«Եթե Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների, մենք չենք կարող պատրաստ լինել փոխզիջումների». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց, որ ծրագրի մեջ մի խոցելի պարբերություն կա։
«Տարիներ շարունակ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետևանքով խոչընդոտվել է Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը։ Թե՛ բանակցություններից առաջ, թե՛ բանակցություններից հետո տարբեր դիվերսիոն ակտերով անընդհատ փորձել են խոչընդոտել։ Մեր քննադատական խոսքին միջազգային կառույցների կողմից անընդհատ պատասխաններ են հնչել, և ոչ ադեկվատ ձևով կողմերին կոչ է արվել, որ զսպվածություն ցուցաբերեն ու չլարեն իրավիճակը։ Շատ տարօրինակ է, որ կառավարության ծրագրում նմանատիպ մոտեցում է որդեգրված, հավասարության նշան է դրվում կողմերի միջև 5-րդ գլխի երրորդ բաժնի երկրորդ պարբերության մեջ։ Ես առաջին անգամն եմ տեսնում այդպիսի մոտեցում ու կցանկանայի, որ անպայման դրան ուշադրություն դարձնեք»։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, որ նման մեկնաբանությունը տեղին է. «Ես ձեզ ուրիշ բան կարող եմ ասել։ Երկու օր առաջ ես հանդիպում ունեի մեր գործընկեր երկրներից մեկի դիվանագիտական ներկայացուցչի հետ, որն ասում էր, որ կարծում է՝ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական զարգացումները շատ լավ առիթ են, որպեսզի մենք ՀՀ հանրությանը պատրաստենք խաղաղության՝ հարցի կարգավորման առումով։
Ես նրան ասացի՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք մեր հանրությանը ձեր ասած տրամաբանության մեջ պատրաստենք խաղաղության, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանն իր հանրությանը պատրաստում է պատերազմի։ Եթե այդ պայմաններում մենք մեր հանրությանը փորձենք պատրաստենք խաղաղության, կնշանակի՝ մենք մեր հանրությանը պատրաստում ենք պարտության։
Մենք չենք գնա նման բանի, եթե մենք ուզում ենք, որ այդ պրոցեսը տեղի ունենա ՀՀ-ում, ուրեմն՝ ինքը պետք է ապահովի, որ այդ պրոցեսը տեղի ունենա Ադրբեջանում, որովհետև ՀՀ-ն երբեք ագրեսիվ հռետորաբանությամբ աչքի չի ընկել, և այս պայմաններում մենք կարծում ենք՝ մեր հռետորաբանությունը դեռ շատ ագրեսիվացնելու պոտենցիալ ունենք»։
Ն. Փաշինյանն ասաց, որ բանակցային գործընթացում լինելու են կառուցողական, բայց չեն կորցնելու ադեկվատությունը. «Ես նախկինում էլ՝ որպես ընդդիմադիր գործիչ, հիմա էլ հայտարարում եմ, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, հայտարարել, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների, ճիշտ մոտեցում չէ։ Եթե դիմացինը պատրաստ չէ փոխզիջումների, մենք չենք կարող պատրաստ լինել փոխզիջումների, եթե դիմացինը պատրաստվում է պատերազմի, մենք էլ պետք է պատրաստվենք պատերազմի»։
Գ. Մելիքյանը համաձայնեց Ն. Փաշինյանի հետ և ասաց, որ վարչապետի ելույթում ինքն էլ ռազմատենչ հայտարարություններ չի լսել, բայց կարծիք հայտնեց, որ իր կողմից նշված պարբերությունը խոցելի է։
Ն. Փաշինյանն էլ ասաց, որ պատրաստ են միասին վերանայել այդ պարբերությունը, և անհրաժեշտության դեպքում՝ կփոխեն այն։