Հայաստանի անվտանգության պատմական համակարգը (Գրառում Բ)
Հայաստանի անվտանգության հարցեր
Գրառում Բ
Մաս 2
Միջին շրջան. Բագրատունյաց պայքարը
(մաս 1-ինը՝ այստեղ)
Արաբական տիրապետության շրջանում (8-9-րդ դդ.-ում) Բագրատունիները հետևողականորեն նախապատրաստեցին Հայոց թագավորության վերականգնումը: Բագրատունյաց մաքիավելիական քաղաքականության հիմքում, ի հակադրություն բյուզանդական ազդեցությամբ գործող Մամիկոնյանների և Կամսարականների, համագործակցությունն էր արաբական խալիֆայության հետ: Արաբներին նախ և առաջ հետաքրքրում էր բյուզանդական ազդեցության բացառումը Հայաստանում: Երկրի ներքին գործերին արաբները պարսիկների օրինակով շատ չէին խառնվում և ոչ էլ ունեին Հայաստանը լիովին ենթարկելու ռեսուրսը: Հայաստանն ուներ սեփական զորք, որը գլխավորում էր հայազգի սպարապետը, և կառավարվում էր նույնպես հայազգի Հայոց իշխանի կողմից: Մայրաքաղաք Դվինում նստող և արաբական գերիշխանությունը ներկայացնող ոստիկանն ուներ ավելի ներկայացուցչական և վերահսկիչ, քան անմիջական կառավարման գործառույթներ:
Արաբական գերիշխանության տակ եղած Հայաստանի վրա ազդեցություն գործելու բյուզանդական փորձերը հիմնականում արտահայտվում էին նախ՝ իրենց կողմից հրահրվող հակաարաբական ապստամբություններով (որոնց գլուխ առավել հաճախ կանգնում էին Մամիկոնյանները), և երկրորդ՝ Հայ Եկեղեցու դավանաբանական և ինստիտուցիոնալ անկախության դեմ ուղղված գործողություններով: Այս երկու ուղղությամբ էլ Բագրատունիները բյուզանդական քաղաքականության դեմն առնողներն էին: Սա պայմանավորված էր Հայաստանի ներքին անկախության պահանջով, բայց այս կետում համընկնում էին հայերի ու արաբների շահերը, որով Բագրատունյաց հավատարմությունը Խալիֆայությանը փոխշահավետ գործարք էր դառնում: Հատկապես որ, ի տարբերություն պարսիկների և արաբների, բյուզանդացիները երբ հաջողում էին գերիշխանություն հաստատել Հայաստանի այս կամ այն հատվածի վրա, առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում էին վերացնել հայոց ներքին անկախությունը՝ հայոց իշխանների հողային խոշոր սեփականությունը, ինքնուրույն հայկական զորամիավորումները, եկեղեցական անկախությունը:
8-րդ դարավերջում հերթական հակաարաբական ապստամբության պարտությունից հետո ասպարեզից հեռացան Մամիկոնյաններն ու Կամսարականները: Բագրատունի Աշոտ Մսակերը կարողացավ ժառանգել նրանց ընդարձակ կալվածքները Տարոնում, Շիրակում և այլուր: Սա արդեն հայոց ապագա թագավորության նյութական հիմքն էր: Հայաստանը միշտ եղել է բազում իշխանների երկիր, որոնց մի մասը, թեև մյուսներից ավելի ուժեղ, երբեք այնքա՛ն ուժեղ չի եղել, որ կարողանար մյուսների նկատմամբ գերիշխանություն հաստատել. Արշակունիների շրջանում Հայոց թագավորը, իսկ հետագայում՝ օտար տիրակալները Հայաստանում ունեցել են գերիշխո՛ղ դիրք, այլ ո՛չ բացարձակ իշխանություն, քանի որ տեղերում իշխանությունն իշխաններինն էր: Բագրատունիներն իրենց ձեռքում կենտրոնացնելով սովորականից ավելի ընդարձակ կալվածքներ, նաև մենաշնորհելով երկրի ներքին կառավարման երկու կարևորագույն՝ Հայոց իշխանի և սպարապետի դիրքերը՝ գերիշխող դիրք ստանձնեցին առնվազն Հյուսիսային Հայաստանում:
Բագրատունիների հավակնություններն ու ծրագրերն ընդարձակ էին: Ըստ որոշ տվյալների՝ նրանք նպատակ ունեին ոչ միայն վերստեղծելու Հայոց թագավորությունն իր նախկին սահմաններով, այլև միավորելու Հայաստանը, Վրաստանն ու Աղվանքը մեկ թագավորության մեջ: Այս ծրագիրը ենթադրում էր ոչ միայն ռազմաքաղաքական, այլև գաղափարական հիմնավորում: Դրա համար ճիշտ են այն գիտնականները (նախ և առաջ՝ Հ. Մանանդյանը), որոնք Խորենացու Պատմությունը և Աշխարհացույցի ստեղծումը վերագրում են 9-րդ դարին: Դրանք ոչ թե պատահական գիտական ակադեմիական գործեր էին, այլ Հայոց թագավորության վերստեղծման գաղափարական հիմնավորումներ:
Խորենացու պատմությունը մեր պատմագիտության մեջ առաջին անգամ տալիս էր ամբողջական Հայոց պատմություն, որով հիմնավորում էր հայերի՝ վաղուց ի վեր պետություն ունեցող ազգ լինելը: Բացի այդ՝ շրջանառության մեջ էր դրվում Բագրատունիների հրեական ծագումը՝ նրանց ազգակցական կապը հինկտակարանյան Դավիթ թագավորի և անուղղակիորեն՝ Աստվածածնի ու Քրիստոսի հետ՝ ի հակադրություն նախկինում գոյություն ունեցող՝ Հայկյան ծագման վարկածի: Հրեական ծագումը Բագրատունիներին անհրաժեշտ էր հենց թագավորության վերականգնման խնդրում և ըստ էության՝ հակաբյուզանդական քաղաքականության հերթական քայլն էր:
Բյուզանդականության տեսակետից քրիստոնյա աշխարհում կարող է լինել միայն մեկ թագավոր, միայն մեկ ինքնիշխան, ինքնակալ տիրակալ՝ բյուզանդական կայսրը: Որևէ այլ քրիստոնյա թագավոր, ըստ այդմ, լեգիտիմ չէ: Պատահական չէ, որ բյուզանդացիք երբեք էլ նույն Բագրատունիներին չեն ճանաչել թագավոր, այլ միայն՝ իշխան կամ իշխանաց իշխան: Հաղթահարելու համար բյուզանդական այդ գաղափարախոսությունը, որն ազդեցություն ուներ նաև Հայքում, Բագրատունիներին պետք էր իրենց ապագա թագավորության՝ ամբողջ քրիստոնյա աշխարհի (այլ ոչ թե միայն Հայաստանի) տեսակետից լեգիտիմ հիմնավորում:
Հայկից սերելը կարող էր գերիշխող դիրք ապահովել Հայաստանում, բայց Հայաստանից դուրս դա ոչ մեկին հետաքրքիր չէր: Դրա համար էլ Խորենացու պատմության հեղինակն առաջ է քաշում հրեական ծագման վարկածը: Դավիթ թագավորի և Աստվածածնի հետ կապ ունենալն ուժեղ քարտ էր, որով կարելի էր հաջողությամբ խաղալ՝ ընդդեմ բյուզանդականության: Իսկ Աշխարհացույցով Հայաստանի սահմաններն ամրագրվում էին այնպես, ինչպես էի՛ն Արշակունյաց շրջանում, բայց վաղուց արդեն չէի՛ն Արշակունյաց անկումից հետո: Թագավորության վերականգնման ծրագրի մյուս կարևոր մասը Հայ Եկեղեցու ինքնուրույն դիրքի ամրապնդումն էր, որի մշտական ջատագովներն են եղել Բագրատունիները: Հայ Եկեղեցու դավանաբանական և ինստիտուցիոնալ ինքնուրույնությունն այլ բան չէ, քան եկեղեցու՝ որպես Հայոց թագավորության մաս, կառույց լինելու դիրքի հաստատումը:
Այս ամենի հիմամբ՝ Արաբական խալիֆայության թուլացման պայմաններում, 885 թ.-ին Բագրատունյաց Աշոտը՝ Մսակեր Աշոտի թոռը, հռչակվեց Հայոց թագավոր: Սա ծրագրի առաջին մասն էր, որը հաջողությամբ իրացվեց: Բայց Բագրատունիների հավակնոտ նախագծի մյուս մասերը, ցավոք, տապալվելու էին: Այդ տապալումը մեզ նորից վերադարձնում է նախորդ շարադրանքի հիմնական խնդրին՝ Արարատյան Դաշտի և Ատրպատականի փոխհարաբերությանը:
Թագավորություն հռչակելը դեռ չի նշանակում թագավորության լիարժեք վերականգնումը: Ի թիվս այլ կարևոր խնդիրների՝ պետք էր լուծել Արարատյան դաշտի ապահով վերահսկողության խնդիրը: Հայաստանի մայրաքաղաք էր դեռ համարվում Դվինը, որտե՛ղ էր նաև Հայոց կաթողիկոսի նստավայրը: Դվինի և Արարատյան դաշտի վերահսկողությունը Հայոց թագավորության վերականգնման Բագրատունյաց ծրագրում ուներ և՛ խորհրդանշական, և՛ նյութական՝ անվտանգության հիմնարար նշանակություն:
Հայոց թագավորության հռչակման պահին Բագրատունիներն անմիջականորեն և ապահով վերահսկում էին իրենց հայրենական կալվածքներն ընդգրկող տարածքը՝ Շիրակը, Բագրևանդը, Տարոնը: Դեռևս Հայոց իշխան և Իշխանաց իշխան եղած ժամանակներից Բագրատունյաց գերիշխանությունը ճանաչում էին արաբական տիրապետության տակ եղած մյուս հայկական, նաև՝ արևելավրացական իշխանները: Սակայն այդ գերիշխանությունն արդյո՞ք լինելու էր իրական, թե ձևական՝ կախված էր ամեն տվյալ պահի ուժային հարաբերակցությունից: Հայաստանի հարավում՝ Վասպուրականում, և հարավ-արևելքում՝ Սյունիքում, համապատասխանաբար Արծրունյաց և Սյունյաց իշխանները կարողացել էին իրենց տեղական գերիշխանությունը հաստատել այդ տարածքների մյուս իշխանների նկատմամբ: Թե՛ Արծրունիները, թե՛ Սյունիներն իրենց հերթին առժամանակ ճանաչում էին Բագրատունյաց գերիշխանությունն իրենց նկատմամբ: Եթե Բագրատունիներին հաջողվեր ամուր վերահսկողություն հաստատել Արարատյան դաշտում, ապա Արծրունիների, Սյունիների և մյուսների (այդ թվում՝ վրաց) նկատմամբ նրանց գերիշխանությունը կհաստատվեր՝ որպես իրական: Պատմությունը, սակայն, այլ կերպ ընթացավ:
Արաբական խալիֆայության թուլացումից և քայքայումից հետո նրա տարածքում գոյացան այլևայլ անկախ իշխանություններ և թագավորություններ, որոնք առժամանակ ձևականորեն ճանաչում էին խալիֆի գերիշխանությունը: Բագրատունյաց Հայքը դրանցից մեկն էր: Մյուսը, որը տվյալ դեպքում կարևոր է մեզ համար, Ատրպատականի էմիրությունն էր: Երկուսի՝ Բագրատունյաց և Ատրպատականի շահերը բնականից բախվում էին: Այդ շահերի բախմամբ պայմանավորված պայքարը ծավալվեց 8-րդ դարավերջում և 9-րդ դարասկզբում՝ հայոց թագավորներ Սմբատ Ա-ի և Աշոտ Երկաթի օրոք: Այդ պայքարի մանրամասները հայտնի են պատմության դասագրքերից: Մեր խնդիրն այստեղ ոչ թե մանրամասներն են, այլ պայքարի էությունն անվտանգության տեսակետից:
Առաջին Բագրատունի արքաների և Ատրպատականի էմիրների համառ պայքարը մեր պատմագիտության մեջ ավանդապես ներկայացվում է որպես հայերի պայքար արաբական լծի դեմ: Մինչդեռ տեսանք, որ Բագրատունիների ռազմավարությունը եղել է ոչ թե արաբների դեմ պայքարը, այլ նրանց հետ համագործակցությունը՝ ընդդեմ բյուզանդականության և հանուն Հայաստանի անկախության: Բագրատունյաց և Ատրպատականի բախումը եղել է ոչ թե հայ-արաբական, այլ թուլացած Խալիֆայության ավերակներում գոյացած երկու իշխանությունների պայքար: Բագրատունիների նպատակը՝ ընդարձակ և ուժեղ Հայոց թագավորության վերստեղծումը ուղղակի մարտահրավեր էր Ատրպատականի անկախության համար. որևէ ուժեղ Հայաստան, որը վերահսկելու էր Արարատյան դաշտը և Վասպուրականը, գերակա ազդեցություն էր ունենալու Ատրպատականի ուղղությամբ՝ Իրանի մասնատված լինելու պարագայում: Այսինքն՝ սա Ատրպատականի անկախության հարցն էր: Եվ հակառակը. Ատրպատականում ուժեղ պետության գոյությունը մարտահրավեր էր միացյալ Հայաստանի ստեղծմանը: Ուժեղ Ատրպատականի ազդեցությունը բնականից ծավալվելու էր մի կողմից՝ Նախիջևան-Արարատյան դաշտ ուղղությամբ, մյուս կողմից՝ դեպի Վասպուրական, այնքան ժամանակ, քանի դեռ Բագրատունիների վերահսկողությունն ամուր էր միայն իրե՛նց հայրենի կալվածքներում:
Արարատյան դաշտի, հատկապես Դվինի ամուր վերահսկողությունը Բագրատունիներին պետք էր և՛ որպես Հայոց թագավորների դերում նրանց հաստատման կարևոր խորհրդանիշ, և՛ որովհետև Դվինից ավելի հեշտ էր լինելու հաստատել գերիշխանությունը Վասպուրականի և Սյունիքի նկատմամբ: Այդու՝ ծավալվում է համառ ու տևական պայքար Ատրպատականի և Բագրատունիների միջև, որտեղ հիմնական ռազմավարական կետերն էին Արարատյան դաշտի, Վասպուրականի և Սյունիքի նկատմամբ գերիշխանության հարցը: Ատրպատականի իշխանները չէին կարող և չէին պատրաստվում նվաճել հայկական այդ երկրամասերը: Նրանց խնդիրը լուծված կլիներ, եթե դրանք դուրս մնային Բագրատունյաց վերահսկողությունից և կազմեին անկախ կամ կիսանկախ միավորներ, որոնք առանձին-առանձին այլևս մարտահրավեր չէին լինի Ատրպատականի համար:
Ատրպատականցիները նախ գործում են իրենց անմիջական հարևան Վասպուրականի ուղղությամբ: Այստեղ մյուս իշխանների նկատմամբ գերիշխանություն հաստատած Արծրունիները թեև ընդունում էին Բագրատունիների գերիշխանությունը, սակայն տիրանալով Բագրատունիներից ոչ պակաս ծավալուն տարածքային հենքի՝ բնական է, որ պետք է սեփական հավակնություններն ունենային: Մի քիչ ավելի թույլ, բայց նույն միտումը կար նաև Սյունյաց մեջ:
Բագրատունիների գերիշխանությունը մյուս հայոց իշխանների նկատմամբ պայմանավորված էր ոչ միայն իրենց ներուժով, այլև Խալիֆայության հետ հարաբերություններով։ Նոր պայմաններում, երբ Խալիֆայությունը թուլանում է, Բագրատունիները մի կողմից՝ կարողանում են հասնել թագավորության հռչակման, մյուս կողմից՝ հակառակը՝ հարցականի տակ է դրվում նրանց գերիշխանությունը: Նրանք պետք է փորձեին վերահաստատել դա նոր պայմաններում:
Արծրունիների սկզբնական նպատակը անջատ Վասպուրականի թագավորության ստեղծումը չէր, այլ Բագրատունիների փոխարեն Հայոց թագավոր դառնալն էր: Այդ հավակնության գաղափարական հիմնավորումը Թովմա Արծրունու «Պատմություն տանն Արծրունյաց» երկն էր, որը կազմված էր ի նմանություն, բայց և ի քողարկված հակադրություն Խորենացու և Դրասխանակերտցու բագրատունիամետ երկերին: Իրենց ծրագրի իրականացման շրջանակներում Արծրունիները դաշնակցում են Ատրպատականի հետ, սկզբում՝ քողարկված, ապա՝ բացահայտ: Նրանք ծրագրում են Ատրպատականի օգնությամբ տապալել Բագրատունիներին, ապա գերշխանություն հաստատել ամբողջ Հայաստանի, այդ թվում՝ Դվինի նկատմամբ: Ծրագիրն իրատեսական չէր, բայց երբ երկու գրեթե հավասարազոր ուժեր հանուն գերիշխանության պայքարում բախվում են միմյանց, հազվադեպ են մշակվում իրատեսական ծրագրեր:
Բագրատունիների համար այս ամենը գաղտնիք չէր: Սկզբնական շրջանում՝ դեռ Աշոտ Ա-ի օրոք, պայքարը ծավալվում էր ոչ թե բացահայտ, այլ ավելի դավադրությունների մակարդակում: Կողմերի միջև պաշտոնապես տիրում էին եղբայրական սեր և համերշախություն, սակայն ոչ մեկի համար էլ առանձնապես գաղտնիք չէր, որ ոչ պաշտոնապես երկուստեք ընթանում է քողարկված պայքար: Աշոտ Ա Բագրատունին երկաթե սառնասրտության տեր էր և բագրատունիական մաքիավելիզմի մարմնավորում: Նա այն մարդն էր, որը պահպանեց իր հավատարմությունը Խալիֆայությանը, նույնիսկ երբ հայրը՝ հայոց սպարապետ Սմբատ Խոստովանողը արաբական գերության մեջ էր և այնտեղ էլ նահատակվեց՝ հրաժարվելով իսլամ ընդունելուց:
Վասպուրականի նկատմամբ Աշոտ Ա-ի քաղաքականությունը նույն ոճն ուներ: Այդ երկրամասում իր գերիշխանությունն ամրացնելու համար նա հրահրում էր Արծրունիների երկու ճյուղերի միջև պայքարը՝ հանուն տոհմական գահերեցության՝ աջակցելով մե՛րթ մեկ, մե՛րթ մյուս կողմին: Հարկ եղած դեպքում կարող էր դիմել նաև ծայրահեղ միջոցների: Այսպես, լուրջ կասկածներ կան, որ Արծրունյաց իշխան և Աշոտի Ա-ի դստեր ամուսին Դերենիկի սպանությունը կազմակերպել է ինքը՝ Աշոտ Ա-ն: Թովմա Արծրունին թեև չի համարձակվում ուղիղ պնդել, բայց ամեն բան անում է, որ ընթերցողի մեջ այդպիսի կասկած ծագի: Այդուհանդերձ, նույն Աշոտի մասին Թովման խոսում է ծայրահեղ ակնածանքով:
Իրավիճակն ավելի է սրվում Աշոտ Ա-ի հաջորդի՝ Սմբատ Ա-ի ժամանակ, որն իր պապու պես պետք է դառնար Սմբատ Խոստովանող, այսինքն՝ նահատակ: Հատկանշական է, որ կռվախնձոր է դառնում Նախիջևանը՝ Ատրպատական-Դվին ճամփի կարևորագույն օղակը: Նախիջևանի հանդեպ հավակնություններ ունեին թե՛ Արծրունիները, թե՛ Սյունիները: Սմբատ Ա-ն սկզբում Նախիջևանը պարգևում է Արծրունիներին, իսկ ապա՝ Դերենիկի ավագ որդի Աշոտ Արծրունու վաղահաս մահից հետո տալիս է Սյունիներին: Նախիջևանյան հարցն Արծրունիները քիչ անց պատրվակ են դարձնում Բագրատունյաց դեմ ապստամբության համար:
Դերենիկի մյուս որդի Գագիկը, տիրանալով Արծրունյաց ժառանգությանը, դաշինք է կնքում Ատրպատականի էմիր Յուսուֆի հետ: Գագիկն իրեն հռչակում է Հայոց թագավոր՝ հավակնելով ամբողջ Հայաստանի (ոչ թե միայն Վասպուրականի) թագավորությանը: Դաշնակիցները սկսում են համատեղ պատերազմ Սմբատի դեմ: Այս պատերազմում Սմբատը տանուլ է տալիս և այլանդակ դաժան կտտանքներից հետո նահատակվում է Դվինում, որը գրավել էին Յուսուֆի և Գագիկի զորքերը: Սմբատի եղերական մահով նահատակվում է ոչ միայն նա, այլև Բագրատունյաց մեծ քաղաքական ծրագիրը՝ Արարատյան դաշտն իբրև կենտրոն ունեցող միասնական Հայոց թագավորության վերականգնումը: Խորհրդանշական է, որ այդ վախճանը տեղի է ունենում հենց Դվինում:
Ճիշտ է՝ Սմբատի հետնորդները՝ Աշոտ Երկաթը և Աբասը, շարունակում են պատերազմը, բայց դա արդեն այլ պայքար էր, որի նպատակներն ավելի համեստ էին: Աշոտ Երկաթին և Աբասին հաջողվում է պահպանել Բագրատունյաց բուն հայրենիքը, բայց միացյալ Հայաստանի կամ առավել ևս՝ միացյալ Հայաստան-Վրաստան-Աղվանք տերության մասին նրանք արդեն չէին կարող երազել, քանի որ չունեին այդպիսի հավակնոտ ծրագիր իրացնելու անհրաժեշտ ուժը:
Շարունակվող պատերազմն ունեցավ մի քանի կարևոր հետևանքներ:
Նախ՝ հայոց կաթողիկոսի նստավայրը Դվինից դուրս բերվեց սկզբում Վասպուրական՝ Աղթամար, իսկ 10-րդ դարի երկրորդ կեսերին Շիրակ՝ Արգինա: Դա նշանակում էր, որ Դվինն ու Արարատյան դաշտը վերջնականապես դադարեցին Հայաստանի կենտրոնը լինելուց: Հայ Եկեղեցին և Հայոց կաթողիկոսը երբեք չեն եղել պարզապես կրոնական կառույց, այլ եղել են Հայոց պետության, թագավորության կարևոր հաստատություններից մեկը: Կաթողիկոսի նստավայրի՝ Դվինում՝ Արարտյան դաշտում լինելը խորհրդանշում էր Արշակունիների Հայոց թագավորության շարունակականությունը: Դվինից դրա տեղափոխումը նշանակում էր այդ թագավորության վերջին գոյատևող ինստիտուտներից մեկի հարմարվելը նոր իրավիճակին: Այն, որ կաթողիկոսի նստավայրը սկզբում տեղափոխվում է Աղթամար, ուր Գագիկ Արծրունին նոր էր ավարտել համահայկական հոգևոր կենտրոնի հավակնություններով հանրահայտ եկեղեցու կառուցումը, նշանակում է, որ այդ շրջանում Հայոց թագավոր լինելու Արծրունիների հայտը ժամանակակիցներին ավելի համոզիչ էր թվում: Միայն ավելի ուշ՝ կաթողիկոսական գահը Շիրակ տեղափոխելով՝ վերահաստատվում են հայոց թագավորների մեջ առավել ազդեցիկը (բայց ոչ միակը) լինելու Բագրատունյաց հավակնությունները։
Թեև Արծրունիները հավակնում էին Բագրատունիների փոխարեն ամենայն հայոց արքա լինելուն, իրականում նրանց քաղաքականությունը հանգեցրեց Հայաստանում ոչ թե մեկ, այլ երկու, իսկ ապագայում՝ մի քանի թագավորությունների ստեղծմանը: Դա որքան էլ ցավալի էր, սակայն արտացոլում էր ուժերի իրական դասավորությունը. հայոց իշխաններից ոչ մեկը, որքան էլ ուժեղացավ իր անմիջական տեղանքում, չկարողացավ ստանձնել իրական թագավորական՝ միակ գերիշխողի դիրքը մյուսների նկատմամբ:
Հատկանշական է, որ Հայաստանի միասնությունը վերանում է արաբական տիրապետության վերացմանը զուգահեռ. արտաքին ուժը, իշխանների նկատմամբ ստանձնելով նախկին Հայոց թագավորի գերիշխող դիրքը, ապահովում էր երկրի միասնությունը, բայց երբ այդ ուժը վերացավ, որևէ ներքին ուժ ի զորու չեղավ միանձնյա գերիշխանություն հաստատելու։
Ատրպատականի դեմ պատերազմը հանգեցրեց ևս մեկ հետևանքի՝ բյուզանդական միջամտության: Աշոտ Երկաթը ստիպված էր օգնության խնդրանքով դիմել Հայաստանի այդ մշտապես կեղծ դաշնակիցներին: Այդ միջամտության տևական հետևանքը եղավ այն, որ Բագրատունիների թագավորները կորցրեցին ազդեցությունը Տարոնի նկատմամբ (ուր իշխում էր Բագրատունիների մեկ այլ ճյուղ), որը 966 թ.-ին վերջնականապես միացավ Բյուզանդիային: Բյուզանդացիք նաև վերջնականապես տիրացան Կարինին՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքի կարևորագույն ռազմավարական կետին:
Կորցնելով Արարատյան դաշտում իրենց թագավորության կենտրոնը հաստատելու հույսը, որոշ չափով նաև՝ դրա իմաստը՝ Բագրատունիները, որոնք մինչ այդ փաստորեն չունեին մշտական մայրաքաղաք, նոր կենտրոն հիմնեցին սկզբում Կարսում, իսկ ապա՝ Անիում: Անիակենտրոն Հայաստանն ինքնիշխանության և անվտանգության տեսակետից արդեն նույնը չէր, ինչ պետք է լիներ Արարատյան դաշտը կենտրոն ունեցող Մեծ Հայքը: Անիի Բագրատունյաց թագավորությունը սահմանափակ ինքնիշխանությամբ և անվտանգությամբ պետական միավոր էր՝ ամփոփված Հայաստանի հյուսիսային հատվածի կենտրոնում: Նրա դռանը՝ Կարինում, նստած էին բյուզանդացիք, որոնք նրան միաժամանակ նաև շրջապատում էին հարավից՝ գրավելով սկզբում Տարոնը, իսկ ապա իրենց ազդեցությունը տարածելով Վասպուրականում և ի վերջո՝ գրավելով նաև դա: Ժամանակի հարց էր բյուզանդացիների կողմից նաև Անիի անկախությունը վերացնելը։
Բագրատունիների նախագիծն այսքանով, սակայն, չավարտվեց: Այն շարունակություն ունեցավ՝ շնորհիվ Բագրատունիների վրաց ճյուղի ջանքերի: Անին գրավելուց հետո բյուզանդացիք հաջորդ քայլով պատրաստվում էին վերացնել նաև Վրաց անկախությունը: Սակայն վրա հասան անսպասելի փրկիչներ՝ ի դեմս սելջուկների: Սելջուկների անունը շատ է անիծվել մեր պատմության մեջ: Մինչդեռ իրականում սելջուկյան արշավանքները, չհաշված իրավիճակային ավերածությունները, բարիք էին Հայաստանի և Վրաստանի համար: Շնորհիվ այդ արշավանքների՝ պահպանվեց վրացական անկախությունը, իսկ հայերին հաջողվեց պետություն վերստեղծել Կիլիկիայում։
Հաստատվելով Վրաստանում՝ Բագրատունիների ճյուղերից մեկն աստիճանաբար կարողանում է իր տիրապետությունը տարածել ողջ՝ Արևմտյան և Արևելյան Վրաստանի վրա: Ի դեպ՝ Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ միացյալ պետություն է դառնում հենց այդ ժամանակ: Մինչ այդ Արևմտյան և Արևելյան Վրաստանները միշտ եղել են անջատ երկրներ: Վրաց միասնական ինքնության ստեղծողները Բագրատունիներն են, և պատահական չէ, որ Վրաստանում Բագրատիոնների նկատմամբ կա գրեթե կրոնական պաշտամունք: Երկար ջանքերից ու նախապատրաստություններից հետո Բագրատունիներին Վրաստանում հաջողվում է այն, ինչ չէր հաջողվել Հայաստանում՝ Վրաստանի կենտրոն Քարթլիի դաշտի և մայրաքաղաք Թիֆլիսի վերագրավումը: Վրաց Բագրատունիները սա կարողանում են անել միայն 12-րդ դարի կեսերին:
Թիֆլիսի գրավումից հետո սկսվում է այն, ինչը, հաջողելու դեպքում, պետք է սկսվեր Դվինում հայոց մայրաքաղաքը վերահաստատելուց հետո. Վրաստանի և Հայաստանի միացյալ թագավորության, համակովկասյան պետության ստեղծման նախագծի իրականացումը: Պատահական չէ, որ Թիֆլիսում հաստատվելուց հետո վրաց Բագրատունիներն անցնում են Հայաստանի ազատագրմանը՝ գրավելով Անին, Կարսը, նույն Դվինը, Սյունիքը և այլն, արշավելով ընդհուպ մինչև Վան և Ատրպատական, նաև՝ Կարին՝ այնտեղի մուսուլման տիրակալներին նույնպես ենթարկելով իրենց գերիշխանությանը: Սա այն էր՝ հանուն ինչի, առնվազն Աշոտ Մսակերից սկսած, գործել էին հայոց Բագրատունիները, բայց ձախողվել էին: Վրաց Բագրատունիներին կարճ ժամանակով հաջողվեց իրականացնել այդ երազանքը՝ տալով միացյալ և ինքնիշխան «Հյուսիսային թագավորության» ուրվագիծը: Թե ինչու սա էլ երկար կյանք չունեցավ, այլ թեմա է, բայց կարևոր է տեսնել միասնական և հետևողական քաղաքականությունը՝ իրացված հայոց և վրաց մեծագույն տոհմի կողմից: Ի դեպ՝ գաղափարական հիմնավորումները Բագրատունյաց Վրաստանում նույնպես չեն փոխվում, այլ փոքր ինչ վերամեկնաբանվում են. Բագրատունյաց տոհմի ծագումը կրկին կապվում է Դավիթ արքայի հետ, իսկ Խորենացուց փոխառված Հայկի և Բելի լեգենդը մեկնաբանվում է այնպես, որ Հայկն ուներ նաև կրտսեր եղբայրներ, որոնք դառնում են վրաց և այլ կովկասյան ժողովուրդների նախահայրերը:
Թե ինչ կլիներ, եթե Բագրատունիների այս նոր ջանքն ավելի ամուր հիմքեր ստանար, կարելի է միայն երևակայել։ Սակայն դա արդեն մեր շարադրանքից դուրս է։