«Աղբանոցային» մոտեցում պատմությանը և դրա վնասները
Մի ժողովրդի համար, որի պատմությունը ձգվում է մի քանի հազարամյակ, Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակությունը շատ ավելի մեծ է, քան պարզապես նրա գոյության տարիները։ Չեմ կարծում, թե երկուսուկեսամյա այլ ժամանակահատված կա՝ բացի դրան նախորդած Ցեղասպանությունից, որին այդքան ուշադրություն են հատկացրել գիտնականները, հուշագիրներն ու հրապարակախոսներ
Դա թերևս զարմանալի չէ, քանի որ, նախևառաջ, Առաջին Հանրապետությունը նշանավորում էր հայկական պետականության վերածնունդը հայկական պատմական հողերի մի փոքրիկ կտորի վրա՝ հազարամյա բացակայությունից հետո, այն էլ՝ արդիական հանրապետության տեսքով։
Այդ պարագայում դժվար է հաղթահարել առկա բանակռիվներն ու բանավեճերը՝ հատկապես մեկի համար, որը մեծացել է այդ ամենի մասին կարդալով ու լսելով, այնուհետև դրանք ուսումնասիրելով։ Մեկի համար, որը որպես տնօրեն և ուսուցիչ է ունեցել Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանին, իսկ որպես գրականության ուսուցիչ՝ այն ժամանակ այդ հանրապետությանը պատկանող Կարսի նահանգապետ Կարո Սասունին։ Խնդիրներն ինչ-որ տեղ նաև խճճված են, քանի որ այդ հանրապետության մասին գրեթե ամեն ինչ՝ նրա ծնունդը, զարգացումը, ղեկավարումը, քաղաքականությունը և անկումը, փառաբանել է այդ հանրապետության գլխավոր դերակատարը՝ Դաշնակցությունը, իսկ մոլեգին վիճարկել ու կոշտ քննադատության են ենթարկել Երկրորդ՝ Սովետական Հանրապետությունը և այդ կուսակցության սփյուռքյան հակառակորդները՝ Ռամկավար-ազատական և Ս. Դ. Հնչակյան կուսակցությունները:
Այժմ մեր Երրորդ Հանրապետությունը գրեթե 30 տարեկան է: Քաղաքական կուսակցությունները, որոնք հայոց պատմության թատերաբեմում են հայտնվել 1880-ական թվականներից (առնվազն որոնք կազմակերպված ձևով գոյատևել են մինչև Երրորդ Հանրապետության ծնունդը), բոլորն էլ հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց ներկա դիմագիծն ու գործը՝ Երրորդ Հանրապետության հայությանը, և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված էին կարդալու և իմանալու: Նրանք հնարավորություն ունեին առաջարկելու իրենց պատմությունները, անցյալի մասին իրենց մեկնաբանություններն ու իրենց պատումները։
1990-ական թվականների սկզբին Երկրորդ հանրապետության, այսպես կոչված, մարքսիստ գիտնականները, որոնք Առաջին Հանրապետության ու նրա գլխավոր դերակատար Դաշնակցության դեմ հատորներ էին «արտադրել», հանկարծակի փոխակերպվեցին նոր անկախության աննկուն պաշտպանների։ Մինչդեռ Դաշնակցությունը, անկախության երբեմնի ամենաեռանդուն պաշտպանը, դժվարությամբ էր վերագտնում իրեն՝ ընդդիմությունից դեպի նոր անկախություն ճանապարհին։ Հնչակյաններն ու ռամկավարները ստիպված էին իրենց քաղաքականությունը համապատասխանեցնել ծավալվող իրականությանը, սակայն միշտ փորձում էին ուղիներ գտնել պահպանելու համար իրենց ռեֆլեքսիվ դիրքորոշումները ընդդեմ Դաշնակցության։
Երկրորդ Հանրապետության միակ քաղաքական դերակատարը՝ Կոմունիստական կուսակցությունը, ԽՍՀՄ փլուզումից կարճ ժամանակ անց հեռացավ բեմահարթակից՝ անպատեհության տանջալից հոգեվարքով։ Ռամկավարներն ու հնչակյանները երբեք էլ ուժեղ չեն եղել Հայաստանի այն հատվածում, որտեղ ձևավորվեց Առաջին Հանրապետությունը․ որպես սփյուռքում Դաշնակցության ազդեցությունը վիճարկող կազմակերպություններ նրանք որդեգրել էին Երկրորդ Հանրապետության խորհրդային գիծը։ Երեքն էլ Հայաստան վերադարձան մեծ հույսերով։ Երկրորդ Հանրապետության ժամանակ վտարանդի դարձած Դաշնակցությունը, որն ուներ կազմակերպչական հիանալի ավանդույթներ և կարողություններ, ավելի լավ գործեց՝ վերադառնալով Երրորդ Հանրապետության Հայաստան։ Դրանով հանդերձ, անգամ այդ կուսակցությանը չի հաջողվել Հայաստանում համապետական ընտրությունների ժամանակ հավաքել ընտրողների ձայների 10 տոկոսից ավելին։
Անցյալի մասին այս ուժերից յուրաքանչյուրի կերտած պատումներն ու շարադրած պատմությունները, հատկապես սեփական անցյալի մասին, փոխվեցին հարմարավետորեն՝ ըստ անհրաժեշտության:
Ասում են՝ երբ մի խորհրդային քաղաքական գործչի հարց են տվել ապագայի մասին, նա պատասխանել է․ «Ապագան հեշտ է կանխատեսել, անցյալն է, որ կանխատեսել հնարավոր չէ»։
Բավական է հայացք նետել անկախացումից ի վեր ստեղծված դպրոցական և համալսարանական դասագրքերին՝ հաստատելու համար անցյալի, ամենավերջին անցյալի՝ սկսած 1988 թ.-ից (որի կերտողները դեռ կան), հետ կապված անկայունությունն ու անհուսությունը, հասկանալու համար այդ պարզ դիտարկման տագնապալից ճշմարտությունը:
Չնայած դրան, այս կուսակցություններին, ընդհանուր առմամբ, չի հաջողվել ընկալել Հայաստանի ժողովրդի քաղաքական պատկերացումները։ Փոխարենը կայացավ Երրորդ Հանրապետությունը, և նրա պատմությունը գրվեց Երկրորդ Հանրապետության տեղացի ուժերի շնորհիվ՝ որքան էլ դա զարմանք և, մեծ հաշվով, անհանգստություն պատճառեր սփյուռքացած երեք կազմակերպություններին: Սրան պետք է հավելել նաև տարրեր, որոնք կարևորություն են ստացել Ադրբեջանի՝ Հայաստանին և հայերին պարտադրած Ղարաբաղյան պատերազմի արդյունքում։
Անկախ Առաջին Հանրապետությանը տրված քաղաքական և գաղափարական գնահատականներից ու որակումներից, անշուշտ, գնահատելի են Առաջին Հանրապետության բարեփոխումների իրականացմանն ուղղված լուրջ ջանքերը, որոնք այն ժամանակ առկա վատթարագույն պայմաններում պիտի կայացնեին մի արդիական, իրավահավասար, ժողովրդավարական հասարակություն։ Դրանց թվում էին կանանց՝ ընտրություններում քվեարկելու իրավունքը (ԱՄՆ-ում այդ տարրական իրավունքի ճանաչումից շատ առաջ) և այնպիսի բարեփոխումներ, որոնք եվրոպական երկրներում օրինաչափ դարձան միայն հետագայում։ Համենայնդեպս, այն անտանելի պայմանները՝ ներքին և արտաքին, որոնք է՛լ ավելի էին վատթարանում երկրում բոլշևիկյան ապստամբության սպառնալիքի պատճառով, նաև բացահայտեցին կառավարությունը վերահսկող Դաշնակցության բռնապետական մղումները։
Ամենից առաջ, բոլոր բարի մտադրություններից զատ, Ցեղասպանության անթիվ-անհամար որբերով ու փախստականներով բնակեցված այդ շատ դյուրաբեկ պետությունը՝ նորելուկ Հայաստանը, պատերազմի մեջ մտավ իր չորս անմիջական հարևաններից երեքի հետ։
Տարբեր պատմաբաններ և քաղաքական ուժեր զանազան դասեր կարող են քաղել պատմությունից։ Երրորդ Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա գործակիցներից ոմանք, որ պատմաբաններ էին, պատմությունից իրենց դասն էին քաղել․ նրանք խուսափեցին երեք պատերազմից, որոնք վերջ էին տվել Առաջին Հանրապետությանը։ Մենք գիտեինք, որ կարող էինք գլուխ հանել մե՛կ պատերազմից։ Թեև Ղարաբաղյան պատերազմը դեռ չի ավարտվել, սակայն գոնե առաջին փուլը հաղթել ենք, այնինչ Առաջին Հանրապետությունը տարածքային կորուստներ տվեց բոլոր երեք հարևաններին, որոնց հետ պատերազմում էր։
Նախագահ Տեր-Պետրոսյանի հետ իմ ամենօրյա առավոտյան հանդիպումերից մեկի ժամանակ, երբ Ղարաբաղյան պատերազմը իր ամենաթեժ շրջանում էր, նկատեցի, որ Նախագահը բավականին զվարթ տրամադրություն ուներ։ Իմ ձեռքին սովորականի պես օրվա քննարկելիք հարցերի ցանկն էր։ Նախագահը ձեռքը թափ տվեց՝ ասես ժամանակավորապես հրաժարվելով որևէ այլ թեմայից, և հարցրեց․ «Գիտե՞ս այսօր ինչ օր է»։ Հավաքեցի մտքերս, ստուգեցի գրառումներս և ճշգրիտ օրացուցային պատասխան տվեցի՝ լավ իմանալով, որ ամսաթիվը չէր հարցնում։ «Այսօր,- ասաց նա,- մեր հանրապետությունը մեկ օրով ավելի մեծ է, քան Առաջին Հանրապետությունը»։
Հարց է ծագում. ո՞րն էր Առաջին Հանրապետության քաղաքական որոշումների խնդիրը։ Կամ էլ ինչպես ոմանք կնախընտրեին ձևակերպել. ո՞րն էր Երրորդ Հանրապետության՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ առաջին վարչակազմի քաղաքականության խնդիրը։ Քննադատներն այս հարցի երկրորդ ձևակերպմանը պատասխանում էին, թե Երրորդ Հանրապետության առաջին ղեկավարությունը «ազգային տեսլական» չուներ, այսինքն, իր արտաքին քաղաքականության հիմքում չէր դնում ավելի մեծ Հայաստանի՝ Սևրի դաշնագրի Հայաստանի գաղափարը, որը երբեմն արտահայտվում էր «Հայ դատ» եզրույթով։
Այդ պահին թվում էր՝ տարբերությունը պարզապես այն էր, թե ինչ էինք ուզում, ինչ էր հնարավոր, իսկ որ ավելի կարևոր էր՝ ինչն էր պաշտպանելի ճակատում և բանակցային սեղանին, և ինչը՝ ոչ։ Ուրեմն՝ նախորդ պարբերության սկզբում առաջադրած առաջին հարցի պատասխանը կարելի էր ձևակերպել հետևյալ կերպ․ Առաջին Հանրապետության հնարավորությունները անհամաչափ էին Հայաստանի քարտեզի մասին նրա տեսլականին։
Եվ ուրեմն՝ էլ ի՞նչ է մնում հասուն տարիքի այն գիտնականին, որը 50 տարուց ավելի լսելուց, հետազոտելուց, գրելուց և ողջ ժամանակ խորհելուց հետո դեռ ժամանակ ունի մտորելու Առաջին Հանրապետության և նրան հաջորդած երկու հանրապետությունների մասին։ Ի՞նչ է մնում ասելու՝ նկատի ունենալով այն, որ այդ Առաջին, փխրուն, անհավանական, բայց իրավականորեն փաստագրված Հանրապետությունը վերականգնեց պետականությունը այն հազարամյա ժառանգության արդյունքում, որը մեր պատմությունն ենք համարում։
Վերջերս ինձ հուզում է, թե ինչ կարող եմ ասել մի շարք հարցերի վերաբերյալ.
