«Ես միշտ երազել եմ, որ կառավարությունները լինեն այնպիսին, որ որևիցե նախարար վետոյի իրավունք ունենա». Աշոտ Խուրշուդյան
«Ես միշտ երազել եմ ու միշտ ասել եմ, որ մեր կառավարությունները լինեն այնպիսին, որ որևիցե նախարար վետոյի իրավունք ունենա: Այսինքն՝ եթե մեկ հոգի ասում է՝ ոչ, ուրեմն որոշումը չի անցնում։ Ինչո՞ւ է դա պետք։ Դա բերում է նրան, որ երկարաժամկետ հատվածում հնարավոր է կոնսենսուսի գալ, այսինքն՝ գտնել առավել օպտիմալ լուծում, քան այն, ինչ դրված է այսօր սեղանին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը` մեկնաբանելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի կողմից այն չընդունվելու հանգամանքը։
Ըստ նրա՝ նախկին մոդելը, երբ ընդհանրապես բանավեճ չկար նախարարների մեջ, բերել էր մի այնպիսի վիճակի, որ մի նախարար, նույնիսկ՝ խնդրահարույց որոշումները տեսնելով, չէր արտահայտվում.
«Ես քո բոստանը չեմ մտնում, դու էլ իմը մի մտի։ Մենք ունեցել ենք նման կառավարություններ, որի արդյունքում գրեթե բոլոր ոլորտների քաղաքականություններն ահավոր հատվածական էին դարձել, մի ձեռքը չգիտեր` մյուսն ինչ է անում, իրար հակասող որոշումներ կարող է կայացվեին, մինչդեռ բոլոր ոլորտները փոխկապակացված են։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր համընդհանուր մոտեցում է փորձ արվում ցուցաբերել, ոչ թե այդ հատվածականը»։
Ներկայիս կառավարության անդամ Արծվիկ Մինասյանի դեմ հանդես գալը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չհետաձգմանը, ըստ փորձագետի, հակառակ էֆեկտն է. «Իմ ասած մոդելն աշխատում է երկարաժամկետ, այսինքն՝ որոշումը դեռ ընդունված չէ, այնքան են աշխատում, մինչև գտնեն օպտիմալ լուծումը»։