
Սինգապուրում հուշադրամներ են թողարկվել ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի առթիվ

Սինգապուրի դրամահատարանը հունիսի 5-ին ներկայացրել է հուշադրամներ ի պատիվ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այստեղ կայանալիք հանդիպման: Դրանք կատարված են երեք տարբերակով՝ ներառյալ ոսկե եւ արծաթե տարբերակները: Այդ մասին ասված է պետական ընկերության հայտարարության մեջ:
Յուրաքանչյուր մետաղադրամի վրա պատկերված են ձեռքսեղմում, ձախից՝ ԿԺԴՀ-ի դրոշը, աջից՝ ԱՄՆ-ի դրոշը: Նաեւ վերեւում անգլերեն «12.06. 2018: Գագաթնաժողով Սինգապուրում» մակագրությունը:
Ոսկեդրամի արժեքը կազմում է 1380 սինգապուրյան դոլար (ավելի քան հազար դոլար), արծաթադրամինը՝ 118 սինգապուրյան դոլար (88 դոլար) եւ սովորականինը, որը պատրաստված է նիկելազօծ ցինկից՝ 36 սինգապուրյան դոլար (27 դոլար):
Ինչպես հունիսի 4-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը Սինգապուրում պլանավորված է Սինգապուրի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան:
«Ես կարող եմ ձեզ հայտնել, որ առաջին հանդիպումը պլանավորված է Մինգապուրի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան ժամը 9-ին»,- ասել է նա լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: