Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը քննարկել է Ուկրաինան և ռազմական ակտիվությունը Եվրոպայում
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը դեսպանների մակարդակով բաց երկխոսություն է անցկացրել Ուկրաինայի, Եվրոպայում ռազմական գործունեության, դրա թափանցիկության եւ ռիսկերի սահմանափակման, ռազմական ստրատեգիայի եւ դոկտրինայի ասիմետրիկ մեթոդների շուրջ, ինչպես նաեւ փոխադարձ բրիֆինգներ՝ կողմերից յուրաքանչյուրի առաջիկա ընդգրկուն զորավարժությունների շուրջ:
Այդ մասին ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ: «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը կարծիքների բաց փոխանակում անցկացրեց մի շարք թեմաների շուրջ, ներառյալ Ուկրաինայի եւ նրա շուրջ տիրող իրադրությունը, ռազմական ակտիվությանը, ռիսկերի թափանցիկությանն ու նվազեցմանը, ռազմական ստրատեգիայի եւ դոկտրինայի ասիմետրիկ մեթոդներին վերաբերող հարցերը:
ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը փոխադարձ բրիֆինգներ անցկացրեցին առաջիկա խոշոր զորավարժությունների շուրջ»,-նշվում էփաստաթղթում: Ըստ ՏԱՍՍ-ի տեղեկատվության, խոսքը վերաբերում է առաջիկա աշնանը Նորվեգիայում 40 հազար զինվորականների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի՝ վերջին 30 տարվա ընթացքում ամենախոշոր Trident Juncture 2018 զորավարժություններին, ինչպես նաեւ «Արեւելք-2018» առաջիկա ռուսական վարժանքներին: «ՆԱՏՕ-ն հետեւողական մոտեցում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ:
Մենք 2014 թվականին սառեցրել ենք պրակտիկ համագործակցությունը Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով: Միեւնույն ժամանակ քաղաքական երկխոսության կապուղիները բաց են մնում: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը պահպանվում է որպես կարեւոր ֆորում»,-ասված է փաստաթղթում:
«Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն նաեւ բաց են պահում կապուղիները զինվորականների միջեւ: ՆԱՏՕ-ի երկրները, մասնավորապես, ողջունել են Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտիի եւ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի միջեւ Բաքվում կայացած հանդիպումը: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը նպաստում Է ավելի կանխատեսելի հարաբերություններին եւ ամրապնդում է փոխադարձ անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ: