EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսի ամենափոքր մասնակիցը եղել է 14-ամյա Արմանը
Ինչպես արդեն պատմել էինք, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսը: Կոնֆերանսը նպատակ ուներ բացահայտել միավորող տեխնո մոտեցումները, ներգրավել ներդրումներ ստարտափների համար, ստեղծել շփման և աշխատանքային հարթակներ ԱՊՀ-ի և եվրոպական երկրների նորաստեղծ ընկերությունների համար:
Միջոցառմանը դիմել են 600-ից ավելի ստարտափներ, իսկ եզրափակիչ են անցել շուրջ 200-ը:
EMERGE-ին Հայաստանը ներկայացրել են Թալինի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արման Բարսեղյանը և խմբավար Եղիշե Ամիրյանը: Հայկական պատվիրակությունն արդեն իսկ վերադարձել է Հայաստան:
168.am-ի հետ զրույցում Եղիշե Ամիրյանը նշում է, որ Բելառուսում իրենց դիմավորել են շատ լավ ու ջերմ ու պատրաստակամ են եղել օգնել ցանկացած հարցով:
«Հետաքրքիր էր այն, որ գրեթե բոլոր կազմակերպիչները կապեր ունեին հայկական IT ընկերությունների հետ և բավականին ինֆորմացված էին: Առաջին օրից մեզ անընդհատ հարցնում էին Հայաստանի հեղափոխության մասին և զարմացած հարցնում էին, թե ինչպես էր դա հնարավոր»:
«Իրականում շատ տպավորված եմ վերադարձել Հայաստան։ Առաջին բանը, որ ինձ դուր եկավ, դա հենց քաղաքն էր։ Իսկ երբ գնացինք կոնֆերանսի անցկացման վայրը, արդեն հասկացա, որ այդ երկու օրերը հրաշալի են անցնելու։ Կոնֆերանսի ժամանակ ծանոթացա շատ մարդկանց հետ։ Շատ հրաշալի speaker-ների հանդիպեցի»,- պատմում է Արմանը:
Կազմակերպիչների մոտ մեծ զարմանք էր առաջացրել այն, որ մեր մասնակից Արմանը տարիքով շատ փոքր է, բայց կարողանում է այդքան ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր միջոցառումներում:
Եղիշե Ամիրյանը նշում է, որ մասնակիցները զարմանում էին, որ Արմանը նման ստարտափ է հիմնել: Երբ նրանց մանրամասն պատմում էին Zoomar-ի մասին, նրանք շատ հետաքրքրվում էին:
Հիշեցնենք, որ Zoomar-ը լրացված իրականության (AR) հավելված է, որը թույլ է տալիս սքանավորել պատկերներ ու դիտել դրանք եռաչափ տարբերակով:
«Zoomar-ն իրենից ներկայացնում է mobile հավելված, որի մեջ կիրառվում է AR տեխնոլոգիան, հավելվածիս միջոցով հասարակ պատկերները «կենդանանում» են և իրականությունը դարձնում ավելի հետաքրքիր 3D մոդելների համալրման միջոցով»,- նշում է Արմանը:
Հավելվածը հնարավոր է կիրառել տարբեր բնագավառներում: Օրինակ՝ կրթական համակարգում օգտագործելիս կարելի է հետաքրքրացնել կնեսաբանության դասը՝ ցուցադրելով կմախքի 3D մոդելով:
«Հավելվածի միջոցով երեխաները կարող են տեսնել հեքիաթի հերոսներին, նկարվել նրանց հետ: Հավելածը կարելի է օգտագործել նաև տուրիզմի ոլորտում՝ պատրաստելով հուշարձանների 3D մոդելները և ցուցադրելով, թե ինչպիսին են դրանք եղել նախկինում: Հավելվածը կարելի է օգտագործել նաև ռեստորանների մենյուներում՝ տեսնելով կերակուրների նկարները»,- պատմում է Եղիշե Ամիրյանը:
Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց պրոդուկտները՝ որպես տաղավար ունենալով միայն մեծ 200 լիտրանոց տարա: Հայկական պատվիրակության տարան եղել է կոնֆերանսի ամենհետաքրքիրներից մեկը, և բոլորը մոտեցել են՝ հասկանալու, թե ինչեր են պատկերված տարայի վրա:
Կոնֆերանսին մասնակցում էին 200 ստարտափներ, որոնցից ելույթի հնարավորություն են ունեցել միայն 11-ը: Արմանին, որպես ամենափոքր մասնակից, ևս հնարավորություն են տվել ներկայացնելու իր նախագիծը: Եղիշե Ամիրյանը պատմում է, որ Արմանը շատ տպավորիչ ելույթ է ունեցել և քչերից էր, որ հարց ու պատասխանի ընթացքում շատ ազատ ու անկաշկանդ շփվում էր անգլերենով:
«Հանդիպումները շատ գիտելիքներ ինձ տվեց, և ամենակարևորը՝ այդ գիտելիքները օգտագործելու մեթոդներ։ Հետագա գործունեությունս ծավալելիս պարտադիր նրանց խորհուրդները հաշվի կառնեմ և կօգտագործեմ դրանք:
Տարիքիս նկամամբ, իհարկե, կար լրացուցիչ ուշադրություն: Քանի որ Բելառուսում իմ տարիքի երեխաներն ընդհանրապես ուրիշ բաներով են զբաղված, այդ պատճառով էլ ես արժանացա նրանց հավանությանը և լրացուցիչ ուշադրությանը, ինչը հաճելի էր: Ժյուրին բավականին դրական արձագանքեց ելույթիս։ Բացի դրանից, մի ներդրողի հետ ծանոթացա, ով շատ էր հավանել»,- պատմում 14-ամյա Արմանը:
Սիրարփի Աղաբաբյան