Էներգետիկ հուսալիության իմիտացիա
Այս օրերին տնտեսական տեղեկատվությունը կարելի է շփոթել քրեականի հետ: Տնտեսվարող անհատների ու ընկերությունների մասին տեղեկատվությունն ավելի հաճախ համեմված է ստուգումների, խուզարկությունների և դրանց հնարավոր հետևանքների մասին ակնարկներով: Թաքցված հարկերի ու ապօրինի եկամուտների մասին տեղեկություններին զուգահեռ՝ հրապարակվեց, որ Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն հավատարմագրային կառավարման չի տրվելու:
Այս տարվա ապրիլի 12-ին կառավարությունը որոշել էր «ԲԷՑ» ՓԲԸ-ն 25 տարի ժամկետով կառավարման հանձնել «Տաշիր Գրուպին»: Նորանշանակ նախարարն ուսումնասիրելով այս գործարքի մասին պայմանագրի նախագիծը՝ հայտարարեց, որ ՓԲԸ-ն «մնալու է պետական հիմնարկություն:
Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»: Թե նախկին, թե նոր իշխանությունները կառավարման հանձնելու մասին պայմանագիրը չեն հրապարակել: Ուստի դժվար է գտնել չհրապարակված պայմանագրի մասին անկախ փորձագիտական կարծիք:
Եթե պայմանագրում կան մեր պետությանը ոչ ձեռնտու կետեր, ապա անհասկանալի է, թե ինչու չի ընդունվել պայմանագիրը ժամանակավորապես կասեցնելու և այն բարելավելու մասին որոշում:
Հասկանում եմ, որ, մեղմ ասած, «պոպուլիստական» ժամանակներ են: Բայց չեմ հավատում, որ համոզված կոմունիստներից բացի, որևէ մեկը կհանդգնի պնդել, որ պետությունը հաջողակ տնտեսվարող է: Բուն «ԲԷՑ» ՓԲԸ-ի պատմությունը լավագույն հակափաստարկ է: Տարիներ շարունակ նաև այդ պետական ընկերության աշխատանքի արդյունքում մեր երկրում աճում էր էլեկտրաէներգիայի սակագինը: Տարիներ շարունակ նաև այդ պետական ընկերության աշխատանքի արդյունքում աճում էր մեր երկրի պետական արտաքին պարտքը:
Տեսեք՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ն ձևավորվել է 1998թ.: Եթե հիշում եք` էներգետիկ ճգնաժամն արդեն հաղթահարված էր: Էլեկտրաէներգիայի ոլորտի երեք համակարգերից երկուսի` «ՀԷՑ»-ի ու «ԲԷՑ»-ի ֆինանսական վիճակն անհամեմատ ավելի լավ էր, քան բուն հոսանք արտադրողների (ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի, ՀԷԿ-երի) վիճակը: Բայց միևնույն է՝ երեք օղակներն էլ լուրջ ներդրումների և տեխնիկական վերազինման կարիք ունեին: Դիտարկենք, թե պաշտոնական տվյալներով որքան ֆինանսական միջոցներ է 1998թ. հետո կլանել «ԲԷՑ»-ը: Նախ` անցած տարիների ընթացքում անհատույց տրամադրված գրանտների տեսքով տրամադրվել է 18,5 մլն դոլար: 15 մլն-ը տրամադրել է Ամերիկյան միջազգային զարգացման գործակալությունը, իսկ 3,5 մլն դոլարը` Իրանը:
Մեր «ԲԷՑ»-ին, բացի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերից, 1998թ. տրվել էր նաև հողմաէլեկտրակայաններ և գազամուղներ կառուցելու արտոնագիր: Այս հիմնարկությունն է կառուցել «Լոռի» հողմաէլեկտրակայանը (որի արդյունավետության գնահատականը ոչ ոք չի տվել), ինչպես նաև իրանական գազատարը: Գործունեության ողջ ընթացքում ՓԲԸ-ն մոտ մեկ տասնյակ վարկային միջազգային պայմանագրեր է կնքել (կառավարության համաձայնությամբ, իհարկե): Զուտ ԱՄՆ դոլարով կնքված վարկային պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 94,5 մլն դոլար: Դրանից զատ, գերմանական, ֆրանսիական, իրանական տարբեր կազմակերպությունների և միջազգային վարկային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով «ԲԷՑ»-ը ստացել է 128,3 մլն եվրոֆինանսական միջոցներ իր տարբեր ծրագրերի իրագործման համար:
Այսինքն՝ միայն «ԲԷՑ» ՓԲԸ-ն մեր երկրի արտաքին պարտքն ավելացրել է 94,5 մլն դոլարով և 128,3 մլն եվրոյով: Արդյունավե՞տ են օգտագործել այդ միջոցները, թե՞ ոչ, հարցին պատասխանելուց առաջ հարկավոր է հիշել, որ 1998թ. էլեկտրաէներգիայի սակագինը հարաճուն է: Տնտեսության մասին ազատական պատկերացում ունեցող ցանկացած մասնագետի համար այդ հարցն ինքնին սպեկուլյատիվ է: Նրանք հաստատ գիտեն, որ պետական տնտեսական կառույցը չի կարող իր արդյունավեությամբ մրցակցել մասնավորի հետ:
Ուստի անհասկանալի է, թե ինչու է որոշվել «ԲԷՑ»-ը թողնել պետական կազմակերպության կարգավիճակում: Աշխարհագրական բոլոր չորս կողմերի` հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, ինչպես նաև Զանգեզուրի և (չգիտես՝ ինչու) Գորիսի առանձին մասնաճյուղ ունեցող այս փակ բաժնետիրական ընկերության գործունեության մասին միակ ստույգ տվյալն այն է, որ այն որպես կառույց՝ միշտ փակ է գործել:
Իհարկե, կարելի է ասել, որ փակ գործելու պատճառն այն է, որ բարձրավոլտ ցանցը ռազմավարական նշանակության հաստատություն է: Բայց իրականում բոլորս էլ կհամաձայնենք, որ փակ գործելու իրական պատճառն աշխատանքի անարդյունավետությունն է: Եթե չասենք, որ փակ գործելու բուն նպատակը վարկային միջոցների յուրացումն է:
Ու հիմա էներգետիկայի նախարարը խոսում է ոչ թե կառավարման հանձնելու պայմանագիրն ավելի արդյունավետ դարձնելու, այլ այս հիմնարկը պետական պահելու մասին: Այսինքն՝ պետությունը շարունակելու է թույլատրել, որ «ԲԷՑ»-ը բոլորիս հաշվին վարկեր ներգրավի: Այդ գործունեությունը միշտ էլ հիմնավորվել է վերազինման ու ավելի հուսալի և ժամանակակից համակարգ ունենալու բարի ցանկություններով: Իսկ դա որոշ ժամանակ անց հանգեցնելու է սակագների աճի: Ու էլի բնակչությունն ու տնտեսվարողներն են վճարելու պետական հիմնարկի տնտեսվարման համար: