«Այս ամենը հնարավոր է եղել թաքցնել հովանավորչության միջոցով». Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրարձավ իր հայտարարությանը՝ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա:
Նա նշեց, որ բոլոր այն դպրոցները, որոնք չունեն լիցենզիա, դիմել են լիցենզավորման համար, և համապատասխան մասնագետները հետևում են այդ պրոցեսին և փորձում են գտնել լուծում: «Գուցե այս տարի մեղմ մոտեցում լինի, որպեսզի դասապրոցեսը չտուժի, բայց հաջորդ տարվանից լուրջ խստացումներ կլինեն՝ ընդհուպ մինչև էլեկտրոնային գրանցում, որը թույլ չի տա դպրոցներին այլևս իրենց ունեցած լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունել, իսկ այն աշակերտները, որոնք արդեն սովորում են ավելի բարձր դասարաններում, մարման կարգով մենք կնվազեցնենք այդ դպրոցների ընդունելիության հնարավորությունները այնքան՝ մինչև համապատասխանեն իրենց լիցենզիաները»,- ընդգծեց նախարարը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ծնողը որոշել է, որ իր երեխային պետք է տանի Պուշկինի դպրոց, կարո՞ղ է օգոստոսին գնալ և դիմել: Ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ առաջին դասարանների դեպքում, գուցե՝ ոչ: «Դա մենք կքննարկենք իրենց հետ, համապատասխան գործընթացների արդյունքում նման որոշումներ կկայացվեն, բայց երկրորդ-երրորդ, չորրորդ դասարանների դեպքում նրանք կշարունակեն»,- պարզաբանեց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին խոսքը վերաբերում է չորս դպրոցի, բայց, ըստ նրա՝ մի քանի տասնյակ դպրոցների դեպքում խնդիր կա.
«Հիմա հանձնարարել եմ ստուգումների արդյունքում ցուցակներն ինձ տրամադրել, որտեղ, օրինակ՝ ավագ դպրոցն առանց համապատասխան լիցենզիայի՝ իրականացնում է ավելի կրտսեր դասարանի աշակերտների ընդունելություն և դասապրոցես է կազմակերպում: Ես հիմա հանձնարարել եմ, որ այդ ստուգումներն անցկացնեն համապատասխան ինֆորմացիայի հիման վրա, և կհասկանանք, թե այդ դպրոցների հետ կապված ինչ քայլեր ենք անելու»:
Նախարարը նշեց, որ խնդիրն առաջացել է նրանից, որ այդ ավագ դպրոցներում չեն կարողացել համապատասխան բովանդակության արդյունքում լրացուցիչ աշակերտներ ներգրավել, փորձել են իրենց ուսուցիչների զբաղվածությունն ապահովել՝ լիցենզիայից դուրս կրթական ծրագիր իրականացնելով.
«Երբ լիցենզիայից դուրս աշակերտներ են ընդունում, այսինքն՝ ավել թվով աշակերտներ են ընդունում, դա անմիջական ազդում է այդ երեխաների առողջության վրա, որովհետև տարածքի պակաս է՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով: Բացի այդ, լիցենզիայից ավելի աշակերտներ ընդունող դպրոցներում կրտսեր դասարանի երեխաներն օգտվել են ավելի ավագ դասարանի դասարաններից, նրանց նստարանների, որոնք հարմարեցված չեն կրտսեր դասարաններում դասապրոցեսն իրականացնելուն, այստեղից կարող են լինել շատ ավելի բարդ հաշմանդամություն, ողնաշարի հետ կապված խնդիրներ»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ամենը հնարավոր է եղել թաքցնել հովանավորչության միջոցով. «Ես ձեզ կարող եմ ասել դեպքեր, երբ Չեխովի դպրոցի տնօրենը թույլ չի տվել, որ տեսչական մարմինը մտնի, կամ, երբ տեսչական մարմինը կամ լիցենզավորման մարմինը փորձել են մտնել դպրոցներ, շատ կարճ ժամանակ հետո զանգեր են եղել, որ այդ օլիգարխ-դպրոցներին չդիպչեն»:
Ինչ վերաբերում է այդ դպրոցների տնօրեններին պատասխանատվության ենթարկելուն, նա ասաց. «Քանի որ սեպտեմբերի մեկը մոտ է, մենք ավելի միտված ենք դասապրոցեսը կազմակերպելուն, այդ դպրոցները համայնքապատկան են, և Երևանի համապատասխան վարչությունը միջոցներ պետք է ձեռնարկի, առայժմ խոսակցությունը դրան չի հասել, բայց դրան էլ հերթը կհասնի»: