«Արտահերթ ընտրությունները կկայանան հենց այն ժամկետներում, որ նշվում է գործող վարչապետի կողմից». Էդգար Վարդանյան
«Ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններ պետք են: Ազգային ժողովը չի արտացոլում ժամանակակից իրողությունները, Հայաստանում հաստատված քաղաքական իրավիճակը, մթնոլորտը, և ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների պարագայում ԱԺ-ն կդառնա իրական ներկայացուցչական մարմին և կարտացոլի հանրության կամքը:
Ակնհայտ է նաև, որ այդ արտահերթ ընտրությունները կլինեն ազատ և արդար, ու ակնհայտ է, որ այդ դեպքում այդ տեսակ ընտրությունները կճանաչվեն ՀՀ հանրության, միջազգային հանրության կողմից, և դա հիմքեր կստեղծի, որ հանրությունն ավելի հաստատակամ կերպով կարողանա առաջ գնալ ժողովրդավարական հեղափոխության ուղիով և հեղափոխության երկրորդ փուլն ավարտին հասցնելու ուղիով, և մյուս կողմից էլ՝ այն ավելի լուրջ և լայն հնարավորություններ կստեղծի միջազգային հանրության կողմից տարատեսակ աջակցություն ստանալու համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը` մեկնաբանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, և ՀՀԿ-ն կաջակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր ազգանպաստ ծրագրերին:
Ըստ նրա` պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ն, այսօր կորցնելով իր հենարանը և, ըստ էության, լուրջ պարտություն կրելով՝ ունի ֆրակցիա, որն ունի զուտ մեխանիկական մեծամասնություն ԱԺ-ում:
Նրա խոսքով` դա, բնականաբար, մինչհեղափոխական վիճակի հետևանք է, և նրանք փորձելու են ժամանակ շահել, որպեսզի կարողանան որոշակիորեն լուծել իրենց անձնական բիզնես խնդիրները՝ օգտվել անձեռնմխելիությունից:
Քաղաքագետը նշեց, թե ՀՀԿ-ն շատ լավ հասկանում է, որ ընտրությունների արդյունքում չի կարող ակնկալել իր համար որևէ դրական արդյունք, նույնիսկ չի կարողանալու հաղթահարել 5%-անոց շեմը.
«Բնականաբար, այդ պատճառով էլ փորձելու են ձգձգել իրենց ներկայիս կացությունը: Բայց ես կարծում եմ, որ նրանց չի հաջողվելու դա անել, և արտահերթ ընտրությունները կկայանան, ամենայն հավանականությամբ, հենց այն ժամկետներում, որ նշվում է գործող վարչապետի կողմից»: