Կամուրջներ՝ պատերի փոխարեն
Լոռու մարզի Դեբեդ գյուղում մայիսի 27-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությամբ բացվեց «Սմարթ» կենտրոնը, որը գյուղաբնակ հազարավոր երեխաների հնարավորություն կտա կրթական բարձրակարգ ծառայություններ ստանալ։ Կենտրոնը, բացի կրթական գործառույթից, իրականացնելու է նաև գյուղական համայնքների համալիր զարգացմանը միտված ծրագրեր։ Կենտրոնի բոլոր ծառայություններն անվճար են լինելու։
Անկախության տարիներին Հայաստանում բազմաթիվ կառույցներ իրականացրել են նմանատիպ հետաքրքիր կրթական նախագծեր։ Սակայն այդ նախագծերի պատշաճ կառավարում և համակարգում ԿԳ նախարարության կողմից չի իրականացվել։ Օրինակ՝ կազմակերպությունների մի մասն ինքնուրույն ծավալել է իր կրթական գործունեությունը ոչ ֆորմալ հարթակներում։
Այսինքն՝ կազմակերպվել են արտադպրոցական խմբակներ, իրականացվել են սեմինարներ, ամառային ճամբարներ, որոնց մասին շատ դեպքերում նախարարությունում նույնիսկ տեղյակ չեն եղել։ Կազմակերպությունների մյուս մասը հուշագիր է ստորագրել նախարարության հետ և իրականացրել իր ծրագրերը։ Եթե փորձեք նախարարությունում կամ նախարարության ենթակայության հաստատություններում գտնել մարդ, ով համակարգում է կամ տեղյակ է այդ ծրագրերից, դժվար թե դա մեզ հաջողվի։
Կազմակերպությունների երրորդ խումբը չի բավարարվել պարզապես հուշագիր ստորագրելով, այլ փորձել է Կրթության և գիտության նախարարության համակարգի աշխատողներից մեկին կամ երկուսին՝ որպես փորձագետ կամ խորհրդատու, վճարովի հիմունքներով ընդգրկել իր ծրագրերում, որպեսզի գործը հեշտ, արագ գնա։ Կան նաև կազմակերպություններ, որոնց հաջողվել է նախարարությունից ոչ միայն հավանություն, այլև ֆինանսական միջոցներ ստանալ իրենց ծրագրերն իրականացնելու համար։
Համագործակցության այսպիսի բազմազան ձևաչափերը նորմալ են, բայց նորմալ չէ, երբ նախարարությունը հետաքրքրվում է միայն այն կազմակերպություններով և ծրագրերով, որոնցում ներգրավված են նախարարության աշխատակիցները։ Սա խանգարում է, որպեսզի նախարարությունն ունենա իրավիճակի ամբողջական պատկերը։
Վերջին տարիներին բազմաթիվ կազմակերպություններ կրթական հետաքրքիր նախաձեռնություններ են իրականացնում Հայաստանում։ Սակայն այդ կազմակերպությունների միջև համագործակցությունը շատ թույլ է, շատ հարցերում՝ զրոյական։ Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր օրակարգը, որը փորձում է իրականություն դարձնել։ Քանի որ չկա ծրագրերի համակարգում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի կողմից՝ տարբեր կազմակերպություններ իրականացնում են նմանատիպ ծրագրեր՝ առանց համագործակցության, մյուս կողմից էլ՝ լինում են իրավիճակներ, երբ բազմաթիվ կարևոր խնդիրների ուղղությամբ ոչ մի կազմակերպություն չի աշխատում։
Կազմակերպությունների թույլ համագործակցության պատճառներից մեկն էլ անձնային խնդիրներն են, երբ կազմակերպությունների ղեկավարներն ունեն լարված հարաբերություններ և չեն ցանկանում միմյանց հետ աշխատել։
Ակնհայտ է, որ Հայաստանի կրթության ոլորտի վիճակը շատ ծանր է։ Ակնհայտ է նաև, որ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը չեն կարող լուրջ արդյունքների հասնել, եթե չլինի դրանց համակարգված ու խելամիտ իրագործում։
Այս փուլում շատ կարևոր է, որ Կրթության և գիտության նախարարությունը լինի նախաձեռնող և սեղանին դնի իր նորարարական, թարմ օրակարգը։ Նախարարությունը պետք է «գույքագրի» այս տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերը, հասկանա, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ փորձառություն է ձեռք բերել, ինչ հաջողություններ և ձախողումներ ունի, ինչ հարցերում կարող է համախմբել մյուսներին։
Անհրաժեշտ է ստեղծել կոալիցիաներ տարբեր հարցերի շուրջ։ Բայց ամենակարևոր քայլն այն է, որ նախարարությունն այս կազմակերպությունների ձեռքբերումները կարողանա կապակցել ուսումնական հաստատությունների գործունեության հետ։ Օրինակ՝ ԹՈՒՄՈ կենտրոնը համաշխարհային մեծ ճանաչում է ձեռք բերել։ Փարիզում և այլ քաղաքներում բացվում են ԹՈՒՄՈ կենտրոններ։
Բայց չկա համագործակցություն ԹՈՒՄՈ կենտրոնի և Հայաստանի դպրոցների միջև։ Ի՞նչ կարելի է սովորել ԹՈՒՄՈ-ից, ի՞նչը կարելի է կիրառել դպրոցներում, ի՞նչ կարող է անել ԹՈՒՄՈ-ն դպրոցների ուսուցիչների համար, ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունն աջակցել ԹՈՒՄՈ-ին, որպեսզի վերջինս սերտորեն համագործակցի դպրոցների հետ։
Այս հարցերը պետք է դրվեն կրթության ոլորտում աշխատող բոլոր կազմակերպությունների առջև։ Նույնը վերաբերում է նաև ԱՅԲ հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրին։ Պետք է ոչ թե կամուրջներն այրել, այլ ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես կարելի է այդ ծրագիրը խելամիտ օգտագործել։
Այսօր կա մեծ վստահություն իշխանությունների հանդեպ։ Դա պետք է օգտագործել կրթության հարցերի շուրջ մարդկանց համախմբելու և կրթության ոլորտը զարգացման տանելու նպատակով։ Վստահության նման պաշար շատ քիչ պահերի են իշխանություններն ունենում։ Եթե վստահության կապիտալը մաշեցնենք, ապա հաջորդների գործն էլ ավելի է բարդանալու։
Մի խոսքով, ժամանակն է «դուխով» կարգախոսը փոխարինելու «գլխով» կարգախոսով։