
Ռիչարդ Միլսը Միացյալ Նահանգներից դեպի Հայաստան ներդրումների հոսք է ակնկալում

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը դեպի Հայաստան ներդրումներ հոսք ու առևտրաշրջանառության աճ է ակնկալում: Այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և երկրում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված, ԱՄՆ-ից ներդրումների ավելացման հնարավորություններին անդրադառնալով, Միլսը վստահեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ բացված այս նոր էջը ամերիկյան ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի՝ լինեն դրանք սփյուռքահ, թե ամերիկացի գործարարներ:
«Անցյալ շաբաթ ես Վաշինգտոնում էի՝ Սմիթսոնյան ժողովրդական կենցաղի փառատոնին, որտեղ Հայաստանն էլ էր ներկայացված: Թե Ամերիկայի սփյուռքից, թե այլ գործարարներից բազմաթիվ անգամներ լսեցի, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ, եթե Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ լինի իր հանձնառություններին՝ արդարացի հասարակություն ձևավորելու, հավասար պայմաններ ստեղծելու և կոռուպցիան վերացնելու ուղղություններով, ապա շատ ավելի մեծ հետաքրքրվածություն կլինի այստեղ ներդրումներ իրականացնելու համար»,- նշեց Միլսը:
Նա ընդգծեց, որ ամերիկյան գործարարներին հետաքրքրում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտները: Միլսը վստահեցրեց, որ Միացյալ Նահանգների հետ առևտրի և ներդրումների աճ պետք է ակնկալել:
Լիլիթ Դեմուրյան