Բաժիններ՝

«Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք». ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստանում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին վրացահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի: Ողջունելով ներկաներին՝ Արմեն Սարգսյանը վստահեցրել է՝ Վրաստանի հայությունը մշտապես գտնվելու է ՀՀ իշխանությունների ուշադրության ներքո:

«Չեմ մոռանա այն ջերմությունը և սերը, որ տեսնում եմ ձեր աչքերում: Այսօր, որպես նախագահ, առաջին անգամ եմ այստեղ, սակայն այս այցը վերջինը չի լինելու, հաճախ եք ինձ տեսնելու և ձեզանից շատերը հաճախ Երևանում իմ հյուրն են լինելու: Նման տաճարում սկսում ես մտածել մեր հոգևոր ուժի, հայոց ոգու անմահության մասին: Դարերով մենք ապրել ենք մեր հայրենիքից հեռու, չունենալով մեր պետականությունը, երազել ենք դրա մասին: Սակայն դարերով պահպանել ենք մեր մշակույթը, հայ կրոնը, հայ երեխայի կրթությունը: Պահպանել ենք այսօրվա համար: Աստված մեզ ուղղորդել է դեպի ազատ ու անկախ հայրենիք»,- ասաց նախագահը՝ փաստելով՝ այսօր ունենք իրոք ազատ հայրենիք: Այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, ըստ Արմեն Սարգսյանի, դարերից եկած ու դարերի ընթացքում մեր մեջ հավաքված ոգու ու մշակույթի պոռթկումն է:

«Մեզանից յուրաքանչյուրը կրկին իրեն հայ է զգում: Հայ, ով հպարտ է իր ազգությամբ, հայ, ով հպարտ է, որ հայ է: Մենք փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ ենք: Համաշխարհային մեր ոգով, մեր մշակույթով ու այն ազդեցությամբ, որ թողնում ենք աշխարհում: Աշխարհին ցույց տվեցինք, որ այն եզակիներից ենք, որ մեր երկրում կարող ենք հսկայական փոփոխություն իրականացնել առանց մեկ կաթիլ հայի արյուն թափելու: Իսկ ապրիլի 24-ին մի կողմ թողեցինք մեր բողոքն ու հակասությունները, միասնաբար գնացինք Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հիմա եկել է ժամանակը, որ մենք կառուցենք այն հայրենիքը, որին մենք արժանի ենք»,- հավելեց նախագահը:

Նա ընդգծեց՝ վրացահայերը, դարերով ապրելով Վրաստանում,մեծապես նպաստել են հայկական մշակույթի զարգացմանը:

«Թբիլիսիում ծնվել ու ապրում է մեր մշակույթի ահռելի մի շերտ, բավական է միայն անունները տալ: Այն մեծ ներդրումը, որ Վրաստանի հայությունն ունեցել է մեր մշակույթում ու կրթության ոլորտում, սա մեր բոլորի պարծանքն է»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս