Բաժիններ՝

Նիդեռլանդները որոշեց Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել MH17-ի կործանման համար

Ավստրալիան եւ Նիդեռլանդները պաշտոնապես հայտարարել են 2014 թվականին մալայզիական «Բոինգ»-ի կործանման համար Ռուսաստանի պատասխանատվության մասին: Այդ մասին մայիսի 25-ին հայտնել է BBC-ն: Երկու կողմի դիրքորոշումն արտահայտված է Նիդեռլանդների կառավարության հայտարարության մեջ:

«Հիմնվելով (կործանման հետաքննության միջազգային խմբի) եզրակացությունների վրա՝ Ավստրալիան եւ Նիդեռլանդները համոզվել են այն բանում, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում «Բուկ» զենիթահրթիռային համալիրի տեղակայման համար, որով խոցվել է MH17-ը»,-հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Շտեֆ Բլոկը: Նիդեռլանդների կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին, նշում է BBC-ն:

Ավելի վաղ մայիսի 24-ին հետաքննիչների միջազգային խումբը հայտարարել էր, որ 2014 թվականի հուլիսին Դոնեցկի մարզում քաղաքացիական «Բոինգ»-ի վրա հրթիռն արձակվել է Կուրսկի զորամասից: Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ-777»-ը, որը կատարում էր Ամստերդամ (Նիդեռլանդներ)-Քուալա–Լումպուր (Մալայզիա) МН17 չվերթը, խոցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի մարզի երկնքում: Ինքնաթիռում գտնվում էր 298 մարդ: Նրանք բոլորը զոհվել են:

Կրեմլում կտրականապես ժխտում են Ռուսաստանի մասնակցությունը MH17-ի կործանմանը: Ինչպես մայիսի 25-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը պատրաստ է ընդգրկվել համատեղ հետաքննչական խմբում:

«Հետաքննությունը, որը Նիդեռլանդներում անցկացվել է հետաքննչական խմբի կողմից, չէր ներառում ռուսական կողմը, թեեւ ուկրաինական կողմը ներկայացված էր: Չունենալով հետաքննչական այդ խմբի աշխատանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն՝ Ռուսաստանը չգիտի՝ ինչ չափով կարելի է վստահել այդ աշխատանքի արդյունքներին»,-ասել է Պեսկովը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս