«Եթե 2-3 հազար ուսանող պահանջ կդնի, որ ես պետք է հրաժարվեմ, ես շատ սիրուն հրաժարական կտամ»․ ԵՊՀ ռեկտոր
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այս տարիների ընթացքում իրեն փոխարինող կադրեր պատրաստել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ռեկտորն ասաց, որ իրեն կարող են փոխարինել պրոռեկտորները, քարտուղարը, վարչության պետերը։ Նա ասաց, որ շատերին է պատրաստել այդ գործի համար ու տեսնում է նրանց ռեկտորի պաշտոնում։
Հիշեցնենք, որ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները, ովքեր մայիսի 29-ի կեսօրից դասադուլի կոչեր էին հնչեցնում բուհում, պահանջում են համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:
Ըստ ռեկտորի՝ բողոքի ակցիաներն իրավական հարթության մեջ չեն։ Հարցին՝ դեռ որքա՞ն ժամանակ եք ձեզ տեսնում այս պաշտոնում, Ա․ Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Չեմ կարող ասել, չգիտեմ։ Համենայն դեպս, չեմ պատրաստվում երկար այստեղ մնալ։ Ես իրավունք ունեմ նաև 4-րդ անգամ ընտրվելու, որը չեմ անի, որովհետև դա ինձ պետք չէ»։
Հարցին՝ Ձեզ ո՞վ պետք է խնդրի կամ հորդորի, որ հրաժարական տաք, Ա․ Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Դե, հիմա կարող է երկրի նախագահը, վարչապետն ասի, ես․․․ Բայց ես կարծում եմ՝ ճիշտը հոգաբարձուների խորհուրդի նիստ գումարելն է, որը կարող է այս հարցը լուծել։ Եթե համալսարանում իրավունքին հակասող մի բան եղավ, դա կլինի «խասյաթ», նախադեպ»։
Լրագրողներից մեկի հարցին՝ ժողովրդի ճնշման ներքո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինչո՞ւ դուք էլ չեք հետևում նրա օրինակին, ռեկտորն այսպես արձագանքեց․ «Բայց ժողովուրդը վեր կացավ, իսկ ուսանողներն այստեղ ընդամենը 200 հոգի են, 17 հազար ուսանող ունենք, եթե 2-3 հազար ուսանող պահանջ կդնի, որ ես պետք է հրաժարվեմ, ես շատ սիրուն հրաժարական կտամ»։
Դիտարկմանն էլ՝ Սերժ Սարգսյանն իր հրաժարականից առաջ 7 տոկոսի մասին էր խոսում, Ա․ Սիմոնյանն ասաց, որ չի ուզում մեկնաբանել Ս․ Սարգսյանի ասածները․ «Եթե համալսարանում որևէ ակցիա զոռբայությամբ եղավ, դա կնշանակի, որ համալսարանը վերջացած է»։
Ա․ Սիմոնյանի խոսքով՝ ուսանողներն իր սահմանադրական իրավունքները սահմանափակում են՝ իր աշխատասենյակի դուռը փակելով, բայց նա ոստիկան չի հրավիրելու, եթե պետք լինի, կխոսի, կհամոզի ուսանողներին, իսկ եթե չհամոզվեն, կգիշերի այնտեղ։