Հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը թուրքական վարչակարգերի փոփոխման համատեքստում
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Թուրքիայում կրել է շարունակական բնույթ և յուրօրինակ կապող օղակ է հանդիսացել ինչպես սուլթանական, երիտթուրքական, այնպես էլ քեմալական, հանրապետական վարչակարգերի միջև:
Օսմանյան կայսրությունում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 16-17-րդ դարերից: Սակայն եթե սկզբնական շրջանում այդ արժեքների ոչնչացումը համատարած և զանգվածային բնույթ չի կրել, ապա 19-րդ դարի վերջից սկսած և ողջ 20-րդ դարի ընթացքում գրանցվել է հայկական մշակութային ժառանգության զանգվածային, կանխամտածված ոչնչացում:
Օսմանյան կայսրությունում, ապա նաև Թուրքիայի Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ժամանակագրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի. առաջին փուլը ներառում է 16-րդ դ. մինչև 19-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածը: Այս փուլին բնորոշ ոչնչացման ընդգծված մեխանիզմը. եկեղեցու փոխակերպումն է մզկիթի, որի մասին երբեմն վկայում են հենց թուրքական աղբյուրները: 17-րդ դարի թուրք պատմագիր-աշխարհագրագետ Քյաթիբ Չելեբին, իր «Ջիհան Նյումա» աշխատության մեջ նկարագրելով Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքը, գրում է, որ իսլամական իշխողներն այս քաղաքում կառուցել են բազմաթիվ բարեգործական հիմնարկներ, այդ թվում և 4 մեծ ջամիներ (մզկիթներ), որոնցից մեկը նախապես հայկական եկեղեցի է եղել, սակայն քաղաքի գրավումից հետո վերածվել է մզկիթի և հայտնի է «Կըզըլ Մեսջիտ» անունով:
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման երկրորդ փուլը ներառում է 1894 թ. մինչև 1920-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում իրագործվել է արևմտահայ մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացում` հայերի ֆիզիկական բնաջնջմամբ: Այս փուլում մշակույթի արժեքների ոչնչացումն իրագործվել է ինչպես կանոնավոր բանակի, քրդական ու թուրքական զորաջոկատների, այնպես էլ մուսուլման ժողովրդական զանգվածների կողմից: Նրանց նպաստում էին մի կողմից թուրք հասարակության մեջ ներմուծած ատելությունը քրիստոնյաների՝ հատկապես հայերի հանդեպ, մյուս կողմից` այդ գործողությունների բացարձակ ազատությունն ու անպատժելիությունը: Ատելության ու մոլեռանդության դրսևորումները հատկապես ընդգծված են հայերի հոգևոր հաստատությունների դեմ իրականացված գործողություններում:
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման երրորդ փուլը ներառում է 1920-ականներից ընդհուպ մինչև մեր օրերը:
Հայոց ցեղասպանության իրագործումից հետո հրամայական էր դառնում բազմաթիվ հայաթափված գավառների վերաբնակեցման խնդիրը, ինչը լուծվեց Բալկաններից, Միջագետքից ու այլ վայրերից տեղափոխված թուրքերի և մահմեդական այլ ազգերի վերաբնակեցման պետական ծրագրի իրագործմամբ: Այդ պահից սկսած` քեմալական վարչակարգը մշակեց և գործի դրեց հայերի մշակույթին առնչվող ցանկացած փաստի ոչնչացման պետական ծրագիրը, որի իրագործմամբ, փաստորեն, ամբողջացվեց Հայոց ցեղասպանության երիտթուրքական ծրագիրը:
Դեռևս 1920-ականներից կիրառվող հայկական մշակութային հուշարձանների անհետացման պետական ծրագիրն առավել ամբողջական ու համակարգված բնույթ կրեց 1940-60 թթ., երբ Օսմանյան կայսրության նախկին հայաբնակ տարածքներում և, մասնավորապես, Արևմտյան Հայաստանում աննախադեպ չափերի հասավ ոչնչացվող հուշարձանների թիվը: Ծրագրի պետական մակարդակով իրագործման մասին են վկայում անգամ հուշարձանների ոչնչացման եղանակները` օրինակ, հրետակոծության միջոցով: Նման եղանակով մինչև 1960-ականները ոչնչացվեցին վաղ միջնադարյան և միջնադարյան հայկական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Տեկորի Սբ. Երրորդություն (5-րդ դար) եկեղեցին, Բագրևանդի Սբ. Հովհաննու եկեղեցին (631 թ.), Խծկոնքի վանական համալիրը (9-11 դդ.) և տասնյակ այլ եկեղեցիներ: Ընդ որում, նշված ժամանակահատվածում խստորեն արգելված է եղել անգամ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիայի «արևելյան նահանգներ»: 1950-ականների ավերումների մասին է վկայում ֆրանսիացի արվեստաբան Ժան Միշել Թիերին. «Մենք ականատես եղանք, թե ինչպես Կապուտկողի Ս. Հակոբ վանքը (11-րդ դար)` իր բարձրարժեք որմնանկարներով, ավերվեց բուլդոզերով` ճանապարհը մեծացնելու համար»:
1970-80-ականներին Արևմտյան Հայաստանի տարածքում հետևողականորեն շարունակվել է հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականությունը, այն տարբերությամբ, որ ավերիչ ուժն արդեն պետական քարոզչությամբ ու անպատժելիությամբ խրախուսված քուրդ և թուրք բնակչությունն էր: Այս շրջանում հայկական հուշարձանները ոչնչացվել են հետևյալ մեթոդներով. ա) արևմտահայ վանքերի ու եկեղեցիների, ինչպես օրինակ Վարագավանքի, Նարեկավանքի, Մշո Ս. Կարապետի սրբատաշ քարերով կառուցվել են գյուղական տներ, մինչև անգամ խաչքարերը, արձանագրություններն ու զարդաքանդակներն արտաքին պատերում օգտագործելով որպես դեկորացիա, բ) Հայկական կրոնական շինությունները վերածվել են մզկիթների` համապատասխան վերաձևումից հետո, գ) օգտագործվել են կենցաղային ու հասարակական ամենատարբեր նպատակներով` գոմեր, մարագներ, ֆերմաներ, բանտեր, մարզասրահներ, պարասրահներ, հասարակաց տներ, լավագույն դեպքում` թանգարաններ, դ) ոչնչացվել են եկեղեցիների ու վանքերի ինքնությունը փաստող արձանագրություններն ու սրբապատկերները:
Հանրապետական վարչակարգի` պետական մակարդակով իրագործած մշակութային ցեղասպանության մասին են վկայում նաև հուշարձանների ինքնության յուրացմանն ուղղված ջանքերը` պատմության խեղաթյուրման միջոցով: Որոշ թուրք պատմաբաններ նման կերպով փորձում են «սելջուկյան ճարտարապետական դպրոցին» վերագրել հայկական միջնադարյան ճարտարապետության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Աղթամարի, Անիի, Կարսի եկեղեցիները` անտեսելով այն փաստը, որ այդ հուշարձաններից շատերը կառուցվել են մինչև սելջուկների հայտնվելը առաջավորասիական տարածաշրջանում:
Նույն ժամանակամիջոցում Թուրքիան ոչ միայն սահմանադրությամբ, այլև հուշարձանների պահպանմանն ու խնամքին վերաբերող միջազգային գործող պայմանագրերի ստորագրմամբ, թեև պարտավորություններ է ստանձնել, որոնք վերաբերվում են նաև ազգային փոքրամասնությունների մշակութային հուշարձանների պահպանությանը, այդուհանդերձ, կանխամտածված կերպով շարունակել է իր տարածքի, դեռևս կանգուն կամ կիսավեր հայկական հուշարձանների ոչնչացումը:
Պատրաստեց Սեդա ՊԱՐՍԱՄՅԱՆԸ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