Բաժիններ՝

«Մեկ շաբաթվա ընթացքում պետական պատվերի և պետական աջակցությամբ վճարված բոլոր անձանց և ընկերությունների ցուցակները կհրապարակվեն». Արմեն Մարտիրոսյան

Մայիսի 26-ին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել գրահրատարակչական ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրներ, բարձրացվել հարցեր և առաջարկվել դրանց լուծման հնարավոր ուղիները: Հանդիպման մանրամասների մասին 168.am-ը զրուցել է «Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, ոլորտի առնչությամբ ի՞նչ հիմնական հարցեր են եղել նախարարի հետ հանդիպման օրակարգում:

– Երբ ինձ հրավիրեցին, օրակարգի վերաբերյալ որևէ հստակ բան չասվեց: Ասացին միայն, որ նախարարը ցանկանում է հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ոլորտի խնդիրները, և այլն: Մինչ այդ մենք հրատարակիչներով մի քանի հարց էինք ուղարկել, որպեսզի դրանք մտնեն Կառավարության այն ծրագրի մեջ, որը պատրաստվում է ներկայացվել Ազգային ժողով:

– Որո՞նք էին այդ հարցերը:

Կարդացեք նաև

– Գրադարանների համալրումը և գրադարանների վերափոխումը մեդիա կենտրոնների, որպեսզի գիրքը լինի ոչ միայն թղթի ձևով, այլև վիդեո, աուդիո, ինտերնետ տարբերակներով և գրքի բոլոր այն հնարավոր տրանսֆորմացիաների տեսքով, որով հնարավոր կլինի ցանկացած պահին և ցանկացած տեղում գիրքը ծառայեցնել իր նպատակներին:

Մեր բարձրացրած հարցերի մեջ էր նաև ընթերցանության ակտիվացմանն ուղղված տարբեր տիպի միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև արդեն եղած միջոցառումների շարունակելիության ապահովումը, ինչպիսին է, օրինակ, «Անտարեսի» նախաձեռնությամբ դպրոցներում անցկացվող ընթերցանության օլիմիպիադան, և այլն: Մի խոսքով, շատ ու շատ նման ծրագրեր առաջարկեցինք նախարարին, որոնք հիմնականում վերջին 20 տարիների ընթացքում մերժվում էին նախորդ իշխանությունների կողմից:

– Ի՞նչ արձագանք ստացան բարձրացված հարցերը նոր նախարարի կողմից:

– Այս հանդիպումից անմիջապես հետո, եթե նկատել եք, նոր նախարարը հեքիաթ է կարդում փոքրիկ երեխայի համար: Սա ևս այդ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկված ծրագրերից մեկն էր, որը միանգամից կյանքի կոչվեց ֆլեշմոբի միջոցով: Լավ կլիներ, որ ամեն ամիս որևէ մի պաշտոնյա անընդհատ հիշեցներ, որ բալիկների համար պետք է հեքիաթ կարդալ:

– Տարբեր տարիներին և տարբեր առիթներով շատ անգամներ է բարձրացվել գրքի հարկման մասին օրենքի փոփոխության հարցը: Նախարարի հետ հանդիպման ընթացքում խոսվե՞ց այդ մասին:

– Այո, 20 տոկոս կազմող ԱԱՀ-ի գրքի վրայից պետք է դուրս գա կամ գոնե նվազեցվի: մենք ցանկանում ենք, որպեսզի իշխանությունը ցույց տա, որ գրքի լույսն ավելի ազդեցիկ է, քան մոմի լույսը: Չգիտեմ՝ գիտե՞ք, թե՞ ոչ, բայց եկեղեցում վաճառվող մոմի վրա ԱԱՀ չի գործում, իսկ ինչո՞ւ համար պետք է մոմի վրա լինի: Եկեղեցին առհասարակ ԱԱՀ-ից ազատված է: Ի՞նչ պակաս եկեղեցի է գիրքը:

– Ի՞նչ լուծում տրվեց այս խնդրին:

– Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ տասնօրյա ժամկետում ներկայացվի մեր առաջարկները,. բայց քանի որ վերջին 20 տարիների ընթացքում մենք ամենօրյա ռեժիմով այդ առաջարկությունը վեր էինք հանում, դա մեզ մոտ վաղուց արդեն պատրաստ է: Բացի թվարկածներից՝ հարց բարձրացվեց նաև այն մասին, թե ինչո՞ւ է իշխանությունն անընդհատ այս կամ այն կերպ վճարում միջին գրողին՝ պետպատվերի շրջանակներում տպագրելով նրա գրքերը, և այլն:

Բոլոր այն երկրներում, որտեղ իշխանությունը հզոր է, նման երևույթ ուղղակի գոյություն չունի: Այստեղ էլ նախարարի հետ հանդիպման եկած հրատարակիչների մի մասն էլ եկել էին նախարարի մոտ նույն մեսիջներով՝ մեզ փող չե՞ք տա, թե չէ մեր հրատարակչությունը կփակվի, և այլն:

– Ինչպե՞ս նախարարն արձագանքեց նման մոտեցումներին:

– Երբ 20-րդ դարի վերջին դու արտադրում ես սև-սպիտակ հեռուստացույց և բողոքում ես իշխանություններին, թե իրեն փող չտալու դեպքում գործը կփակվի, ապա այս դեպքում նրանց հորդորեցին լինել ժամանակակից, ներդրումներ անել, բանկից վարկ վերցնել, խրախուսել, որ ընթերցանության մակարդակը բարձրացվի, և մեկ էլ կնկատես, որ գործդ տեղից առաջ է շարժվում: Ամենապայծառագույն հատկանիշը, որ ցուցաբերեց նախարարը, այն էր, որ հասկացրեց՝ էս ինչե՞ր եք եկել ինձ պատմում…

Դուք եկեք ինձ պատմեք այնպիսի խնդիրների մասին, որոնք օգուտ են տալու ընդհանուր գործի զարգացմանը: Նա հստակ հասկացնել տվեց, որ, եթե դուք եկել ու փորձում եք ձեր յարան սաղացնեք, ապա բյուջեն այդքան գումար չունի ձեր յարաների ծախսերը հոգալու համար, գնացեք բանկից ուզեք այդ գումարները: Նա հաստատեց, որ, եթե ունեք այնպիսի մտքեր, որոնցով Հայաստանը թռիչքային զարգացում կապահովի ոլորտի զարգացման, ընթերցանության բարձրացման և այլ խնդիրների վերաբերյալ, ապա անվարան կարող եք դիմել նախարարության օգնությանը:

Մի բան էլ որ ինձ շատ դուր եկավ՝ նախարարը հասկացրեց, որ չի լինելու իր հետ առանձին կամ թաքուն հանդիպումներ, դրանք լինելու են բաց և թափանցիկ՝ հասարակության համար: Որոշ հրատարակիչներ բողոքեցին այն մասին, որ որոշ հրատարակիչներ պետությունից մեծ թվով գումարներ են ստացել, և մենք պնդեցինք, որպեսզի բոլոր տարիների այդ ցուցակներն ամբողջությամբ հրատարակվեն:

Մեկ շաբաթվա ընթացքում պետական պատվերի և պետական աջակցությամբ վճարված բոլոր անձանց և ընկերությունների ցուցակները հրապարակվեն, որպեսզի ժողովուրդը իմանա այն հրատարակիչներին, որոնք տիզի նման միայն քաշել են պետությունից: Պետք է հրապարակվի նաև ամսագրերի ցուցակները, որովհետև եղել են ամսագրեր, որոնք պետությունից մինչև 20-30 մլն դրամ գումար են ստացել, հիմա պետք է հասկանալ, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները:

Քննարկվեց նաև այն, որ երկար տարիների ընթացքում Մշակույթի նախարարության տարբեր չինովնիկներ բացում էին հրատարակչական բնույթի ձեռնարկություններ, և դրանք ստանում էին պետական մեծ մենաշնորհներ: Հիմա մեկ շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի այդ չինովնիկներն ինքնակամ ներկայանան և բացահայտվեն, որից հետո պարզ կլինի՝ ինչ կարվի այդ պարագայում, իսկ եթե նրանք ինքնակամ չներկայանան, ապա համապատասխան մարմինների կողմից կբացահայտվեն և ստիպված կլինեն փոխհատուցել մեծ իմաստով գրպանած գումարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս