«Մնացականյան-Լավրով հանդիպմանն արտացոլվեցին ՀՀ նոր իշխանությունների մոտեցումները». Եվսեև

«Մոսկվայում արդյունավետ աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Մնացականյան-Լավրով մոսկովյան բանակցություններին:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը արտգործնախարար Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարել: Նա ասել է, որ բանակցություններն անց են կացվել երկու երկրներին կապող գործընկերության, ռազմավարական համագործակցության ոգուն համաձայն:

Նա ընդգծեց, որ կողմերն արձանագրել են հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում և՝ բարձրագույն մակարդակում: Նա ընդգծել է, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ խոսել են նաև Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:

«Ռուսաստանը, ինչպես Երևանի ու Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում, այնպես էլ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ շարունակելու է աջակցել կողմերին փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,- հայտարարել է Լավրովը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանի ներդրումը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Պատրաստ ենք շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջընթացին: Այս փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացի շարունակականության վրա: Մեզ համար հենման կետերն անփոփոխ են մնում: Դրանք են՝ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այս հարցերի լուծմանը»,- նշել է Մնացականյանը:

Եվսեևը նշեց, որ արտգործնախարարներ Լավրովն ու Մնացականյանն արդյունավետ աշխատանքային հանդիպում անցկացրին: Նրա որակմամբ՝ որևէ արտառոց հանգամանք առանձնացնել հնարավոր չէ, քանի որ քննարկվեցին ընթացիկ հարցեր:

«Հանդիպումը կարևոր էր նրանով, որ սա նախարար Մնացականյանի առաջին հանդիպումն էր Լավրովի հետ, և դա տեղի ունեցավ հայաստանյան հեղափոխությունից հետո, երբ ՀՀ-ն արդեն նոր իշխանություններ ունի, ու շատ փորձագիտական գնահատականներ կան այն մասին, որ Հայաստանը փոխում է իր աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, փոխում է որոշ մոտեցումներ Ղարաբաղյան կարգավորման հարցում:

Կարծում եմ` բանակցությունները պտտվել են այս հարցերի շուրջ: Մամլո ասուլիսի ընթացքում արծարծված թեմաներից պարզ դարձավ, որ նախարար Մնացականյանը ռուսական կողմին է փոխանցել հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները: Այսինքն` ՀՀ նոր իշխանությունների մոտեցումներն արտացոլվեցին այս հանդիպման ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինչպես զենքի վաճառքն Ադրբեջանին, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանում խնդիր է հայկական կողմի համար, և պետք է ռուսական կողմի հետ քննարկումներ տեղի ունենան այս հարցի շուրջ: Հաղորդագրություններից պարզ դարձավ, որ այս թեման քննարկվել է: Ուշագրավ է, որ հայկական կողմը շարունակում է ցուցադրել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը հայկական կողմի համար՝ նշելով, որ բնական է, որ նախարար Մնացականյանի առաջին օտարերկրյա այցը պետք է տեղի ունենար Ռուսաստան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ նաև ՀՀ նոր իշխանությունների արևմտյան հավակնությունների մասին խոսակցություններին, ինչը ևս կարևոր հանգամանք էր, նա նշեց, որ հիմք է ընդունում վարչապետի և նախարարի դիտարկումներն այս հարցի վերաբերյալ, թեև փորձագիտական քննարկումները կարևոր են, և դրանց հետևել է պետք: Գնահատում եմ՝ արդյունավետ աշխատանքային հանդիպում: Կարծում եմ` Լավրովի պատասխան այցը չի ուշանա»,- ասաց Եվսեևը:

Ըստ նրա՝ առավել հետաքրքրական են այն հայտարարությունները, որոնք այս օրերին հնչում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ու իրավիճակն Արցախում:

«Այստեղ հեռակա կարգով իրական քննարկումներ են ընթանում կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Դրական հանգամանք է՝ տեսնել, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են Արցախի փոխարեն չբանակցելու հարցի վերաբերյալ և դա կարողանում են համոզիչ կերպով ներկայացնել: Առավել վտանգավոր էին նախորդ օրերին զարգացումներն Արցախում, որոնք հակառակորդին իրավիճակն իր օգտին շրջելու հնարավորություն են տալիս:

Իշխանությունները նախաձեռնել են փոփոխություններ, հուսանք, որ դրանք վերջնականապես կխաղաղեցնեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, քանի որ ադրբեջանական կողմը հարմար առիթ է փնտրում բանակցային գործընթացն ավարտին հասցնելու և այլ պրոցեսներ սկսելու համար: Ուստի պետք է ողջամիտ գտնվել»,- նման տեսակետ հայտնեց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս