«Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ռևերսներ չպետք է լինեն». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, ասաց. «Ասել եմ արդեն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ռևերսներ չպետք է լինեն, և այսօր ես վերահաստատում եմ այդ դիրքորոշումը: Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և մեր խնդիրն է լինելու առավել մեծացնել այդ կազմակերպություններում մեր անդամության արդյունավետությունը: Ի դեպ, մայիսի 13-ին Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելով, համոզվեցի, որ այս նույն խնդիրը հետապնդում են նաև ԵԱՏՄ բոլոր երկրները, ՀԱՊԿ անդամ էլի ուրիշ երկրներ: Սա ասում եմ ընդգծելու համար, որ հարցի նման ձևակերպումը լավ հիմք է ստեղծում ԵԱՏՄ մեր գործընկերների հետ հարաբերություններն ակտիվացնելու համար թե՛ ԵԱՏՄ, թե՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում:
Մեզ համար չափազանց կարևոր է Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելը՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»։
Նրա խոսքով՝ Հայաստանը լրջորեն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։
«Մենք Եվրամիության հետ սերտորեն համագործակցելու ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ։ Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։
Մենք պիտի լրջագույն ջանքեր գործադրենք Իրանի և Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին և որոնք հնարավորինս զերծ կլինեն աշխարհքաղաքական ազդեցություններից։
Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին և կարծում ենք, որ Չինաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում կարող է նոր խթան հանդիսանալ Հայաստան, Իրան, Վրաստան հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ ՀՀ արտաքին քաղաքականությունն ուղղված է լինելու ՀՀ Սահմանադրության հոդված 13-ի տրամաբանության իրականացմանը, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»:
«Բայց հարկ եմ համարում անել մի շեշտադրում, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է մեր արտաքին քաղաքականության ձևակերպման տեսակետից. մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու ամերիկամետ, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու եվրոպամետ, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու ռուսամետ։
Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակաամերիկյան, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակաեվրոպական, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակառուսական։
Մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակը մեր երկրի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունն է, մեր երկրի ազգային շահերի սպասարկումը:
Սա, կարծում եմ, պետք է կանոն լինի Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքական գործչի, հանրային գործչի, հասարակական կազմակերպության և կուսակցության համար: Մետամետ քաղաքականության ու կեցվածքի մշակույթը պետք է արմատախիլ արվի մեր երկրից: Մենք գործունեության ուղենիշներ չպետք է ունենանք մեր երկրից դուրս: Մեր գործունեության միակ ուղենիշը պետք է լինի մեր երկրի ինքնիշխանությունը, մեր երկրի պետական շահը:
Սա արտաքին, ներքին քաղաքականության և, ընդհանրապես, գործունեության ցանկացած ոլորտում: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, որ սա է Նոր Հայաստանի արժեքային, մշակութային ամենակարևոր նորամուծությունը։ Այսօր շատերը փորձում են կառավարությունում փնտրել և գտնել արևմտամետ, ռուսամետ ամերիկամետ գործիչների, կամ հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպացի գործիչների։
Եվ ուզում եմ ասել, որ սա անիմաստ փնտրտուք է, որովհետև Հայաստանի կառավարության կազմում ընդգրկված են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և սրանից դուրս նրանց որևէ այլ կարգավիճակի վերագրումը Հայաստանում հաստատված իրավիճակի սխալ ըմբռնման, թյուրըմբռնման հետևանք է»։