«Սփյուռքը միայն նրա համար է, որ դրսից գումարներ ուղարկի և ներսում որևէ իրավունքներ չունենա՞. կարծում եմ՝ դա բացարձակապես սխալ է». Արմեն Սարգսյան

 Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընդմիջմանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

Ո՞րն է եղել ամենամեծ ներդրումը, որ նախագահ Արմեն Սարգսյանը երբևէ կատարել է Հայաստան Համահայկական հիմնադրամին: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ա. Սարգսյանը պատասխանել է.

«Չգիտեմ՝ տեղյա՞կ եք, թե՞ ոչ, ես անձամբ հիմնադրամին ներդրում չեմ արել, բայց մեր ընտանիքն ունի բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնց միջոցով նվիրատվություններ եղել են: Երկար տարիներ գործում էր եվրասիական մի բարեգործական կազմակերպություն, որը մի նպատակ ուներ՝ աջակցել երիտասարդներին արտերկրում կրթություն ստանալու համար, և մոտ 300 ուսանողներ օգտվել են այդ ծրագրից: Կա ծրագիր, որ կոչվում է «Երևան, իմ սեր», որի նախաձեռնողը նույնպես մեր ընտանիքն է, այնպես որ, շատ են եղել նման դեպքերը»:

Պատասխանելով նկատառմանը, թե Սփյուռքը դիտարկվում է բացառապես՝ որպես փողի աղբյուր, Արմեն Սարգսյանը նշել է.

«Իհարկե, ես նույնպես նման մտահոգություն ունեմ: Եթե մենք խոսում ենք ազգային միասնության մասին, հատկապես, որ սա փոքր երկիր է, բայց աշխարհում հսկայական մի ազգ կա, ու գոյություն ունի համազգային շարժում, ինչին մենք ականատես եղանք երկրում կատարվող վերջին իրադարձությունների ֆոնին, հիմա հարց է ծագում՝ Սփյուռքը միայն նրա համար է, որ դրսից գումարներ ուղարկի և ներսում որևէ իրավունքներ չունենա՞, ես կարծում եմ, որ դա բացարձակապես սխալ է:

Մեր ցանկացած հայրենակից, որ ապրում է Սփյուռքում, բայց ունի հայկական անձնագիր և կրում է Հայաստանի քաղաքացիությունը, պետք է իր հստակ պարտականություններն ու իրավունքներն ունենա: Գուցե մեկ օր մենք հասնենք նրան, որ Սփյուռքում ապրող մեր քաղաքացիները իրավունք ունենան մասնակցելու նաև ընտրությանը: Դուք էլ գիտեք, որ մենք այսօր հսկայական խնդիրներ ունենք Սփյուռքի հետ կապված:

Սփյուռքում ապրող ցանկացած մեկը, ով իր ոլորտի բարձրակարգ մասնագետն է և ցանկանում է գալ կամ ԱԺ անդամ դառնալ, նա չի կարող: Դրա համար նա պետք է գա և վերջին մի քանի տարին ապրի Հայաստանում: Աշխարհում կան շատ երկրներ, որտեղ այս համակարգը չի աշխատում:

Այո, ես նկատում եմ հիասթափություն, անտարբերություն և ջղայնություն, բայց ես այստեղ մեղադրական ճառի համար չեմ, այլ ճիշտ և ազնիվ ձևով Սփյուռքին ներգրավելու գործի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս