«Ադապտացիա». Աստծո նկատմամբ հավատը համախմբում է բոլորին
Երիտասարդ ռեժիսոր Մանե Բաղդասարյանն իր անդրանիկ «Ադապտացիա» ֆիլմով փորձել է շեշտել այն փաստը, որ Աստծո նկատմամբ հավատը համախմբում է բոլորին: Արդեն իսկ 11 միջազգային ու հայկական մրցույթներում ներկայացված և 7 մրցանակի արժանացած կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում է:
«Ադապտացիա»-ն իմ առաջին աշխատանքն է, մտահղացումը վաղուց է եղել: Միշտ մտածել եմ, որ իմ քաղաքը՝ Երևանը, կինեմատոգրաֆիկ է: Ֆիլմն իր ժանրով տարբերվում է, իմպրեսիոնիստական է»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մանե Բաղդասարյանը:
Ֆիլմը Երևանի իմպրեսիոնիստական դիմանկարն է, որտեղ արտացոլված է ժամանակի (2017 թ.) պատկերը։ Հերոսները համակերպվում են սեփական խնդիրներին, միապաղաղ կյանքին, սև ու սպիտակ քաղաքին, բարեգործական ճաշարանում տարածվող անհամ ճաշի հոտին և արտագաղթին, քաղաքի տարբեր անկյունների ամենատարբեր ռիթմերին, միայնակ ծերերով ու մուրացկաններով անվերջ գնացող տրոլեյբուսին։
Ռեժիսորի խոսքով՝ այս մարդկանց համախմբողը հավատն է առ Աստված։ «Ֆիլմը նկարահանելու ընթացքում մի պապիկի հանդիպեցի, ով ամեն օր եկեղեցի է գնում: Նա 24 ժամ նստած է եկեղեցու բակում: Ես դա չեմ շեշտադրել ֆիլմում, նրան հանդիպելուց հետո հասկացա, որ միայնակ ծերերի միակ հույսն Աստված է: Մարդիկ չեն հանձնվում և մինչև վերջ են ադապտացվել խնդիրներին»,-նշեց Մանե Բաղդասարյանը:
Ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմի փառատոնային հաջողությունները սկսվել են Չինաստանից, այն նաև ցուցադրվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ:
Այս պահին երիտասարդ ռեժիսորն աշխատում է իր «Ճայը» ֆիլմի վրա, որը նկարահանվել է Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի մոտիվներով: Այդ ֆիլմը ևս ներկայացվելու է տարբեր փառատոնների: