«Մազաչափ չկասկածեք. Բաղրամյան 26-ի զանգերով դատավորները որոշումներ են կայացրել». Կիմ Բալայան

«2008թ. ընտրությունների ժամանակ և դրանից հետո հասարակության մեջ տարածված է, որ ՍԴ-ն ամեն անգամ դակել է իշխանությունների տեսակետը, բայց իրականության մեջ ընտրական գործընթացի մասնակից ուժերը երբևէ իրավական ճանապարհով փաստեր չեն հավաքել և չեն ներկայացրել դատարան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը:

Նա հիշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գործի քննության ժամանակ ինքը դատարանի դահլիճում փաստաբանին հետևյալ հարցն է տվել. «Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ փաստաբանական օգնությունն անվճար է ցուցաբերվում, բայց դուք ձեր գործունեությամբ նպաստում եք Րաֆֆի Հովհաննիսյանի գործով իրականությունը վերհանելո՞ւն, թե՞ խանգարելուն։ Ասում էին՝ ընտրական տեղամասերից բերեք բոլոր քվեաթերթիկներն ու այստեղ ստուգեք, որը ՍԴ-ի հետ որևէ առնչություն չունի։ Եվ վստահված անձանցից որևէ մեկը բողոք չէր գրում։ Հետևապես, ՍԴ-ն վերջնական որոշման հիմքում ի՞նչ դնի՝ անվավեր ճանաչելու համար։ Այսինքն՝ հասարակությունն իր իրավագիտակցությամբ այն աստիճանի չի զարգացել, որ իրավական հիմքերը ստեղծեն: Թող դատարան դիմեին, դատարանը ճիշտ որոշում չկայացներ։ ՍԴ-ն գնահատելու հնարավորություն կունենար։ Այս տեսակետից, ես կարծում եմ, որ ՍԴ-ին վերագրվող այդ արարքները տեղին չեն»։

Բալայանի խոսքով՝ երբ ՍԴ-ն որոշում է կայացնում, որ այսինչ նորմը հակասահմանադրական է, ԱԺ-ում այդ խնդիրը տարիներով չի քննարկվում. «Այսօր հստակ չէ, որ եթե նորմը հակասահմանադրական է ճանաչվում, ինչ ժամկետներ են, և ովքեր պետք է ընթացքը տան»։

Նա հիշեցրեց, որ ժամանակին հայտարարել է՝ նոր Սահմանադրության նախագիծը հակաօրինական է. «Երբ նախագահը հանձնարարական էր տվել, որ Սահմանադրության փոփոխության նախագիծ ներկայացնեին, իրենք ներկայացրել էին նոր Սահմանադրության նախագիծ։ Հետևաբար, եթե այսօր այս իրավիճակը չլիներ, ապա ամենառաջնահերթը կլինեին սահմանադրական փոփոխությունները։ Բայց ավելի ճիշտ կլինի այդ բարեփոխումներին անդրադառնալ միայն նոր խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ ժողովուրդը կունենա իրական ներկայացուցիչներ»։

Ինչ վերաբերում է զանգերով որոշումներ կայացնելուն՝ Բալայանը Կարեն Անդրեասյանի՝ որպես օմբուդսմեն, զեկույցը մատնանշեց, որտեղ այդ մասին եղել է հասարակության մոտեցումը. «Մենք երևույթի դեմ պետք է պայքարենք, իսկ երևույթը միանշանակ առկա է եղել»:

Ճշտող հարցին՝ այսինքն միանշանա՞կ է, որ Բաղրամյան 26-ի զանգերով դատավորները որոշումներ են կայացրել, նա այսպես պատասխանեց. «Մազաչափ չկասկածեք»:

Տեսանյութեր

Լրահոս