- Ի՞նչ պատճառներով են փոփոխություններ տեղի ունենում հայոց պատմության մեջ։ Ի՞նչ դեր ունեն արտաքին ուժերը և ներքին ուժերը։
- Ո՞վ է կառավարում այդ փոփոխությունները և ի՞նչ գործիքներով։ Եվ ի՞նչ են անում այդ փոփոխություններով։
- Ո՞րն է հայոց պատմության մեջ պետականության դերը, և ինչու՞ է այն հայտնվել ու անհետացել այդքան հաճախ։ Ո՞րն է, որպես հետևանք, հայոց պետության և հայ ազգի տարբերությունն ու փոխհարաբերությունը, որտեղ ազգը ենթադրում է Սփյուռք կամ սփյուռքներ։ Պետություն՝ նշանակում է տարածքային սահմանմամբ ինքնություն, մինչդեռ ազգ՝ նշանակում է էթնիկ, կրոնական հիմքերով ինքնություն, որի տարրերը կարող են գտնվել աշխարհում ամենուր։
- Եվ վերջապես. ի՞նչն է կազմում հայոց պատմության առանցքը։ Այլ կերպ ասած, ի՞նչ հարացույց (paradigm) կիրառել՝ հասկանալու համար մի տարածքի և մի ժողովրդի պատմությունը, որում պետականությունը նշանակալից է եղել, բայց ոչ միշտ առկա։ Ինչպե՞ս է, թույլ տվեք ասել, 2300 տարի առաջվա Հայաստանը հասել այսօրվան։
Չնայած այս հոդվածը ո՛չ միտում ունի, ո՛չ էլ հնարավորություն՝ պատասխանելու այդ հարցերին, պատմությունը հասկանալու գործին հնարավոր է նպաստել ճիշտ հարցադրումներ անելով, քանի որ սխալ հարցերը չեն կարող ճիշտ պատասխանների հանգեցնել, մինչդեռ ճիշտ հարցադրումներին տրված թեկուզ սխալ պատասխանները կարող են ճանապարհ հարթել պատմական և ներկայի գործընթացներն ավելի լավ հասկանալու համար։
Կարծում եմ՝ Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կարող եմ որոշ մտքեր առաջարկել այստեղ։
Առաջին Հանրապետությունը խտացնում է հայոց պատմության երկընտրանքներն ու մարտահրավերները։ Այն ներկայացնում է շարունակականության, սակայն հիմնականում փոփոխության տարրեր, հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների և խնդիրների գագաթնակետ՝ առնվազն ինչպես քաղաքական կուսակցություններն են հասկացել վերջին 13 տասնամյակում, իսկ եկեղեցին՝ շատ ավելի երկար ժամանակ։
Որպես հարացուցային մոդել, Առաջին Հանրապետությունը և հայոց պատմությունից շատ բան, ինչպես ինձ թվում է, հնարավոր է հասկանալ, եթե ընդունենք, որ որոշիչը հայրենական ծրագրերն ու նվաճումների փորձերը չէին, թեև նույնքան կարևոր էին այդ դյուրաբեկ պետության համար։ Ավելի շուտ որոշիչ էին այն լարվածությունները, որոնց հանրապետությունը ստիպված էր դիմակայել և որոնք պետք է հանգուցալուծեր՝ տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում, և որոշիչ էին տեղի ուժերի հարաբերությունները՝ միջազգայինների հետ։ Հայոց պատմությունից շատ բան բացատրվել է հզոր հարևանների և ներքին ուժերի միջև հակամարտություններով։ Ավելի լավ մոդել կլինի, իմ եզրակացությամբ, դիտարկել փոխազդեցությունը հայրենի հակառակորդ ուժերի միջև, որոնցից յուրաքանչյուրը հավասարազոր է մրցակցող արտաքին ուժերին: Այդ հավասարությունը կարող է լինել ուղղակի գործարք կամ անուղղակի համագործակցություն։ Գաղափարական կամ շատ մարտավարական։ Կամ՝ երկուսը միասին։ Այլ խոսքով՝ տարածաշրջանային և միջազգային մրցակցության տեղայնացում ու ներքնայնացում (internalization), և տեղայինի միջազգայնացում։ Եվ դա հայոց պատմության զարգացման համար զգալի պատասխանատվություն է վերագրում այն կազմակերպություններին, որոնք խոսել և գործել են հայ ժողովրդի անունից։
Առաջին հանրապետության առաջնորդող ուժը՝ Դաշնակցությունը, իր ճակատագիրը կապել էր Արևմուտքի հետ՝ հակաբոլշևիկյան կոալիցիայի, որը մեռելածին Սևրի դաշնագրի՝ Հայկական հարցի կամ Հայ դատի վերջնարդյունքի հեղինակն էր։ Հայաստանի Առաջին Հանրապետության բոլշևիկներն ակնհայտորեն կարծում էին, որ այդ հարցի լուծումը ոչ թե Արևմուտքում էր, այլ համաշխարհային սոցիալիստական հեղափոխության իդեալներում՝ այնպես, ինչպես դա մարմնավորվել էր Ռուսաստանում, բոլշևիկյան հեղափոխության մեջ։ Երկու կողմում էլ հավատում էին իրենց ասածին։ Նաև մեռնում էին հանուն դրա։ Ավելին՝ իրար սպանում էին հանուն դրա։ Արժե մեր պատմության վերջին երկու հազարամյակների զարգացումները վերանայել այդ լույսի ներքո։
Առաջին Հանրապետության գերիշխող ուժը՝ Դաշնակցությունը, արդյունքում ստացավ շատ ավելի քիչ տարածքներ, քան սկզբում ուներ, և շատ ավելի քիչ՝ քան Սևրի դաշնագիրն էր խոստանում․ խոստանալը պատմության մեջ ամենահեշտն է։ Իսկ բոլշևիկները մեկնարկեցին Կարսի պայմանագրով։
Մի վերջին միտք՝ հայոց պետականության վերածննդի այս ամենակարևոր օրվա 100-ամյակին։ Պատմությանը ավելի հաճախ վերաբերվել են որպես աղբանոցի, որտեղ ամեն մեկը կարող է նետել այն, ինչը արժանի է համարում մոռացության․ հետագայում ցանկացած մեկը կարող է մտնել այնտեղ ու դուրս բերել ինչ-որ բան ու կրկին վաճառքի հանել՝ այն վերամշակելով ըստ նոր ժամանակների ու իրավիճակների։
Երբեմն մեզ անհրաժեշտ է պատմությունը փրկել այն վնասներից, որոնք «աղբանոցային մոտեցումը» կարող է պատճառել փաստերին, գործընթացներին և քննախույզ տեսանկյուններին:
Ժիրայր Լիպարիտյան
ge.boell.org
Դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը 2012թ թոշակի անցնելուց առաջ Միչիգանի համալսարանում (Էնն Արբըր) Ալեք Մանուկյանի անվան՝ արդի հայոց պատմության ամբիոնի վարիչն էր (2001-2012թթ) և Հայագիտական ծրագրի տնօրենը (2007-2012թթ)։ Նա Մասաչուսեթսում Արդի հայկական հետազոտությունների և փաստագրման Զորյան ինստիտուտի համահիմնադիրն է և դրա տնօրենն է եղել 1982-1990թթ։ Եղել է նաև ՀՅԴ արխիվի տնօրեն (1982-1988թթ) և «Արմինիան ռիվյու» (Armenian Review) պարբերականի խմբագիր (1983-1988թթ)։ 1991-1997թթ եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ապա՝ ավագ խորհրդական, իսկ 1993-94թթ՝ նաև նորանկախ հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ։ Դոկտոր Լիպարիտյանը մի շարք գրքերի և աշխատությունների հեղինակ է և խմբագիր, արդի հայոց պատմության և քաղաքականության մասին մեծաթիվ հրապարակումներ և դասախոսություններ է ունեցել տարբեր երկրներում։ Բնակվում է Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում և աշխատում է «Հակամարտության անատոմիա. Լեռնային Ղարաբաղը և նոր աշխարհակարգը» գրքի և այլ նախագծերի վրա։