Թրամփն ուզում է կրճատել այն երկրների հատկացումները, որոնք չեն աջակցում ԱՄՆ-ին
Այս մասին ելույթով նա հանդես է եկել Նյու Յորքում, շեշտելով, որ ֆինանսական հատկացումներից պիտի մասնակիորիեն կամ լիովին զրկվեն նրանք, որոնք բավարար աշխատանք չեն կատարում անօրինական փախստականների հոսքը դեպի ԱՄՆ կասեցնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփի կարծիքով, ամեն մի անօրինական փախստականի դիմաց հարկավոր է կատարել կրճատումներ:
«Պետք է կազմել մի ծրագիր, ըստ որի ամեն անգամ, երբ ինչ որ մեկն այստեղ է գալիս ինչ որ երկրից, մեր կողմից տվյալ երկրին տրամադրվող ֆինանսական հատկացումները կրում են մեծ կրճատումներ»:
‘’Մենք չենք կարող որեւէ երկրի հենց այնպես տրամադրել ֆինանսական հատկացումներ’’, ասել է Թրամփը, ավելացնելով, թե ինքը չի հավատում, որ անօրինական ներգաղթի հոսքը կասեցնելու հարցում բոլոր երկրներն աջակցում են ԱՄՆ-ին:
Թրամփը, որն իր նկատառումները ներկայացրել է Նյու Յորքի Լոնգ Այլընդ թաղամասի ներքին գործերի բաժանմունքում, իր խոսքում չի նշել որեւէ երկրի անուն: Ի դեպ, հենց այստեղ էր անցած երկու օրերի ընթացքում ըստ կասկածների MS-13 անվանումը կրող ավազակախմբի կողմից իրականացվել 25 սպանություն:
Հավաքվածները հավանություն են տվել սպանությունների առնչությամբ Թրամփի մեկնաբանություններին, որն այս ավազակախմբի անդամներին ‘’անասուններ’’ էր անվանել:
Քննարկումների ժամանակ արծարծվել է նաեւ այն երեխաների հարցը, որոնք կալանավորվել են Միացյալ Նահանգներ անօրինական եղանակով մուտք գործելու համար:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնը բացատրել է, որ ըստ օրենքի, առանց մեծահասակների ուղեկցության այստեղ ժամանած անչափահասները, եթե նրանք նույնիսկ ավազակախմբի անդամներ են, պետք է կանգնեն դաշնային դատարանի առջեւ, եւ չեն կարող հապճեպ արտաքսվել: