Նախկին մարզպետը փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը. «Ժողովուրդ»
«Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը, որ վաղուց վայր է դրել պաշտոնական լիազորությունները, այնուամենայնիվ փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը:
Ըստ մեր աղբյուրների՝ Սահակյանը մշտապես իր ժամանակը անցկացնում է փոխմարզպետների աշխատասենյակներում եւ այդպես վերահսկում մարզպետարանի աշխատանքը:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետը ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է. նա այս պաշտոնին էր, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր, ու վերանշանակվեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո. ՀՅԴ-ն համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ժամանակ, երբ Դաշնակցությունը հանդես էր գալիս փոքր գործընկերոջ կարգավիճակում, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն էլ կարողանում էր պահպանել իր դիրքերը` փոխմարզպետների միջոցով ղեկավարելով այդ կառույցը:
Սահակյանը փորձում է նույն գործելաոճով շարունակել նաեւ հիմա: Չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ե՛ւ Սահակյանը, ե՛ւ ներկայիս մարզպետ Սիմոնյանը հերքեցին այդ լուրերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: