
Ծառայողական մեքենաները 2016-ից հետո կրճատվել են շուրջ 50-ով

Վերջին երեք տարում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 49-ով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տեղեկացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
«2017-ին միջոցներ են բյուջետավորվել 915, 2018-ին՝ 902 , իսկ 2016-ին, եթե չեմ սխալվում, 951 ծառայողական մեքենաների համար»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից 1 լուման էլ նշանակություն ունի, բայց պետք է հաշվի առնել, որ տրանսպորտային միջոցը երբեմն աշխատանքային գործիք է, ինչպես, օրինակ, քննչական գործողությունների ժամանակ: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ծառայողական մեքենայով եմ եկել, կարող եմ և դրանով չգալ, բայց այստեղ խնդիրն այն է, որ որդեգրվող մոտեցումը բոլորի համար ընկալելի ու ընդունելի լինի, որ վստահության աստիճանը բարձրացնենք»,-նշեց նախարարը:
Միքայել Մելքումյանը նշեց, որ ինքը դեմ չէ ծառայողական մեքենաներ պահելուն, քանի որ հասկանում է, որ դա նաև ներկայացուցչական դասի պայման է, պարզապես ուզում է հասկանալ կառավարության կողմից կա՞ օպտիմալացման որդեգրված սկզբունք:
Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ 2016-ից կրճատված շուրջ 50 մեքենան, հավանաբար, շարքից դուրս եկածներն են, ինչին արձագանքելով՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 50-ը չափաքանակի կրճատումն է, դրանք չեն վերաբերում շարքից դուրս եկած մեքենաներին: