Բաժիններ՝

Հաճախ բուհերում կատարվում են ոչ նպատակահարմար ծախսեր, ինչն արվում է դասախոսի հաշվին

«Բարձրագույն կրթության խնդիրները. դասախոսների մտահոգություններն ու առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ դասախոսները խոսեցին հայաստանյան բուհերում և բարձրագույն կրթական համակարգում առկա խնդիրների մասին:

Քննարկմանը մասնակցեցին «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնության անդամներ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը (ԵՊՀ), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թինոյանը (ԵՊՀ), հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Կոբելյանը (ԵՊՀ) և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Սարգսյանը (ԵՊՄՀ):

«Նախաձեռնությունը մի հարթակ է, որը նպատակ ունի վեր հանելու բարձրագույն կրթության դեմ ծառացած խնդիրները աշխարհի արդի մարտահրավերներին ներգրավվելու և մրցունակ կրթություն ապահովելու համար, որպեսզի յուրաքանչյուր ուսանող, ով կավարտի բուհը, դառնա պահանջված մասնագետ աշխարհում և իր ուրույն տեղն ու դերն ունենա համաշխարհային շուկայում: Նախաձեռնությունը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ, մայիսի 20-ը կարելի է համարել «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնության հիմնադրման օր:

Մի խումբ երիտասարդ գիտնականներ, ովքեր մտահոգ էին մեր շուրջ տեղի ունեցող անցուդարձից, որոշեցինք համախմբվել և բարձրացնել մեր առջև ծառացած խնդիրները: Կարծում եմ, այլևս այսպես հնարավոր չէ, քանի որ դասախոսի կերպարը՝ որպես հետազոտող դասախոսի և գիտնականի, վաղուց խեղաթյուրվել է և դասախոսը գիտնականի մակարդակից իջել և հավասարվել է զուտ սովորական դասավանդողի, ուսուցչի կերպարին:

Սա խիստ բացասական երևույթ է, որին պետք է անդրադառնանք: Արդեն ունենք հազարից ավել համակիրներ, ովքեր հետևում են մեր ֆեյսբուքյան էջին և պարբերաբար մասնակցում հանդիպումներին: Ցանկանում եմ նշել նաև, որ սա անկախ փորձագետ-դասախոսների կողմից հրավիրված համընդհանուր հարթակ է»,- անդրադառնալով նախաձեռնության հիմնադրմանը՝ նշեց դոցենտ Լիլիթ Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնությունը առանձնացրել է մի քանի ուղղություններ:

«Առանձնացրել ենք մի քանի ուղղություններ: Նախ՝ որոշել ենք, որ պետք է վեր հանենք յուրաքանչյուր բուհում առկա խնդիրները, անդրադառնանք լոկալ խնդիրներին և դրանց լուծում տանք: Հաջորդ խնդիրը կապված է բուհերի միջազգայնացման հետ, ինչը պետք է առհասարակ վերանայենք: Համագործակցությունը լինելու է բուհ-բուհ, բուհ-դասախոս, դասախոս-ուսանող, բարձրագույն կրթություն- հանրակրթություն հարթակների միջոցով:

Բնականաբար, սրանք ավելի շատ են և պահանջում են երկարաժամկետ լուծումներ, և մենք, վեր հանելով խնդիրները, կարողացանք այս ամբողջը ի մի բերել, առանձնացնել և այսօր ունենք առանձնացված 5 կարճաժամկետ խնդիրներ: Նպատակ ունենք կազմելու մի փաստաթուղթ, որը կուղղենք համապատասխան մարմիններին` նախարարություն, բուհերի ռեկտորների: Պետք է տարանջատենք և յուրաքանչյուր խնդիր ուղղենք համապատասխան մարմնին: Մեր հաջորդ քայլը, որի շուրջ ունենք պայմանավորվածություն լինելու է կրթության և գիտության նախարարի հետ հանդիպումը խնդիրների փաթեթը ներկայացնելու և դրանց անդրադառնալու նպատակով»,-հավելեց Մկրտչյանը:

Լիլիթ Մկրտչյանն ասաց, որ խնդիրները վերաբերում են սկսած բարձրագույն կրթության մասին օրենքից, վերջացրած բարձրագույն կրթության դերակատարներով, թե ով է դասախոսը, ով է ուսանողը, ինչ միջավայր է ստեղծվում նրա համար, այս առումով ադմինիստրատիվ ապարատի դերին և այլն:

Դավիթ Թինոյանը նշեց, որ շատ կարևոր է նաև բուհերի կադրային և ֆինանսական աուդիտի հարցը և որ դասախոսները ըստ արժանվույն չեն գնահատվում:

«Բավական բազմավեկտոր խնդիրներ գոյություն ունեն, բայց ես կցանկանամ նախ անդրադառնալ մի խնդրի` բուհերի ֆինանսական բաղադրիչին: Մեր նախաձեռնությամբ, որում ներառված են մեկ տասնյակից ավելի բուհերի մեր գործընկերները, համակարգել ենք բոլոր խնդիրները, որոնցից է կադրային ֆինանսական աուդիտի խնդիրը:

Կան բուհեր, որոնք ունեն ֆինանսական ծախսերի թափանցիկություն, ինչպես, օրինակ, ԵՊՀ-ն, սակայն կան բուհեր, որոնք չունեն այդ թափանցիկությունը: Սա, իհարկե, չի նշանակում, որ Երևանի պետական համալսարանում ամեն ինչ նորմալ է, բայց խնդիրը խորքային է: Խնդիրը ավելի շատ վերաբերում է այդ ծախսերի նպատակահարմարությանը: Խնդիրն այն է, որ գիտնականը, ով իր կյանքի տասը և ավելի տարիներ ներդրել է գիտության մեջ կայունանալու, գիտական և մանկավարժական ստատուս ունենալու համար չի գնահատվում, ինչն ամենասարսափելին է:

Սա հանգեցնում է նրան, որ եկող սերնդի համար գրավիչ չի դարձնում այդ մասնագիտությունը, դասախոսի և գիտնականի կերպարը գրավիչ չի դառնում»,- նշեց դոցենտ Դավիթ Թինոյանը:

Անդրադառնալով դասախոսների վարձատրությանը՝ նա նշեց, որ հաճախ բուհերում կատարվում են ոչ նպատակահարմար ծախսեր, ինչն արվում է դասախոսի հաշվին:

«Ծախսերի նպատակահարմարության հարցին անդրադառնալով՝ նշենք, որ դոցենտի ծանրաբեռնվածության պարագայում 80 հազար դրամ աշխատավարձը ուղղակի ծիծաղելի թիվ է: Դասախոսին միշտ ասել են, որ բուհը հնարավորություն չունի: Բուհը ինչի՞ չունի, որովհետև ծախսեր են արվում:

Բուհի ֆինանսական մուտքերի հիմնական ապահովողը դասախոսն է, ով իր պրոդուկտը բերում է վաճառքի հանում, և ուսանողը գալիս է դրա համար: Բուհական համակարգի շատ հաստատություններում փաստարկ է բերվում, որ դասախոսը բարձր չի վարձատրվում, քանի որ որևէ մեկը չի հաշվարկում արված ծախսերի նպատակահարմարությունը: Ոչ ոք չի նայում տարբեր ստորաբաժանումներում աշխատողների քանակի նպատակահարմարությանը, թե որտեղ որքան աշխատողը կբավարարի, պետք է պահել, օրինակ, 100 աշխատող, թե 20-ն էլ կբավարարի:

Ի վերջո, այդ ամենը արվում է դասախոսի աշխատանքի շնորհիվ: Տարիների հետ դասախոսի ծանրաբեռնվածությունը մեծանում է, սակայն, հակառակ դրան, աշխատավարձն իջնում է: Աշխատավարձի հարցը, իհարկե, հիմնականը չէ, սակայն ֆինանսական ապահովվածությունը, որպես ստիմուլ, մարդու համար շատ կարևոր է: Հատկապես պետք է այնպես արվի, որ այդ հանգամանքը հաջորդ սերունդների համար տվյալ մասնագիտությունը ավելի գրավիչ դարձնի:

Այս ամեն ինչը խոսում է նաև պետության թուլության մասին: Կադրային և ֆինանսական աուդիտ ասելով՝ մենք հասկանում ենք նաև ծախսերի նպատակահարմարությունը: Կան բուհեր, որտեղ լսարաններ են կահավորվել, որոնց կարիքը չի զգացվում, կան բուհեր, որոնք որոշակի խնայողություններ ունեն արված, բայց հարցն այն է, թե ում հաշվին են կատարվում այդ խնայողությունները:

Դրանք արվում են դասախոսի հաշվին, դասախոսին քիչ վարձատրելով ստիպում ես, որ նա նաև հավելյալ աշխատանք գտնի, ինչը կարող է խանգարել պրոցեսին»,-եզրափակեց Դավիթ Թինոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս