«Մի փոքր տարօրինակ է, որ ՀՀ ՊՆ-ն նախընտրում է արձագանքել ադրբեջանական կողմի ներկայացրած փաստերից ոչ բոլորին». Ստեփան Սաֆարյան

«Եթե անգամ հավատանք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական բացատրությանը, թե իրենք առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով՝ թույլատրել են ադրբեջանցիներին այցելել լքված գյուղի գերազմաններ, մենք պարտավոր են ուղղակի նայել՝ մյուս կողմից ինչ ենք լսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր՝ համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»։

Ս. Սաֆարյանը նկատեց, որ շնորհակալության փոխարեն՝ տեսնում ենք՝ ադրբեջանական իշխանությանը պատկանող լրատվականներում՝ ոչ միայն հոխորտանք, այլև՝ հեգնանք, ինքնավստահություն, քարոզչություն, որ «մեր բանակը շարունակաբար վերականգնում է իր վերահսկողությունը հայերի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ», և այլն.

«Սա անհասկանալի է։ Առավել ևս, մի փոքր տարօրինակ է, որ ՀՀ ՊՆ-ն նախընտրում է արձագանքել ադրբեջանական կողմի ներկայացրած փաստերից ոչ բոլորին։ Խոսքը միայն գերեզմաններում ծածանվող ադրբեջանական դրոշների և այցելուների մասին է, մինչդեռ ադրբեջանական հաղորդագրության մեջ նշվում է 11 հազար հեկտար տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, Երևան-Ստեփանակերտի ճանապարհը նշանառության տակ պահելու հնարավորություն ստանալու, նաև 50 կիլոմետր նոր ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու և այլնի մասին»։

Ս. Սաֆարյանի խոսքով՝ ամբողջի մասին չէ, որ մինչև այժմ ՀՀ ՊՆ-ն և կառավարությունը բացատրություններ են տվել.

«Միայն այն է, որ չեզոք տարածքում եղել է առաջխաղացում, բայց դա ոչ թե՝ ՀՀ-ի վարչական տարածքի շրջանակներում, այլ՝ Նախիջևանի խորհրդային սահմանների շրջանակներում։ Տվյալ պարագայում խնդիրը միայն սա չէ, այլ՝ այն, թե ինչ է փոխելու այն ռազմաքաղաքական պատկերում։ Արդյո՞ք նրանք իսկապես վերահսկողության տակ են վերցնում Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, արդյո՞ք որևէ շիկացման դեպքում կարող են ուղղակի փակել տալ այդ ճանապարհը, ինչպես դա անում են իմ հայրենի Տավուշի մարզում։

2002 թվականի կրկին չեզոք տարածքում դիրքային առաջխաղացումների արդյունքում հասան նրան, որ իրենց այդ դիրքերից կարողանում են կրակահերթերով արգելել միջպետական մայրուղու գործառնությունը։ Արդյո՞ք մենք հիմա նույնը չունենք Երևան-Ստեփանակերտ ավտոմայրուղու պարագայում՝ Նախիջևանի և Վայոց Ձորի հատվածում»։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ հիմնական հարցերին պատասխանելու փոխարեն՝ հայկական կողմն անհասկանալի բացատրություն է տալիս.

«Հատկապես, երբ 2014 թվականից  արդեն, կարծես թե, լեգիտիմացվում են նաև Հայաստան-Նախիջևան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Հիշեք 2014 թվականի հունիսյան միջադեպերը, երբ հրադադարի ռեժիմի պայմանագրի 20-ամյակի տարում առաջին անգամ այդ հատվածում մենք ունեցանք որոշակի ակտիվացումներ։ Այժմ կարծես սովորական է դառնում, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի այդ հատվածը նույնպես կարող է թեժ լինել, մեր ականջներին սովորեցվում է, որ այնտեղ էլ կարող են կրակոցներ լինել, հրադադարի ռեժիմի խախտումներ լինել։ Սա վերին աստիճանի վտանգավոր է, որովհետև նախկինում կարծես բոլորն ադապտացվել էին սահմանի գոնե այդ հատվածում իրավիճակի հանդարտությանը, իսկ այժմ ճիշտ հակառակ բանին են սովորեցնում մեր ականջը»։

Ս. Սաֆարյանի կարծիքով՝ հայկական կողմն այս վերջին հայտարարությունը չանել չէր կարող. «Որովհետև նախիջևանյան շրջանում կատարվողի  վերաբերյալ տրված պարզաբանումները սպառիչ չէին, չէին փարատել կասկածները, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, դրան էլ գումարվում էր վերջին միջադեպը, կստացվեր, որ հայկական կողմն ինչ-որ մի բան թաքցնում է։ Այս առումով, պետք է հասկանալ՝ ինչ հարցեր է առաջացնում հակառակորդի պահվածքը, և պատասխանել այդ հարցերին»։

Տեսանյութեր

Լրահոս