Ինչ սպասել Մնացականյան-Լավրով բանակցություններից

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-7-ն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Ըստ ՀՀ ԱԳ նախարարության, այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական դումայի պատգամավորների և Դաշնային խորհրդի սենատորների հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

Օրերս այս այցի օրակարգին ավելի մանրամասնորեն անդրադարձել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Կոժինը։ Նա նշել էր, որ ՌԴ արտգործնախարարի հետ բանակցությունների ընթացքում ենթադրվում է համագործակցության հարցերի լայն շրջանակ մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման համատեքստում: «Տեղի կունենա կարծիքների փոխանակում ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ, որում ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ակտիվ միջնորդական դեր է խաղում»,- ասել էր նա։

Կոժինի խոսքով` հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային թեմաներին, այդ թվում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին։ Իր հերթին՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ նախարար Զ. Մնացականյանն այցի շրջանակներում կանդրադառնա Հայաստանը ՌԴ-ին կապող միակ ցամաքային ճանապարհին՝ Լարսին, այլընտրանք փնտրելու հարցին: Բալայանը հավաստիացրել էր, որ առաջին կողմը, որը շահագրգռված է ՌԴ-ի հետ ունենալու այլընտրանքային կապ, Հայաստանն է: «Մենք անելու ենք մեզնից կախված ամեն հնարավորը, որպեսզի օր առաջ այդ ճանապարհի բացումը տեղի ունենա»,- ընդգծել էր Բալայանը՝ հավելելով, որ այս հարցում հասկանալի պատճառներով տարբեր կողմեր կան. որոշ կողմեր նպաստում են ճանապարհի բացմանը, ոմանք փորձում են խանգարել դրան:

«Մենք կողմնակից ենք, որպեսզի մինչև վերջնական համաձայնությունների ձեռքբերումը, մինչև հստակ պայմանավորվածությունները և դրանց կիրառումը, հնարավորինս խորհրդապահական մնանք»,- նշեց ԱԳՆ խոսնակը: Նա նաև նկատել էր, որ Լավրովի հետ Մնացականյանը կքննարկի նաև ղարաբաղյան հիմնահարցը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, թե ինչպիսի հարցեր և ինչպիսի քննարկումներ են ծավալվելու Մոսկվայում մի իրավիճակում, երբ Հայաստանում դեռ նոր է իշխանություն փոխվել, Արցախում անկայունության նոր ալիք է սկսվել, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պասիվ փուլում են, և կա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն առաջիկայում ԼՂ բանակցային գործընթացում ստեղծվելիք հնարավորությունների մասին, ՌԴ-ում դատական գործընթացներ կան հայերի հետ կապված:

Ըստ Տարասովի, սա նախարար Մնացականյանի և Լավրովի առաջին լուրջ հանդիպումն է, որի ընթացքում, բնականաբար, երկկողմ հարաբերությունների բոլոր բաղադրիչները կքննարկվեն: Ռուս քաղաքագետի խոսքով՝ ակնկալվում է, որ Մնացականյանը, ինչպես Սոչիում Ն. Փաշինյանը՝ իր ռուս գործընկերոջը, կվստահեցնի, որ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները չեն փոխվել:

«Կքննարկվեն նաև ընթացիկ հարցեր, կարևորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, Փաշինյանի գաղափարները կարգավորման վերաբերյալ, հայ-ամերիկյան հարաբերությունները, քանի որ, ինչպես երևում է՝ ԱՄՆ-ի կողմից ևս ընդլայնվելու է Հայաստանին ուղղվող ֆինանսավորումը: Իրականում Ռուսաստանին անհրաժեշտ է իսկապես ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու ՀՀ նոր իշխանությունների իրական արտաքին քաղաքականությունը, քանի որ ակնհայտ արևմտյան ակտիվություն ու հետաքրքրություն է նկատվում:

ՀՀ իշխանությունների կողմից միայն հավաստիացումները բավարար չեն, մենք պետք է հետևենք իրական քաղաքականությանը, թե ինչպես է այն գործելու, և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու ԱՄՆ-ի և Եվրամիության միջև:

Եվ ԱՄՆ-ը, և ԵՄ-ն մտադիր են մեծացնել Հայաստանին տրվող ֆինանսավորումը, սա, իմ գնահատմամբ, պատահական չէ, բայց կխուսափեմ ժամանակից շուտ եզրակացություններից»,- ասաց Տարասովը: Նրա խոսքով, բավականին լուրջ քննարկումներ են ծավալվելու առաջիկայում բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

«Կարծում եմ` Թրամփի հայտնի նամակից հետո ռուսական կողմը կփորձի ակտիվացնել նաև իր ջանքերը բանակցային գործընթացն առաջ մղելու հարցում, քանի որ իրադարձությունները ցույց են տալիս, որ ռուսական պասիվությունը կարող է փոխարինվել ամերիկյան ակտիվությամբ, թեև Ղարաբաղյան հարցում բոլոր համանախագահները գործում են միասնաբար՝ հասկանալով, որ իրենց հակասությունները կարող են անդառնալի հարված հասցնել Ղարաբաղյան տարածաշրջանին:

Կարծում եմ` Փաշինյանի առաջարկները հետաքրքիր են բոլոր միջնորդների համար, սակայն այս պահին այդ հարցի քննարկումներ ընթանալ չեն կարող, և ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձներում հստակ արտացոլված է հայկական կողմի այդ գիտակցումը: Նա բազմիցս նշել է, որ Փաշինյանի առաջարկությունը տարիներ ի վեր եղել է հայկական կողմի նպատակներից մեկը: Բայց, բնականաբար, այս պահին, երբ չկան բանակցություններ, ակնկալել, որ այս հարցի շուրջ քննարկումներ կընթանան՝ տրամաբանական չէ, քանի որ դեռ այս ձևաչափով բանակցությունները պետք է ընկնեն հունի մեջ»,- ասաց Տարասովը:

Նա նշեց, որ բավականին բովանդակային բանակցություններ են սպասվում Մոսկվայում, քանի որ սա Մնացականյան-Լավրով ձևաչափով առաջին պաշտոնական նախարարական հանդիպումն է լինելու: «Բավականին մեծ սպասելիքներ կան այս հանդիպումից ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից, քանի որ, ինչպես ավելի վաղ էի ասել, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, արտաքին քաղաքականությունը կարող է արմատապես փոխել Հարավային Կովկասում ուժերի դասավորությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի հետաքրքրությունը, և այլն»,- ասաց Տարասովը:

Նրա խոսքով՝ Լարսին այլընտրանքի հարցում հնարավոր են առաջընթացներ: «Սոչիում ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումից առաջ, հետո եղան տեղեկություններ, որ կողմերը համաձայնության են գալիս այլընտրանքային ճանապարհի հարցում, սակայն կային հարցեր, թե որ ճանապարհը նկատի ունի Վրաստանը, և որը` Ռուսաստանը, կարծում եմ` Վրաստանում ՀՀ վարչապետը քննարկել է այս հարցը, և վրացական դիրքորոշումը պարզ է Հայաստանի համար, և ՀՀ-ն համապատասխան աշխատանք կանի նաև Ռուսաստանի հետ, բայց պետք է տեսնել՝ արդյո՞ք Վրաստանն ու Ռուսաստանը պատրաստ են այս հարցում վերջնական համաձայնության»,- ասաց Տարասովը:

Ռուս քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Վլադիմիր Ռիժկովը մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք, ըստ նրա՝ չեն կարող չանդրադառնալ ՀՀ արտաքին քաղաքականության վրա:

«Նոր իշխանությունները բոլորովին այլ որակի արտաքին քաղաքականություն են վարելու, այդ ազդակները գալիս են նաև Արևմուտքից: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ սպասել այս բանակցություններից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը շարժվում է իր արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ հավասարակշռելու ուղիով, փոփոխությունն աննշան է լինելու հայ-ռուսական հարաբերություններում արտաքինից, բայց որակապես այն նկատելի է լինելու Հայաստանում:

Կարծում եմ` հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերություններում ևս փոփոխություններ կլինեն, բայց դրանց բնույթը չի լինի հայ-ռուսական հարաբերությունների նման: ՌԴ ներկայիս իշխանությունները հետաքրքրված են Հայաստանին չկորցնելու հարցում և պետք է փորձեն այդ ուղղությամբ շարժվել»,- ասաց Վ. Ռիժկովը:

Նրա խոսքով՝ Արևմուտքը հասկանում է ՀՀ ներկայիս իշխանությունների մանևրելու հնարավորությունների սղությունը:

«Կարծում եմ` հաշվի առնելով այս իշխանությունների ժամանակավոր բնույթը, երկարաժամկետ ապագային միտված դատողություններ անելու կարիք չի լինի, քանի որ փոփոխությունները դեռ չեն ավարտվել, չկա դեռ փոփոխված իրավիճակ՝ այն վերլուծելու համար, Հայաստանն արմատական փոփոխությունների սկզբնական փուլում է: Դրանց մի բաղադրիչն է նաև ԼՂ հակամարտությունը, որի կարգավորման գործընթացն էլ կլինի նախարարների հանդիպման առանցքը, քանի որ բանակցությունների վերսկսման հարցն առաջնահերթություն է բոլոր կողմերի համար»,- ասաց Ռիժկովը:

Նրա խոսքով՝ այս այցի հարցում Ռուսաստանի համար կարևոր են ՀՀ ներքաղաքական զարգացումները և Ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ ՌԴ քաղաքականությունն առանցքային դերակատարություն ունի Հարավային Կովկասում ազդեցության պահպանման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս