Ինչի մասին է «խոսում» անշարժ գույքի շուկան
Անշարժ գույքի շուկան ապրիլին ակտիվացել է. թե՛ գործարքների քանակն է աճել, թե՛ անշարժ գույքի գները։ Այս մասին է վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցը՝ հիմնված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների վրա։
Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2018թ. ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 12 626 իրավունքների պետական գրանցման գործարքներ: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ապրիլին գրանցվել էր 8689 գործարք։ Այսինքն՝ 12 ամսյա կտրվածքով անշարժ գույքի շուկայի գործարքների թիվն ավելացել է 3937-ով կամ 45%-ով։
Ընդ որում, աճը գրեթե հավասարաչափ է բաշխված. անշարժ գույքի գործարքներն աճել են ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում։
12626 գործարքներից 4948-ն օտարման գործարքներ են (ընդհանուր թվի 39.2%-ը)։ Այդ թվում՝ 3565-ը առքուվաճառքի գործարքներ են, 1020-ը՝ նվիրատվության։
Անշարժ գույքի շուկայի աշխուժացման մասին են վկայում նաև գները։ Ինչպես կարող եք տեսնել աղյուսակում, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն աճել են բոլոր վարչական շրջաններում։ Ընդ որում, աճել են թե՛ նախորդ տարվա ապրիլի համեմատ, թե՛ այս տարվա մարտի համեմատ։
Սա, ինչպես նշեցինք, ապրիլ ամսվա տվյալներն են։ Պաշտոնական վիճակագրությունը մայիս ամսվա տվյալները դեռ չի հրապարակել։ Սակայն անշարժ գույքի շուկային մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ մայիսին շուկան շարունակել է ակտիվանալ, և բնակարանների/տների գներն ավելի շատ են աճել։
Ինչ խոսք, անշարժ գույքի շուկայի ակտիվացումն առաջին հայացքից ինչ-որ առումով հակասում է տնտեսագիտական տրամաբանությանը։ Ապրիլի երկրորդ կեսը գրեթե ամբողջությամբ նշանավորվեց թավշյա հեղափոխությամբ և դրա հետ կապված զանգվածային ակցիաներով։ Քաղաքական ցնցումները սովորաբար բացասաբար են ազդում տնտեսության վրա, և հատկապես խոշոր գնումների/գործարքների դեպքում անորոշությունն ու ապագայի նկատմամբ մտահոգությունները մարդկանց դարձնում են ավելի զգուշավոր, և շատերը հետաձգում են իրենց գործարքները։
Այդ դեպքում, ինչո՞վ կարող է պայմանավորված լինել անշարժ գույքի շուկայի ակտիվացումը։ Իհարկե, ավելի ճիշտ կլիներ նախ ամբողջ խորությամբ վերլուծել պատճառներն ու նոր միայն պատասխանել, սակայն կարծում ենք՝ գլխավոր պատճառն ակնհայտ է։ Միգուցե պաթետիկ հնչի, սակայն մարդիկ այսօր առավել կապված են իրենց հողին, քան 1,5 ամիս առաջ։ Այսինքն, եթե 1,5 առաջ բնակչության X տոկոսը հնարավորության դեպքում պատրաստ էր վաճառել իր տունն ու ընդմիշտ հեռանալ երկրից, այսօր այդ X-ը զգալիորեն նվազել է։ Կարծում ենք՝ առաջիկայում կհրապարակվեն նման սոցհարցման արդյունքներ, որոնք կապացուցեն, որ արտագաղթելու տրամադրություն ունեցողների թիվը նվազել է։ Իսկ դա, իր հերթին՝ սպասումներ է ձևավորում, մարդիկ սկսում են հասկանալ, որ պոտենցիալ առաջարկը (ի հաշիվ երկիրը լքել պատրաստվողների) չի աճելու։
Ըստ այդմ, անշարժ գույքի գների նվազում չի լինելու։ Հակառակը, եթե ՀՀ նոր իշխանություններին հաջողվի կապիտալիզացնել կուտակված դրական էներգետիկան և ճիշտ բարեփոխումներով զարգացնել երկիրը, դրա արդյունքում աճելու է նաև անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը ու, հետևաբար, նաև՝ գները։
Սակայն, մյուս կողմից, չի կարելի հիմնվել միայն այս թվերի վրա և սպասել, որ ամեն ինչ ինքն իրեն կգնա դեպի լավը։ Հատկապես գործարար խավի մոտ դեռևս պահպանվում է անորոշությունը։ 20 տարի շարունակ լրիվ այլ «աշխարհում» և այլ խաղի կանոններով աշխատած գործարարները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին։ Ավելին, քան դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել, և ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ունի, բիզնեսի համար այս անորոշությունը պահպանվում է։
Ասվածը նույն չափով (գուցե և՝ ավելի շատ) վերաբերում է օտարերկրյա ներդրողներին։ Ոգևորությունը մի կողմ դնելով և օբյեկտիվ նայելով իրավիճակին՝ կարելի է տեսնել, որ մայիսի 8-ից հետո դրսից մեծ ներդրումներ չեն եկել Հայաստան։ Ավելին, չի կարելի բացառել, որ որոշ ներդրողներ իրենց ծրագրերը ժամանակավոր սառեցրել են և սպասում են իրավիճակի զարգացմանը։ Ու դա զարմանալի չէ. ի վերջո, եթե տեղի գործարարներն իրենք այսօր մինչև վերջ չեն հասկանում «խաղի կանոնները», ապա օտարերկրյա ներդրողի համար անորոշությունն ավելի մեծ է։
Ավելին, դժվար չէ կանխատեսել, որ օտարերկրյա ներդրումների ներհոսքն առաջիկա ամիսներին նկատելի չի լինի և անգամ կարող է նվազել՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Օտարերկրյա լուրջ ներդրողները Հայաստան գալու վերջնական որոշում կկայացնեն այն ժամանակ, երբ Հայաստանում կանցկացվեն նորմալ ընտրություններ, կձևավորվի լեգիտիմ իշխանություն, երբ կանցնի մի քանի ամիս, և կհամոզվեն, որ Հայաստանն անշրջելիորեն և հաստատուն քայլերով գնում է նոր ճանապարհով։ Այնպես որ, տնտեսության առումով արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է հնարավորինս շուտ կազմակերպվեն։ Հեղափոխության դրական էֆեկտը լիարժեք միայն դրանից հետո է զգացվելու։