Ադրբեջանը փորձեց վերականգնել ուժերի հավասարակշռությունը

Չնայած բելառուսական ԶԼՄ-ների պնդումներին, թե ՀԱՊԿ-ում Բելառուսի գործընկեր Հայաստանը թույլ չի տվել Բելառուսին «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին, համազարկային կրակի ռեակտիվ կայանքներն արդեն Ադրբեջանում են։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է նոր հրթիռային զորամասի բացման արարողությանը, որի ժամանակ ծանոթացել է նոր ձեռք բերված սպառազինությունների տեսակներին: Դրանց թվում են բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։

Ըստ Razm.info-ի, ադրբեջանական մամուլում ցուցադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ զորամասում ցուցադրված է «Պոլոնեզի» չինական A200 հրթիռներով տարբերակը: Հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Նույն աղբյուրի համաձայն, կա հավանականություն, որ այս հրթիռներից արդեն արտադրում է նաև Բելառուսը՝ «Завод точной электромеханики» գործարանում: Պոլոնեզի կրակի հեռահարությունը 200 կմ է, հրթիռի մարտական մասի քաշը 130 կգ է, խոցման շառավիղը՝ 30 մ: Մեկ «Պոլոնեզն» ունի 8 հրթիռ, այն նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի խոցման համար:

Զորամասում ցուցադրվել են նաև իսրայելական Israel Aerospace Industries-ի արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: Հրթիռի տրամաչափը 610 մմ է, առավելագույն հեռահարությունը՝ 300 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ:

Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության իր աղբյուրին, գրել էր, թե Բելառուսն այս տարի նախատեսում է սկսել տասնյակ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման պայմանագրի իրականացում, և առաջին խոշոր պայմանագիրը ենթադրում է տասնյակ համալիրների փոխանցում (այն ներառում է հրթիռներ, տրանսպորտային լիցքավորման մեքենաներ, հսկման կետեր, ռադիոտեղորոշիչ կայաններ)։ Իրավաբանական փաստաթղթերը գտնվում են ավարտական փուլում, իսկ հաճախորդն ավարտում է իր ֆինանսական հարցերի լուծումը, Մինսկի կողմից վարկի տրամադրման մասին խոսք չկա։

Պատրաստվող պայմանագիրը, պարբերականի գնահատմամբ, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարված «Իսկանդեր» համալիրի ուշացած պատասխանն է։ Աղբյուրը ենթադրել էր, որ զենքի մատակարարումը, որն ունակ է խոցել քաղաքային և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները, օդակայանները, ճանապարհային և գետային ցանցերը, կենդանի ուժը, բացասաբար կընդունվի Հայաստանում, բայց «Իսկանդերները» զսպող գործոն կլինեն։

Իսկ ըստ «Комсомольская правда Беларусь»-ի՝ Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: «Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզներ»: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել է բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Ուշագրավ է նաև, որ «Պոլոնեզ» ծրագրի իրագործումը սկսվել է 2012-ից՝ Բելառուսին «Իսկանդեր» համակարգերի մատակարարման շուրջ Մոսկվայի և Մինսկի միջև ծագած տարաձայնությունների ֆոնին: Չստանալով ցանկալին՝ Լուկաշենկոն հանձնարարել է ստեղծել սեփական համակարգը, որը չի զիջում «Իսկանդերին»:

«168 Ժամի» հետ զրույցում բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասաց, թե չի բացառվում, որ հայկական կողմը փորձել է արգելափակել այս գործարքը։ Բայց, նրա խոսքով, ինչպես Ռուսաստանը, լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, այնպես էլ տեսականորեն դրա իրավունքն է ունեցել Բելառուսը և վաճառել է, քանի որ Ադրբեջանը Բելառուսի համար լավ գործընկեր է, կապերը բավականին խորն են ու ամուր։

Թեև, նրա կարծիքով, անվտանգության կառույցում գտնվող երկրները չպետք է կայացնեն այնպիսի որոշումներ, որոնք կասկածի տակ կդնեն նույն կառույցում իրենց մյուս գործընկերոջ անվտանգությունը, քանի որ ցանկացած ոտնձգություն երկրներից մեկի դեմ՝ ոտնձգություն է ողջ կառույցի դեմ։ Բայց, Կարբալևիչի խոսքով, Բելառուսն ունեցել է Ռուսաստանի օրինակը։

«Բայց ՀԱՊԿ-ում այդ կարգավորումները չեն գործում, Բելառուսի համար այդ գործարքը վստահաբար մեծ օգուտներ է բերել, ինչը կարևոր է Բելառուսի նախագահի համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ քաղաքական կամքի պարագայում այս հարցը կարող է բարձրաձայնվել ՀԱՊԿ-ում, հատկապես, որ Բելառուսը միակ երկիրը չէ, որ սպառազինություն է վաճառում ԼՂ հակամարտության կողմերին։

Սա իսկապես խնդիր է, որով պետք է զբաղվեն ՀՀ իշխանությունները։ Ներկայումս և՛ ԱԳՆ խողովակներով, և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում կան համապատասխան խողովակներ և միջոցներ այդ հարցերը բարձրաձայնելու և լուծելու համար, քանի որ լծակներ կան նաև Հայաստանի ձեռքում։ Այսինքն՝ Հայաստանը պետք է որոշի, թե ինչպես»,- նման կարծիք հայտնեց բելառուսցի քաղաքագետը։

Դիտարկմանը, թե Ռուսաստանի և Բելառուսի քաղաքականություններն այդ ոլորտում անհամեմատելի են, քանի որ Ռուսաստանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, փորձում է պահպանել կողմերի միջև հավասարակշռությունը, բելառուսցի քաղաքագետն ասաց, որ ռազմական փորձագետների խոսքով, այդ հավասարակշռությունը խախտվել էր «Իսկանդերի» մատակարարումից հետո։

Ըստ նրա, ադրբեջանական կողմը ցանկանում էր նմանատիպ սպառազինություն ձեռք բերել։ «Դատելով այս զինատեսակների հնարավորություններից, հավասարակշռություն պահպանելու տրամաբանությունը խախտված չէ, քանի որ «Իսկանդերը» շատ ավելի հզոր դասի զինատեսակ է»,- ասաց նա։

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկացած հզոր զինատեսակ, այդ թվում՝ այնպիսի զինատեսակ, ինչպիսին «Պոլոնեզն» է, ունակ է փոխել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև։ Ըստ նրա, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պետք է հաշվի առնել «Իսկանդերի» առկայությունը, որի խոցման ճշգրտությունը բացառիկ է։

Ֆելգենգաուերի կարծիքով, հաշվի առնելով «Պոլոնեզի» չինական ծագումը, ճշգրտության բացակայությունը, կարելի է պնդել, որ Հայաստանն ունակ է զսպել և արժանի պատասխան հասցնել այս համակարգերի կիրառման դեպքում, որը կարող է լինել միայն կոնֆլիկտի բռնկման պարագայում, քանի որ սրանք լուրջ զինատեսակներ են, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ։

Ռուս ռազմական փորձագետն ասաց, որ, եթե կա չկարգավորված հակամարտություն, նման գործարքներն անխուսափելի են, քանի որ կողմերը պետք է մտածեն սեփական անվտանգության մասին, իսկ «Իսկանդերի» ձեռքբերումն ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի կողմից էապես խախտեց հավասարակշռությունը, քանի որ թույլ տվեց Հայաստանին հակամարտության պարագայում ճշգրիտ հարվածներ հասցնել։

«Բնականաբար, հակամարտող երկրներին սպառազինության վաճառքը խնդիրներ կարող է հարուցել, դա հատկապես խնդրահարույց է ՀԱՊԿ-ի առկայության պարագայում, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության առկայության պարագայում։

ՀՀ նախկին իշխանությունները բարձրացրել են այս հարցը, նոր իշխանությունների օրակարգում ևս ներառված է ռուս-ադրբեջանական զենքի գործարքների հարցը, սակայն ապրիլյան պատերազմից հետո որոշ մոտեցումներ փոխվել են ռուսական քաղաքականության մեջ, հենց այդ պատճառով էլ Բելառուսը նոր մատակարարներ է փորձելու գտնել։

Միանշանակ կարելի է ասել, որ ՌԴ-ին ձեռնտու չէ պատերազմն այստեղ և ուժերի հավասարակշռության խախտումը։ Ցանկացած խախտում հօգուտ Ադրբեջանի վերանալու է, քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ սպառազինություն կուտակած Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, Հայաստանը ևս պատրաստվում է, ուստի ելքը հավասարակշռության պահպանումն է»,- ասաց ռազմական փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս