Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառել Ռուաստանի օրինակով
«Ցանկացած հզոր զինատեսակ, այդ թվում՝ այնպիսի զինատեսակ, ինչպիսին «Պոլոնեզն» է, ունակ է փոխել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պետք է հաշվի առնել «Իսկանդերի» առկայությունը, որի խոցման ճշգրտությունը բացառիկ է։
Հաշվի առնելով «Պոլոնեզի» չինական ծագումը, ճշգրտության բացակայությունը, կարելի է պնդել, որ Հայաստանն ունակ է զսպել և արժանի պատասխան հասցնել այս համակարգերի կիրառման դեպքում, որը կարող է լինել միայն կոնֆլիկտի բռնկման պարագայում, քանի որ սրանք լուրջ զինատեսակներ են, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով բելառուսական «Պոլոնեզների» վաճառքին Ադրբեջանին։
Իր հերթին՝ բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասել է, որ ինչպես Ռուսաստանը, լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, այնպես էլ տեսականորեն դրա իրավունքն է ունեցել Բելառուսը և վաճառել է, քանի որ Ադրբեջանը Բելառուսի համար լավ գործընկեր է, կապերը բավականին խորն են ու ամուր։
Թեև, նրա կարծիքով, անվտանգության կառույցում գտնվող երկրները չպետք է կայացնեն այնպիսի որոշումներ, որոնք կասկածի տակ կդնեն նույն կառույցում իրենց մյուս գործընկերոջ անվտանգությունը, քանի որ ցանկացած ոտնձգություն երկրներից մեկի դեմ՝ ոտնձգություն է ողջ կառույցի դեմ։ Բայց, Կարբալևիչի խոսքով, Բելառուսն ունեցել է Ռուսաստանի օրինակը։
«Բայց ՀԱՊԿ-ում այդ կարգավորումները չեն գործում, Բելառուսի համար այդ գործարքը վստահաբար մեծ օգուտներ է բերել, ինչը կարևոր է Բելառուսի նախագահի համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ քաղաքական կամքի պարագայում այս հարցը կարող է բարձրաձայնվել ՀԱՊԿ-ում, հատկապես, որ Բելառուսը միակ երկիրը չէ, որ սպառազինություն է վաճառում ԼՂ հակամարտության կողմերին։ Սա իսկապես խնդիր է, որով պետք է զբաղվեն ՀՀ իշխանությունները»,- ասել է նա։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: