Վտանգավոր խաղեր Ստեփանակերտում
Հունիսի 1-ին Ստեփանակերտում ԼՂՀ Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած կենցաղային մի միջադեպի պատճառով, արդեն մի քանի օր է՝ Արցախի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Այդ ակցիաներն իրականում որևէ կապ չունեն միջադեպի հետ, որի բոլոր մասնակիցներն արդեն ձերբակալված են, և ԼՂՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով խոստացել են պատժել հանցագործություն կատարողներին։
Սակայն այդ հավաստիացումները չեն բավարարել բողոքի մասնակիցներին, որոնք արդեն առաջ են քաշում միանգամայն այլ խնդիրներ, պահանջում են երկրի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Պահանջում են՝ պատերազմի մեջ գտնվող երկրում, պատերազմի մեջ գտնվող երկրի իշխանություններից։ Պահանջում են՝ իրենց պահանջը փաթեթավորելով ժողովրդավարության, խոսքի ու հավաքների ազատության գեղեցիկ կարգախոսներով։
Պահանջում են՝ երկրորդական ու շահարկումային համարելով այն սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի կողմից, կարող են առաջանալ ցանկացած պահի՝ ամենավատ դրսևորումներով։ Ու ամենավտանգավորն այն է, որ Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաներն «աջակցություն» են ստանում երևանյան որոշ շրջանակներից, դրանց է միացել անգամ իր «հայրենասեր» ու «հայրենանպաստ» գործունեությամբ հայտնի Զարուհի Փոստանջյանը։ Բայց սա այն դեպքերից չէ, երբ սույն և համանման այլ տարրերի գործունեությանը կարելի է և պետք է նայել մատների արանքով։
Նրանք իրականում վտանգում են Արցախի անվտանգությունը, վտանգելով Արցախի անվտանգությունը՝ վտանգում են նաև Հայաստանին։ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող որևէ գործիչ թե շարքային քաղաքացի իրավունք չունի անտարբեր գտնվել Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, որովհետև այդ իրադարձությունները տեղի են ունենում սահմանագծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ հայրենիքը պաշտպանող երիտասարդ զինծառայողներն իրենց առաքելությունն իրականացնում են՝ արդեն մի քանի օր թուլացած թիկունք ունենալով։
Ի վերջո, անթույլատրելի է պատերազմական երկրում ժողովրդավարության ու ազատությունների մասին բարձրաձայնումներով կատարել գործողություններ, որոնք ամեն պահի կարող են հակահարված ստանալ ոչ թե ԼՂՀ իշխանություններից, ում դեմ Ստեփանակերտում պայքարի են դուրս եկել մի քանի տասնյակ ցուցարարներ, այլ Ադրբեջանից։ Հիմա ոչ ժողովրդավարական գեղեցիկ կարգախոսների, ոչ էլ կեղծ հայրենասիրական պաթոսի ժամանակը չէ։
Այո, Արցախում կան շատ խնդիրներ, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ սոցիալ-տնտեսական, արդարության մթնոլորտին վերաբերող խնդիրներ։ Բայց Ստեփանակերտը Երևանը չէ, Ստեփանակերտի ավտոկայանն էլ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող խաղաղ քաղաքավայր չէ։
Ու ինչպես երկու օր առաջ պետական գործչին հարիր կերպով կոչ է արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, օր առաջ, ժամ առաջ պետք է Լեռնային Ղարաբաղում հեղինակություն և փոքր-ինչ ավանդ ունեցող գործիչները քայլեր կատարեն՝ Արցախի իշխանություններին սատարելու և ստեղծված իրավիճակի շարունակությունը թույլ չտալու համար։ Իրավիճակը կարող է շատ ավելի լրջանալ, քան թվում է առաջին հայացքից։