Աղա՞նդ, թե՞ խղճի ազատություն
Այս շաբաթ Մայր Աթոռում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհուրդը նիստից հետո հայտարարություն տարածեց: Նշվում էր, որ հուլիսի 6-ին Մայր Աթոռի Կարգապահական խորհուրդը որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկել կարգալույծ հռչակել Կորյուն աբեղա Առաքելյանին: Հարցի քննարկման ընթացքում ԳՀԽ-ն «մեկշաբաթյա վերջնաժամկետ է սահմանել հնարավորություն տալով հակականոնական շարժում սկսած անձանց զղջման ու ապաշխարհության ճանապարհով վերադառնալու Ս. Էջմիածնի հովանու ներքո: Կորյուն աբեղային որոշվեց ապաշխարհության շրջան սահմանել վանքերիվ մեկում»:
Մեր ունեցած տեղեկություններով, Հայ եկեղեցու դեմ շարժման փորձ կազմակերպողները նոր մարտավարություն կիրառելու հանձնարարություն են ստացել: Պատճառն այն է, որ քրիստոնեական ավանդական կանոնի համաձայն, եկեղեցու դեմ շարժում սկսելու դեպքում ցանկացած հոգևորական նույն եկեղեցու բարձրագույն իշխանության կողմից կարող է հերծվածող կամ աղանդավոր հռչակել: Հայ եկեղեցու շատ եպիսկոպոսներ Կորյուն աբեղայի պարագային, նրա սկսած շարժումը հենց հերծված, կամ աղանդ են որակել: Այսինքն՝ կանոնիկ քրիստոնեական ավանդույթի համաձայն, Հայ եկեղեցին հոգևորականի առաջնորդությամբ սկսված շարժումը հերծված, կամ աղանդ են որակել: Եվ նման որոշումը պարտադիր ընդունելի կլինի քրիստոնեական բոլոր ավանդական եկեղեցիների համար: Այս ամենից խուսափելով, շարժման ստվերային ղեկավարները շարժման ախարհիկ անդամներին առաջարկել են շարժումից մեկուսացնել Կորյուն աբեղային: Այդ դեպքում նրանք կկարողանան խուսափել հերծված, կամ աղանդ որակվելուց և կշարունակեն հանդես գալ ոչ որպես Հայ եկեղեցու անդամ: Նրանք այս դեպքում իրենց պաշտպանված կհայտարարեն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքով»:
Սակայն այն, որ տվյալ եկեղեցու անդամ չհանդիսացող մարդը չի կարող տրամաբանորեն որևէ եկեղեցականի պաշտոնանկություն պահանջել, շարժման անդամներին առայժմ չի հուզում: Նրանք մի անգամ ասուլիս կազմակերպել են, որի ընթացքում բանախոսներից մեկը երեք անգամ կրկնեց, որ Հայ եկեղեցու անդամ չէ, բայց պահանջեց Ամենային Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Հավանաբար, նրանց հանձնարարել են հնարավորիս բարձր աղնուկ բարձրացնել: