Բաժիններ՝

«Կարող եմ երաշխավորել, որ մենք չենք պատրաստվում այդ որոշումը որևէ ձևով վնասել». Նիկոլ Փաշինյան

Այսօր Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ մշակույթի գործիչների հետ: Հանդիպման ընթացքում ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց հուզող հարցերն էին ուղղում վարչապետին: Բեմադրիչ և դերասան Վիգեն Չալդրանյանը վարչապետից հետաքրքրվեց.

«Մշակույթի կապիտալիզացիան, որ մշակույթի նախորդ նախարարի ձևակերպումներից մեկն էր, գուցե լավ էր, բայց իր մեջ վտանգ պարունակող մի բան էր: Դա ինձ հիշեցնում էր Օսկար Ուայլդի խոսքերը, ով ասում էր՝ «Ցինիկը նա է, ով ամեն ինչի գինը գիտի, բայց տեղյակ չէ արժեքներից»: Իսկապես բոլորիս մոտ կա այդ մտավախությունը, և մենք հիմա հրճվանքով լսում ենք, թե ինչ վերաբերմունք ունեք դուք մշակույթին:

Եթե շատ պարզունակ ձևակերպեմ՝ պետական այրերը պետք է սիրեն մշակույթը և աջակցեն մշակույթին, որովհետև երկու տեսակի մշակույթ կա՝ մշակույթ, որը սպասարկում է սպառողի ցածր ճաշակը, և մշակույթ, որը տանում է ժողովրդին իր հետևից դեպի լույսը, դաստիարակում է և բարձրացնում է ճաշակը:

Ես այսօր, որպես պատգամավոր մի կոլեկտիվի, պարտավոր եմ շատ կարևոր հարց տալ. ես Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ, և արդեն 27 տարի է, որ սա միակ թատրոնն է, որը հանրապետության տարածքում չունի շենք: Անցյալ տարի հարցը մասնակի լուծում ստացավ, և հիմա բոլորի մոտ մտավախություն կա՝ հանկարծ չկասեցվի այդ գործընթացը»:

Պատասխանելով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց.

«Կարող եմ երաշխավորել, որ մենք չենք պատրաստվում այդ որոշումը որևէ ձևով վնասել: Սակայն ընդհանուր համատեքստում ուզում եմ ասել, եթե մենք ունենք մի հանրություն, որն առավելապես թատրոն չի հաճախում, ապա մեզ եղած թատրոններն էլ են շատ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս