«Այս հարցերի պատասխաններն այսօրվա իշխանությունները դեռևս չեն ներկայացրել». Արմեն Բադալյան

«Անհրաժեշտ է սոցիոլոգիական հարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե վերջին բացահայտումներն ինչ տրամադրություններ են առաջացրել հանրության շրջանում։ Բայց Հայաստանում վստահելի սոցիոլոգներ և սոցիոլոգիական կազմակերպություններ չկան, որոնց արդյունքներին կարող ենք հավատալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հետաքրքրվեցինք, թե վերջին շրջանի բացահայտումներն ինչպես կազդեն սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Ի պատասխան՝ Բադալյանն ասաց, որ ընտրությունները, ենթադրաբար, կանցկացվեն հաջորդ տարվա մայիսին, իսկ մինչ այդ՝ այս ամենի ազդեցությունն անցած կլինի. «Խորհրդարանական ընտրությունները չեն տեղավորվում երկրորդ կիսամյակում, որովհետև դրա համար անհրաժեշտ իրավական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Եթե նման փոփոխություններ տեղի ունենան, ապա զուտ ժամանակային առումով ընտրությունները կարող են լավագույն դեպքում լինել հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին։ Իսկ եթե այդ ժամանակ տեղի ունենան, ապա, բնականաբար, այն, ինչ հիմա է տեղի ունենում, կորցրած կլինի իր PR էֆեկտները։ Այս գործընթացը դեռևս պետք է նախաքննության փուլ անցնի, հետո գնա դատական գործընթաց, դատարաններում սկսվի համապատասխան իրավական գործընթաց, իսկ դա շատ երկար կարող է տևել։ Իսկ վերջնական արդյունքը կարող է տեսանելի լինել խորհրդարանական ընտրություններից մոտ 1-2 տարի անց»։

Արմեն Բադալյանը նկատեց՝ հիմա այս «մասկի շոու» տեսարանները հասարակության համար կարող են գրավիչ լինել, բայց կարճ ժամանակ անց բարձրանալու են այլ հարցեր, որոնք հիմա չեն բարձրացվում.

«Մասնավորապես՝ սոցիալական, տնտեսական վիճակի բարելավման, թոշակների, աշխատավարձերի բարձրացման, մենաշնորհների վերացման, և այլն։ Այս հարցերի պատասխաններն այսօրվա իշխանությունները դեռևս չեն ներկայացրել։ Դրանք ավելի մեծ ազդեցություն կունենան իշխող թիմի՝ ապագա խորհրդարանում ստանալիք ձայների վրա։ Եթե հացը չապահովվի, դա բացասաբար կանդրադառնա այսօրվա վարչապետի և նրա թիմակիցների վարկանիշի վրա՝ ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դրան գումարենք, որ քաղաքական դաշտում գտնվող մյուս կուսակցությունները ևս կարող են ակտիվ գործունեություն իրականացնել»։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ եթե հիմա խորհրդարանական և ապախորհրդարանական ուժերը (բացի ՀՀԿ-ից) իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին և նրա թիմակիցներին, ապա նախընտրական քարոզարշավի ժամանակ դա կփոխարինվի խիստ մրցակցությամբ. «Սա նույնպես գործոն է, որը կազդի վարչապետի և նրա թիմակիցների՝ ապագա խորհրդարանում ունեցած տեղերի վրա։ Իհարկե, գործոն է նաև Արցախի պատերազմը, որը կարող է սկսվել, և մենք չգիտենք, թե դա ինչ արդյունք կունենա։ Դա նույնպես կազդի վարչապետի և նրա թիմակիցների վրա։ Նաև՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումը նույնպես ինչ-որ չափով ազդեցություն կունենա այս քաղաքական գործընթացների վրա։ Այսինքն՝ մի շարք գործոններ կան, որոնց արդյունքն այս պահի դրությամբ հայտնի չէ»։

Իսկ սպասվող խորհրդարանական ընտրություններին, ըստ Բադալյանի՝ ականատես ենք լինելու գաղափարական պայքարի.

«Նախկինում ընտրությունները վերածվում էին փող բաժանելու միջոցառման, իսկ հիմա այդպիսին չեն լինելու։ ՀՀԿ-ի այն վարչական ռեսուրսը, որով փողը հասնում էր ընտրողին, չկա։ Քրեաօլիգարխիկ համակարգը, որ կոնկրետ ընտրողին էր փողը տալիս և ստուգում էր ներքևում ընթացող փողի բաժանման գործընթացը, նույնպես ոստիկանության հսկողության տակ է։ Բնականաբար, փողի բաժանման գործոնը չի աշխատելու, աշխատելու է այլ գործոն, որը գաղափարաքաղաքական, ծրագրային և անձնային գործոնն է։

Այսինքն՝ շատ դեպքերում կարող են այս կամ այն կուսակցությանը ձայն տալ՝ զուտ նրա լիդերի համար։ Սա քննադատվում է, բայց կան կուսակցություններ, որոնք լիդերային կուսակցություններ են՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՔՊ։ Սա նույնպես գործոն է, որը դերակատարություն ունենալու է ընտրական գործընթացների ժամանակ։ Բայց կան կուսակցություններ, որոնք չունեն այդպիսի լիդերներ, և ուզեն թե չուզեն՝ պետք է գաղափարաքաղաքական կոնտեքստով հանդես գալ։ Եթե այդ կուսակցությունները չներկայացնեն գաղափարաքաղաքական ծրագրեր, ապա ապագա խորհրդարանում տեղ չեն ունենա։ Ուրիշ ճանապարհ այլևս չկա»։

Միևնույն ժամանակ՝ նա ընդգծեց, որ կարևոր է նաև ծրագրերի բովանդակությունը. «Եթե դրանք լինեն ոչինչ չասող, լոզունգային ծրագրեր, դրա պահանջարկը հասարակությունն այլևս չունի։ Ում ծրագրային բովանդակությունը գրավիչ եղավ, հասարակության մի մասը կգնա բովանդակային ծրագրերի հետևից»։

Տեսանյութեր

Լրահոս