Որքանո՞վ են նվազել բանկերում պահվող փողերն ապրիլին
Այս տարվա ապրիլին, երբ թավշյա հեղափոխությունը դեռ ակտիվ փուլում էր, լուրեր սկսեցին տարածվել, որ բանկային համակարգից գումարների զգալի արտահոսք է լինում։ Ասում էին, որ թե՛ խոշոր ընկերություններն են իրենց գումարները դուրս բերում երկրից, թե՛ առանձին ֆիզիկական անձինք են բանկերից հանում իրենց ժամկետային ավանդներն ու ընթացիկ հաշիվների վրա եղած գումարները։
Պատճառն այն էր, որ մարդիկ մտահոգություններ ունեին, որ հեղափոխական պրոցեսների պատճառով ֆինանսական համակարգը կարող է փլուզվել, կամ՝ դրամը կարող է կտրուկ արժեզրկվել։ Մեր տեղեկություններով՝ շատ մարդիկ իրենց հաշիվներից փողը հանելով՝ ոչ թե տարել են տուն և դրել «բարձի տակ», այլ նույն բանկերում անհատական պահատուփեր են վարձել և կանխիկ գումարը տեղափոխել այնտեղ։
Մայիսի 21-ին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս խոսակցություններին։ Նա հերքեց կապիտալի արտահանման մասին լուրերը՝ անվանելով դրանք միֆ։ Սակայն ավանդների մասով՝ ԿԲ նախագահն ընդունեց, որ ապրիլի 22-23-ից սկսված՝ տասնյակ հազար քաղաքացիների կողմից եղել է ավանդների խզում։ Արթուր Ջավադյանը նշեց, որ գումարների մասին խոսելն այդքան էլ ճիշտ չէ, բայց խոսքը չի գնացել հարյուրավոր միլիոնների մասին, այլ խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է։
«Բայց դա կարևոր չէ, որովհետև ժամկետից շուտ խզումները եղել են, մենք այդ երևույթը տեսել ենք նաև 2014 թ. վերջին, բայց այսպես արագ վերականգնում մենք նույնիսկ այն ժամանակ չէինք տեսել»,- ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ մայիսի 10-ից հետո սկսվել է ավանդների վերականգնում։ Ըստ նրա՝ ներկայումս սալդոն լիովին դրական է, որևէ խնդիր չկա, և վերականգնումն ավելի բարձր տեմպերով է գնում, որևէ խնդիր համակարգում չկա. «Այն ժամանակ էլ, հիմա էլ ֆինանսական կայունության սպառնալիք չկա»։
Այժմ Կենտրոնական բանկը հրապարակել է 2018 թվականի ապրիլ ամսվա ամսական տեղեկագիրը, որտեղ տվյալներ կան ՀՀ առևտրային բանկերի ավանդների և հաշիվների մասին՝ ըստ ամիսների։ Այսինքն, մայիսի մասին դեռ հնարավոր չէ խոսել, սակայն ապրիլի համար կարելի է կարծիք կազմել՝ ինչ է տեղի ունեցել ավանդների և ցպահանջ հաշիվների հետ։
Մենք մի փոքր մշակել ենք ՀՀ ԿԲ տեղեկագրի համապատասխան տվյալները և ներկայացրել ենք դրանք աղյուսակի տեսքով, որը դուք տեսնում եք։
Այսպես, ՀՀ բանկերում ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի ապրիլի վերջին կազմել է 2 տրլն 66.7 մլրդ դրամին համարժեք գումար։ Մարտի վերջին այդ գումարը 2 տրլն 111.8 մլրդ դրամ էր։ Այսինքն, ապրիլի ընթացքում ՀՀ բանկերի ավանդային պորտֆելը միայն ռեզիդենտների մասով նվազել է 45.1 մլրդ դրամով ։ Ծավալը մեծ է` շուրջ 95 մլն դոլար, սակայն տոկոսային առումով կտրուկ անկման մասին չի կարելի խոսել, խոսքն ընդամենը 2.2% նվազման մասին է։ Նշենք նաև, որ 45 մլրդ դրամի նվազման մեծ մասը՝ 27 մլրդ-ը, գրանցվել է արտարժույթով ավանդների և ցպահանջ հաշիվների գծով։
Իսկ ինչպիսի՞ն է պատկերը, եթե դիտարկում ենք տնային տնտեսություններն ու ձեռնարկություններն առանձին-առանձին։
Տնային տնտեսություններին բաժին է ընկնում ռեզիդենտների ընդհանուր ավանդների և հաշիվների 65%-ը՝ 1 տրլն 340.8 մլրդ դրամ։ Ապրիլին՝ մարտի համեմատ, տնային տնտեսությունների ընդհանուր ավանդներն ու հաշիվները նվազել են 25.1 մլրդ դրամով։
Սակայն, եթե ուշադիր նայեք աղյուսակին, հետաքրքիր միտում կտեսնեք. տնային տնտեսությունների թե՛ դրամային, թե՛ դոլարային ընթացիկ հաշիվները ոչ միայն չեն նվազել, այլ հակառակը՝ փոքր-ինչ աճել են։ Սակայն ժամկետային ավանդները նվազել են. դրամով ժամկետային ավանդները նվազել են 8.5 մլրդ դրամով, արտարժույթով ժամկետային ավանդները՝ 17.6 մլրդ դրամով։ Սրա հիման վրա կարելի է պնդել, որ մարդիկ անհանգստացել են իրենց երկարաժամկետ խնայողությունների համար, սակայն ընթացիկ կարիքների համար բանկային հաշիվներին եղած գումարների մասով լուրջ մտահոգություններ չեն ունեցել։
Ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների մասով պատկերը տարբերվում է։ Մասնավորապես, ժամկետային ավանդների գծով տարբեր վարքագիծ է նկատվում՝ ըստ արժույթների. դրամով ժամկետային ավանդներն աճել են 8 մլրդ դրամով, արտարժութային ժամկետային ավանդները՝ նվազել 12.1 մլրդ դրամով։ Փոխարենը՝ 17.8 մլրդ դրամով նվազել են դրամով ցպահանջ հաշիվները։
Սա ՀՀ ռեզիդենտների գծով վիճակագրություններ էր։ Ոչ ռեզիդենտների ավանդների ու հաշիվների ծավալը թեպետ ավելի փոքր է, սակայն ապրիլյան նվազումը զգալի է։
Այսպես, ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի մարտի 531.4 մլրդ դրամից ապրիլին նվազել է մինչև 472.7 մլրդ դրամ։ Այսինքն, ապրիլի ընթացքում ոչ ռեզիդենտների գծով ավանդային պորտֆելը նվազել է 58.7 մլրդ դրամով կամ 12.4%-ով։ Ընդ որում, ոչ ռեզիդենտների հիմնական նվազումը գրանցվել է արտարժութային ավանդների ու հաշիվների գծով։ Այսպես, արտարժույթով ավանդների և հաշիվների ծավալը նվազել է 54.7 մլրդ դրամով (14.5%-ով) և կազմել 378.3 մլրդ դրամ, իսկ դրամով ավանդների և հաշիվների ծավալը նվազել 4 մլրդ դրամով (4.2%-ով) և կազմել 94.4 մլրդ դրամ։
Ընդհանուր առմամբ, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ժամկետային վարկերի ու ցպահանջ հաշիվների ծավալը նվազել է 103.8 մլրդ դրամով (3.9%-ով) և ապրիլի վերջին կազմել 2 տրլն 539.4 մլրդ դրամ։
Իհարկե, այս նվազման մեջ մեծ դեր են խաղացել քաղաքական իրադարձությունները, սակայն հստակ գնահատելու համար, թե հեղափոխության գործոնի ազդեցությունը որքան է եղել, անհրաժեշտ է առանձին խորը վերլուծություն։
Հիշեցնենք նաև, որ Արթուր Ջավադյանի խոսքերով՝ ավանդների դուրսբերումը մայիսի ընթացքում վերականգնվել է։ Մայիսի տվյալները շուտով կհրապարակվեն, և հնարավոր կլինի հստակ ասել, թե դուրս բերված ավանդների ո՞ր մասն է վերադարձել բանկային հաշիվների վրա։