«Բանակ պետք է գնա 21 տարին լրացած երիտասարդը. մինչ այդ անձը պետք է լիարժեք կրթություն ստանա». Անդրիաս Ղուկասյան
Նորաստեղծ «Հայ կառուցողական կուսակցության» (ՀԿԿ) նախագահ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ձգտի հասնել մի վիճակի, երբ հնարավոր կլինի ինքնուրույն պաշտպանել երկրի անվտանգությունը՝ առանց այլ պետությունների աջակցության։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով 168.am-ի հարցին, թե նորաստեղծ իրենց կուսակցությունն ի՞նչ քայլեր է առաջարկում պաշտպանական ոլորտում, և ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախի հիմնահարցի վերաբերյալ, Ա. Ղուկասյանը նախ ասաց, որ հնարավոր է Հայաստանը պաշտպանել սեփական ուժերով, դրա համար, ըստ նրա՝ անհրաժեշտ է ունենալ ռազմական գերադասություն հակառակորդների նկատմամբ։
«Պետք է ունենանք գիտառազմական արդյունաբերական համալիր, որը հնարավորություն կտա մասնակից լինել այդ տեխնիկական մրցակցությանը։ Երկրորդ՝ անհրաժեշտ է ունենալ զինուժի ավելի լավ, ավելի ճկուն կառավարում, որը կհամապատասխանի մեր պաշտպանության խնդիրներին։ Այսօր մեր բանակն օգտագործում է հին, սովետական կազմակերպչական ձևերն ու մոտեցումները, որոնցից նույնիսկ Ռուսաստանն է հրաժարվում։ Այդ ամենը բարեփոխելով՝ ևս ներուժ կունենանք ավելացնել մեր պաշտպանունակությունը։ Իհարկե, անհրաժեշտ է բարելավել զինվորական ծառայությունը։ Մեր կարծիքով՝ բանակ պետք է գնա 21 տարին լրացած երիտասարդը, իսկ մինչ այդ անձը պետք է լիարժեք կրթություն ստանա։ Պետությունը պետք է բոլորի համար անվճար բարձրագույն կրթություն ապահովի։ Իսկ 21 տարեկան տղամարդիկ և կանայք ավելի պատրաստ են ռազմական ծառայությունում գործել։ Այսօրվա զինվորը ոչ միայն ֆիզիկապես պատրաստված և հրազեն օգտագործող մարդ է, այլ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող մարդ պետք է լինի։ Մենք պետք է ունենանք մարտունակ միավորումներ և ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի կլինեն ինքնուրույն գործել իրենցից ավելի մեծ զորամիավորումների դեմ»,- պարզաբանեց նա։
Ա. Ղուկասյանի կարծիքով՝ երկիրը պետք է ամբողջապես պատրաստ լինի պաշտպանության, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամանակում անցկացնել մոբիլիզացիա՝ պատերազմի վտանգի դեպքում։
Իսկ Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Ղուկասյանն ասաց՝ անվիճելի է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է հանդիսանա խաղաղ կարգավորման հիմք.
«Մենք գտնում ենք, որ պետք է հարգել Արցախի ժողովրդի որոշումը, որն ունի ընտրության հնարավորություն՝ միանալ Հայաստանի՞ն, թե՞ շարունակել անկախ գոյատևումը։ Կախված այդ որոշումից՝ կարգավորման ձևաչափերը տարբեր են։ Եթե Արցախի ժողովրդի համար կարևոր է միանալ Հայաստանին, նշանակում է, որ բանակցությունների մի ուղի պետք է ընտրվի։ Եթե անկախությունն արժեք է, որը գերադասվում է Հայաստանի հետ միանալու գաղափարին, այդ դեպքում մեզ հասանելի են քայլեր, որոնք կարող ենք ինքնուրույն իրականացնել։ Բավական է, որ Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը, և դա շատ լուրջ հստակություն կմտցնի այդ քաղաքական կարգավորման գործընթացում։ Մենք մոտեցել ենք այն շեմին, երբ անհրաժեշտ է մտցնել պարզություն։ Մինչև հիմա ձգտել են հարցը թողնել չկարգավորված՝ համարելով, թե դա է մեզ համար բարենպաստ իրավիճակը։ Այսօր սպառված է այդ հնարավորությունը, և պետք է հստակ պատասխանենք՝ եթե մենք տեսնում ենք Արցախը Հայաստանի մաս, ապա այդ դեպքում բանակցությունները պետք է շարունակվեն, կամ եթե գտնում ենք, որ Արցախը պետք է անկախ գոյություն ունենա, ուրեմն պետք է ճանաչել կարգավիճակը։ Դա Հայաստանից է կախված»։
ՀԿԿ նախագահի խոսքով՝ այս պահին անորոշ է ՀՀ քաղաքացիների ծառայությունն Արցախի ՊԲ-ում.
«Դա չունի որևէ իրավական կարգավորում։ Նախկին քաղաքականությունը համարել է, որ դա խելոք մոտեցում է՝ այդ հարցերը չկարգավորված թողնել, բայց մենք գտնում ենք, որ հակառակը՝ այդ բոլոր հարցերն անհրաժեշտ է կարգավորել»։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա դրանք, ըստ Ղուկասյանի՝ թեև կազմակերպված են Արցախի իշխանությունների ժամանակավոր կարգավիճակը ճանաչելու հարցի շուրջ, բայց այդ հարցում Հայաստանը կարող է միակողմանի ճանաչել Արցախի ժամանակավոր կարգավիճակը.
«Մինսկի կոնֆերանսի գումարման ժամանակ, երբ Հայաստանը, Ադրբեջանը և մյուս պետությունները կայացնում էին այդ որոշումը, համաձայնել են, որ Արցախի ընտրված մասնակիցները պետք է լինեն այդ կոնֆերանսի մասնակիցներ։ Ուստի Արցախի ընտրված ներկայացուցիչների ժամանակավոր կարգավիճակը ԵԱՀԿ-ի կողմից ճանաչված է, և այդ կարգավիճակի շուրջ բանակցություններ չեն կարող լինել, Ադրբեջանը չի կարող համաձայն չլինել դե ֆակտո գոյություն ունեցող ընտրությունների ժամանակավոր կարգավիճակի հետ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում