«Թվե՞ր եք ուզում, դուք կտեսնեք այդ թվերը». Արարատ Միրզոյան

«Մեծ ափսոսանքով ուզում եմ նկատել, որ սերը և համերաշխությունն այդուհանդերձ դեռ չեն հասցրել թափանցել ԱԺ ցանկապատերից և այս հաստ պատերից ներս»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Դիմելով ՀՀԿ-ականներին՝ նա ասաց. «Սիրով և համերաշխաբար ուզում եմ ասել, որ այս գծից այն կողմ նստած խորհրդարանականների մոտ հիշողության հետ կապված որոշակի ոչ տեղին դրսևորումներ եմ նկատում։ Տպավորություն է, որ մեր կառավարությունը իշխանության է մոտ 20 տարի, այնինչ մենք դեռ 1 ամիս է, որ իշխանության ենք, և այն բոլոր բացթողումները, որոնց մասին այսպես համառորեն խոսում են ՀՀԿ մեր գործընկերները, երևի հասցեագրված են հենց իրենց, այդ թվում՝ նաև շատ մեծ ու գեղեցիկ ոլորտներում գեղեցիկ ու մեծ թվեր ներկայացնելու, այդ թվերը տապալելու և առաջադրված նպատակներին չհասնելու վերաբերյալ»։

Նա ասաց, որ իրենք թվեր ներկայացնելու են. «Թվե՞ր եք ուզում, դուք կտեսնեք այդ թվերը, կառավարությունը պատրաստվում է ներկայացնել այս ծրագրից բխող գործողությունների ժամկետներ, որտեղ կլինեն հստակ թվեր»։

Ա. Միրզոյանը, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին, ասաց, որ գուցե հեռուն չգնան, բայց հաստատ կշարժվեն առաջ, ոչ թե կմնան նույն ճահճում։

Տեսանյութեր

Լրահոս