պատմություն է մայրության, սիրո և մեր կյանքի սկզբի` ծննդի մասին:

Անդրադառնալով ֆիլմում կատարած իր աշխատանքին` նա շեշտեց, որ իր համար բավականին բարդ էր նկարահանվելը, բայց հաճելի:

Մայերը շեշտեց, որ ինքը դեռ չի մայրացել, և ծննդաբերող կնոջը կերպավորելը սկզբում խնդիր էր: «Ներկա եմ եղել մի շարք ծննդաբերությունների, խոսել եմ տարբեր մայրերի հետ նրանց զգացմուքների, ապրումների մասին: Պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրն ուրույն պատմություն ունի, որը տարբերվում է մյուսներից: Որոշեցի կերտել իմ կերպարը, որը կունենա իր առանձնահատկությունները»,-խոստովանեց դերասանուհին: Նա հավելեց, որ շատ է սիրում իր կերպարի համարձակությունը, հանդուգն լինելը:

Երբ դեռատի Մառան աշխարհ է բերում Իվանին, անսպասելի և նյարդեր քայքայող դեպքերի շարան է սկսվում: Անհետանում է Իվանի հայրը՝ ամուսնացած գործարար Ռոկը, որին Մառան սիրում է խենթի պես: Երբ նա պարզում է, որ Ռոկը մեղադրվում է զեղծարարության համար, Ռոկի կնոջ մերձավորները Մառային դաժանորեն ծեծում են: Ռոկին ու Մառային հաջողվում է լինել միասին, բայց Մառան հայտնվում է անելանելի վիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել սիրեցյալի և իր երեխայի միջև:

Մարուշա Մայերի խոսքով` կինոժապավենի ռեժիսորի երկրորդ որդու ծննդից հետո է ստեղծվել ժապավենը: Այդ ժամանակ ռեժիսոր Յանեզ Բուրգերը մտածել է, թե ինչ աշխարհում է հայտնվել իր որդին, և ինչ է պետք անել, որ աշխարհն ավելի լավը դառնա:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս